Թե բա՝ ակնառու

Թե բա՝ ակնառու

Հայրենիքի փրկության շարժման ձեւավորումից ի վեր ՀՀ իշխանություններն ստացան իրենց համար հերթական տհաճ լուրը՝ հանդիպել են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, շարժման առաջատար ուժերի ներկայացուցիչները եւ շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ի՞նչ կնշանակի այդ հանդիպումը՝ հարց են տալիս իշխանական վերլուծաբաններն ու ընկնում, կարելի է ասել, «պեչենու բաղերը»: Նրանցից մեկը՝ մի «սրատես» վերլուծաբան, օրինակ, գրում է. «Ակնառու է, որ այդ շրջանակում կամ, այսպես ասած, նախկին կառավարող համակարգը ներառող շրջանակում Ռոբերտ Քոչարյանն առաջատարի դիրքում է գրեթե բոլոր առումներով: Երբ երկրորդ նախագահը հայտարարում է, թե իր թիմով կմասնակցի ընտրությանն ու «կկրի»՝ կհաղթի, նա առաջին հերթին նկատի ունի հենց ՀՓՇ խմբավորման մյուս ուժերի հանդեպ ունեցած առավելությունը: Նրանք կա՛մ ստիպված են լինելու հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կամքի ներքո, կա՛մ հայտնվել նրա դեմ, որտեղ նրանց ձախողումը երաշխավորված է:

Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն առնվազն կամրագրի խորհրդարանի երկրորդ ուժի միանձնյա տեղը՝ հետագայում այն ամրացնելու եւ, այսպես ասած, բյուրեղացնելու ակնկալիքով»: Փաստորեն, այս տողերի հեղինակի համար «ակնառու է», որ Ռոբերտ Քոչարյանը գալիս է «կրելու» եւ խորհրդարանում երկրորդ ուժի տեղը գրավելու:

Մի անհամեստ հարց տամ, եթե կարելի է՝ իսկ ո՞ր ուժն է գրավելու առաջին տեղը, չլինի՞ «Քաղպայմանագիրը» կամ այդ կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի շուրջ «իմքայլության» օրինակով ձեւավորված որեւէ դաշինք: Ես, օրինակ, չէի համարձակվի իշխանափոխությունից հինգ պակաս այսպիսի համարձակ մտքեր արտահայտել, մանավանդ երբ տակավին պարզ չէ, թե ինչ ճանապարհով է հեռանալու գործող իշխանությունը՝ ինքնակա՞մ, ուժո՞վ, թե՞ մի ձեւական միջոցառման արդյունքում, որի անունը հետագայում կդնեն ընտրություն:

Տեսողության խնդիր չունեցող վերլուծաբանը շարունակում է. «Ակնառու է Ռոբերտ Քոչարյանի եւ Հայրենիքի փրկության շարժում խմբավորման տարակարծության առնվազն մեկ լուրջ դրվագ, գոնե՝ առայժմ: Խոսքը հենց արտահերթ ընտրության հարցում վերաբերմունքի մասին է: Խմբավորումը դրել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականի միարժեք պահանջ եւ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձեւավորման խնդիր: Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, հայտարարել է այդ տարբերակից հրաժարվելու մասին՝ ասելով, թե պետք է մասնակցել այս կառավարության կազմակերպած ընտրությանը»:

Անձամբ ես կարծում եմ, որ խնդրո առարկա հանդիպման մեջ ակնառու ոչինչ չկա: Դա եղել է մի հանդիպում, որին իշխանություններից ոչ ոք չի մասնակցել, եւ որի մասին տրվել է այնքան «սեղմ» տեղեկատվություն, որ մեր ծանոթ վերլուծաբանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող այսպիսի «ակնառու» բաներ գրել: Եվ բնական է, որ այս պայմաններում վերջինիս վերլուծությունը պետք է լիներ անչափ ծիծաղելի՝ շաղախված ստի ու կեղծիքի մեծ չափաբաժնով: Եվ այսպես՝ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ասել, որ ինքը կողմ է, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնի Նիկոլ Փաշինյանը: ՀՀ երկրորդ նախագահն իր հարցազրույցում հստակ նշել է, որ այդ ընտրությունները պետք է անցկացվեն հանդարտ պայմաններում, առանց ավելորդ լարվածության: Սա, անշուշտ, չի նշանակում, որ նա համաձայնել է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ արտահերթ ընտրությունների անցկացմանը, եւ մանավանդ չի նշանակում, որ մեծ երազանք ունի այդ ընտրություններում Նիկոլից հետո երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնելու:

Մյուս կողմից էլ, ի՞նչ իմանաս, Քոչարյանը, հանրության շրջանում հետպատերազմյան կրքերը հանդարտեցնելու եւ հերթական էյֆորիկ ընտրություններ չունենալու մասին խոսելով, նկատի չունի՞, արդյոք, որ դա պետք է արվի Փաշինյանին հեռացնելուց հետո՝ անցումային կամ ժամանակավոր կառավարության ուժերով, այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը: Ես կարծում եմ՝ պատահական չէ նաեւ այդ հանդիպման մասնակիցների մեջ Վազգեն Մանուկյանի անունն առանձին, որպես շարժման միասնական թեկնածուի՝ հիշատակելը:

Այնպես որ, չշտապենք ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների, շարժման առաջատար ուժերի ներկայացուցիչների եւ շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումից հետեւություններ անել ու դրանք ներկայացնել որպես «ակնառու» ճշմարտություններ: Ես կառաջարկեի դեռ մի փոքր էլ սպասել: Սպասել այն հույսով, որ այս հանդիպումից հետո ընդդիմությունը ստիպված չի լինի գնալ ՀՀ գործող իշխանություններին Հայաստանի քաղաքական քարտեզի վրայից ջնջելու կտրուկ քայլերի:

Մենք այսօր էլ փողոցում բազմաթիվ կոչեր ենք լսում՝ բերման ենթարկել դատախազին եւ նրան ստիպել, որ Նիկոլին ձերբակալելու սանկցիա տա, մտնենք կառավարության շենք եւ Նիկոլին դուրս նետենք պատուհանից, ծեծենք քայլիստական պատգամավորներին եւ այլն: Հուսանք, որ բանը սրան չի հասնի, եւ Փաշինյանը հրաժարական կտա սեփական նախաձեռնությամբ, իսկ խորհրդարանը վարչապետ կընտրի ընդդիմության միասնական թեկնածուին, որն էլ կկազմակերպի թե՛ անցումային կառավարության ձեւավորումը, թե՛ հասարակության ներսում լարվածության թուլացումը եւ թե՛ արտահերթ ընտրությունները, որոնց ինքը չի մասնակցի՝ հանդես գալով արբիտրի կարգավիճակով:

Կուզենա՞ն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մասնակցել այդ ընտրություններին, խնդրեմ, բայց խորհուրդ չէի տա: Բանն այն է, որ նույնիսկ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ընտրություններ կազմակերպել եւ մասնակցել դրանց: Ընտրությունը, ի վերջո, ենթադրում է նաեւ նախընտրական քարոզչության փուլ, որ Փաշինյանի համար անհաղթահարելի դժվարություն է, եթե հաշվի առնենք հանրապետությունում եւ անգամ մայրաքաղաք Երեւանում տեղաշարժման հետ կապված նրա ունեցած խնդիրները: