«Հրապարակ». Մենք ընդամենը 125 հազար ենք ստանում

Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանի հետ:
- Վերջին տարիներին բոլոր թատրոններում խառնաշփոթ է: Իշխանությունը թատրոններ է փակում, օպտիմալացնում, տնօրեններ նշանակում, դժգոհության ալիք է բարձրանում, տպավորություն է, որ մեր երկրին թատրոններ հարկավոր չեն: Սա ճի՞շտ մոտեցում է:
- Շատ սխալ մոտեցում ու վատ նախադեպ է: Երբեք չի կարելի թատրոն փակել, ինչ վերաբերում է տնօրեններ նշանակելուն, ապա միշտ պետք է բանիմաց մարդկանց վստահել թատրոնների կառավարումը, այլ ոչ թե պատահական, ում ուզում են, ում հարմար են գտնում…. ինչ ուզում, անում են: Վատ է, շատ վատ է:
- Իսկ թատրոնների վիճակն ինչպե՞ս է: Դուք երկար տարիներ աշխատում եք թատրոնում:
- Ամեն ինչ շատ է փոխվել: Յուրաքանչյուր թատրոն ժամանակի արդյունքն է: Թատրոնը չէր կարող անմասն մնալ: Այժմ ամեն մեկը մի քանի հոգի հավաքում է, խաղում են, կոմերցիոն ներկայացումներ են բավականին շատ պատրաստում, իսկ դա նշանակում է, որ թատրոնները չեն բավարարում…. վատ է, որ կոմերցիոն ներկայացումներն այսքան շատ են: Ինչ-որ բացօթյա ներկայացումներ են խաղում, մարդիկ գնում են, եւ դա նշանակում է, որ մարդկանց պահանջները փոխվել են, դասական թատրոններն այլեւս չեն բավարարում նրանց: Ես նայել եմ մի քանի նոր ներկայացումներ, կան նաեւ լավ գործեր, չգիտեմ, բարդ հարցեր են….
- Իսկ Սունդուկյան թատրոնի հանդիսատեսի քանակը մե՞ծ է:
- Այո, մեզ մոտ միշտ դահլիճները լիքն են, չենք դժգոհում, հանդիսատեսը բավականին շատ է մեզ սիրում:
- Ինչո՞վ է պայմանավորված, որ Սունդուկյան շատ են գալիս:
- Ոչ միայն Սունդուկյան, ամեն տեղ էլ գնում են, եթե լավ ներկայացում են բեմադրում: Իրականում` մեր ժողովուրդը, համենայնդեպս` արվեստով հետաքրքրված մասսան, շատ լավ տարբերում է լավն ու վատը, եթե լավ ներկայացում է լինում, դահլիճները լիքն են լինում, բայց եթե չեն հավանում, տարածվում է, որ տվյալ ներկայացումն այնքան էլ հաջող չէ, ու մարդիկ այդպես էլ չեն գնում այն դիտելու: Ամբողջ երկիրն իրար է խառնված, մանավանդ, որ թատրոններին ուշադրություն չեն դարձնում, թատրոնը ստիպված ամեն ինչի համաձայնում է, աշխատավարձերը շատ ցածր են, ոչ մեկը չի կարող թատրոնի աշխատավարձով ապրել:
- Որքա՞ն է Սունդուկյան թատրոնում դերասանի աշխատավարձը:
- Վաստակավորի կոչում ունեցողները ստանում են 170 հազար դրամ, որից 45 հազար պահում է արվում, ստանում ենք 125 հազար, պատկերացնո՞ւմ եք:
- Իսկ վաստակավորի կոչում չունեցողները որքա՞ն են ստանում:
- Նրանք էլ ստանում են 80-90 հազար դրամ:
- Վերջին անգամ ե՞րբ է թատրոնի դերասանի աշխատավարձը բարձրացել:
- Շատ վաղուց, անհիշելի ժամանակներից: Պատանի հանդիսատեսի թատրոնը 3 ամիս շարունակ աշխատավարձ չէր ստանում: Հայաստանում միայն պատգամավորներն ու դատավորներն են բարձր աշխատավարձ ստանում, դերասանը ստանում է կոպեկներ, եւ ոչ միայն դերասանը, նաեւ ուսուցիչները, բժիշկները, ոչ մեկի աշխատավարձն էլ չի բարձրանում: Մարդիկ գնում են՝ 10 տարի բժշկականում սովորում են, բժիշկ են դառնում, չնչին աշխատավարձեր են ստանում: Ուսուցիչներին էլ ասում են` ատեստավորվեք, որ բարձր աշխատավարձ ստանաք, բայց ես ոչ մի բարձր աշխատավարձով աշխատող ուսուցչի չեմ ճանաչում: Մի առիթով մի բժիշկ ինձ պատմեց, որ նախարարին հարցրել է` ինչո՞ւ աշխատավարձ չեք բարձրացնում, պատասխանել է` ժողովուրդը ձեզ կպահի, բայց ժողովուրդը պիտի հնարավորություն, փող ունենա, որ պահի:
Կարծիքներ