Tracy is a crazy girl

Tracy is a crazy girl

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսին հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի կապակցությամբ մի շատ անհաջող հայտարարություն էր արել, որն անմիջապես արժանացավ հայ ժողովրդի, մեղմ ասած, ուշադրությանը: Դա նույնիսկ ուշադրություն էլ չէր, այլ վրդովմունք՝ համեմված բազմապիսի «հիշեցումներով»: Տիկին Թրեյսին հարցազրույց էր տվել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը եւ կարող էր, իհարկե, պետական մտածելակերպին առավել հարիր արտահայտություններ գտնել, բայց, ինչպես ասում են, դիվանագիտական հարաբերությունների հոբելյանը՝ հոբելյան, իսկ այդ հարաբերությունների նշաձողը պետք է միշտ պահել օրվա կուրսին հավասար:

Ի՞նչ էր ասել սույն անդրծովյան տիկինը. այս մասին կխոսենք քիչ հետո, իսկ առայժմ՝ մի հարց մեր թարգմանիչներին․ տղերք, «շարժընթաց»-ն ի՞նչ է: Շատ փնտրեցի այդ բառը, եւ գիտե՞ք, թե որտեղ գտա… Հայաստանի Հանրապետության դատախազության պաշտոնական կայքի հրապարակումներից մեկի վերնագրում. «Հանցավորության շարժընթացը 2017 թվականին»: Փաստորեն, կա այդպիսի բառ, փաստորեն, ինչ-որ բան նշանակում է, եւ ամենակարեւորը՝ կարող են լինել դրական եւ բացասական շարժընթացներ: Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է՝ սա «դինամիկա» բառն է, որ մեծ չարչարանքով փորձել են տեղավորել ոչինչ չասող կամ, ավելի ճիշտ՝ միմյանց կրկնող երկու բառերի անիմաստ համադրության մեջ: Իսկ ի՞նչ կասեք «շարժման շարժընթաց» արտահայտության մասին՝ դրական կամ բացասական՝ էական չէ… Սիրում եմ հայերենի ֆանատներին…

Դե, իսկ ԱՄՆ դեսպանը, ոգեւորված պահի հոբելյանականությունից, ասել էր. «Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգործակցությունը եւ շարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա դրական շարժընթաց նախանշել»: Տիկին Թրեյսին, սակայն, դիվանագիտական ռեւերանսների բաժինն այսքանով ավարտված է համարել ու անցել իր բուն ասելիքին, որն ամենեւին էլ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների զարգացման դրական շարժընթացի մասին չէ: Ես կասեի՝ նրա հայտարարությունը, ինչպես բոլոր չարաճճի աղջիկների հայտարարությունները, ինձ հիշեցեց «բալիկ ջան, հայրիկի՞ն ես ավելի շատ սիրում, թե՞ մայրիկին» ավանդական հարցի մի յուրահատուկ պատասխան:

Պարզվեց՝ տիկինն ավելի շատ սիրում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը: Ես հարգանքով եմ վերաբերվում տիկին Թրեյսիի այդ կարծիքին, բայց այլեւս չեմ կարող լրջորեն վերաբերվել նրա ներկայացրած երկրին որպես մի բաստիոնի, որից կարելի է արտաքին դիվանագիտություն ակնկալել: Թրեյսիի խոսքն է. «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Համաձայնեք, որ ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն ուղղակի անտեսել է հյուրընկալ երկրի ազգաբնակչության մի հսկա հատվածի շահերը, որը 2018թ. թավշյա ճանապարհ չի ընտրել, իսկ 2021թ. արտահերթ ընտրությունների անցկացմանն էլ հասել է այդ նույն իշխանությունների դեմ պայքարի շնորհիվ:

Իսկ կարո՞ղ էր տիկին դեսպանն այս ամենը չասել հենց հիմա, երբ հայ ժողովուրդն ուղղակի կենաց-մահու պայքար է մղում 2018թ․ եւ 2021 թվականներին իրեն պարտադրված խայտառակ իշխանություններից ազատագրվելու համար: Կարող էր, իհարկե, կարող էր ասել, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին եւ կհարգի այն որոշումը, որ կկայացնի հայ ժողովուրդն իր ապագայի ընտրության հարցում: Բայց միջազգային դիվանագիտության այդ դասից տիկին դեսպանը, ավաղ, բացակայել է: Եվ ինչո՞ւ միայն դեսպան Թրեյսին: Իսկ ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ի՞նչ էր ասել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ եւս մեկ կարեւոր տիկին պետդեպից: Ոչ մի կասկած չկա, որ նա մեր արտգործնախարարի ականջը շոյել է նույն բառերով՝ նույն հանձնառությամբ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական կուրսի այսօրվա ցուցիչն է:

Որոշ վերլուծաբաններ նկատում են, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ «հետաքրքրությունների» աճը մեծապես պայմանավորված է Ուկրաինայում ռուսների հաջողություններով: Ամերիկացիները չկարողացան պահել Մարիուպոլը, «Ազովստալը» հանձնելուն այլընտրանք չկար, վտանգ կա, որ ռուսներին հանձնված գերիների մեջ կհայտնաբերվեն ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից գործուղված «մասնագետներ»: Եվ, ահա, ասում են վերլուծաբանները, ԱՄՆ-ն փորձում է առաջիկա միջազգային սկանդալի աղմուկը խլացնել Հարավային Կովկասում հակառուսական նոր պլացդարմի ստեղծումով՝ ի դեմս Հայաստանի: Եվ, ուրեմն, տիկին դեսպանի խոսքը թարգմանել այլ կերպ, քան «Նիկոլ, ԱՄՆ-ն հանձնառու է պաշտպանել քեզ, տղա ջան, դուխով», հնարավոր չէ:

ՀԳ. Ավելորդ չենք համարում տիկին Թրեյսիին հիշեցնել, որ մի «crazy girl» էլ մենք ունենք ԱՄՆ-ում, որի պարտականությունների մեջ է մտնում՝ հետեւել, որ այդ երկիրը Հայաստանի ու հայ ժողովրդի մասին չանի հայտարարություններ, որոնք կնպաստեն երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բացասական շարժընթացին: Հայ ժողովուրդը ոտքի է կանգնել իր երկիրը փրկելու, իր պետականությունը բզկտումից զերծ պահելու, ապրելու եւ արարելու իր որոշումը կյանքի կոչելու: Ու սրա հետ պետք է հաշվի նստեն բոլորը՝ թե՛ Հայաստանի դաշնակիցները եւ թե՛ Հայաստանի կարեւոր գործընկերները, որոնցից մեկն էլ, անշուշտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: