Վարչապետին ու իր ողջ թիմին ատեստավորեք

Վարչապետին ու իր ողջ թիմին ատեստավորեք

Ուսուցիչների ատեստավորում նախկինում էլ է եղել։ Ատեստավորվում էին հիմնականում այն ուսուցիչները, որոնք համապատասխան առարկայի մասնագիտական կրթություն չունեին, բայց երկար տարիներ դասավանդում էին այդ առարկան։ Բլեյանի կրթության նախարար եղած ժամանակ էր։ Ես էլ եմ մասնակցել այդ ատեստավորմանը՝ ոչ թե որ մասնագիտական կրթությունս չէր բավարարում, այլ որ տնօրենի լեզուն «կարճ լիներ»։

Եթե մասնագետ էիր, զուտ բարոյական կողմն ապահովելու համար էր կատարվում ատեստավորումը։ Աշխատավարձիդ չափը չէր փոխվում, ոչ էլ արտոնություն էիր ստանում։ Ատեստացիայի ժամանակ ստացել էի ամենաբարձր՝ ստեղծագործող մանկավարժի որակավորումը։ Տնօրենը, որ մինչ այդ, նախկինում էլ նման մասնակի դեպքեր եղել են՝ ուշադրություն դարձրեք՝ մասնակի, ստվերում էր իմ աշխատանքը, սկսեց ավելի զգույշ ու հարգանքով վերաբերվել։ Հիմա դրսից փող բերելու համար համար ինչ- ինչ ծրագրեր են ներդնում, որի ոչ իմաստն ես հասկանում, ոչ բովանդակությունը։ Մի տեսակ սպառնալից է հնչում՝ եթե մասնագետը չի ատեստավորվել երեք տարվա ընթացքում, մանկավարժ չի կարող աշխատել։ Պետություն կոչվածը մասնագետ պատրաստելու համար ինչքա՜ն գումար ու ժամանակ է տրամադրել։ Հիմա պետության ստեղծած բարձրագույն ուսումնական հաստատություններին չեք վստահու՞մ։ Դուք լրի՞վ եք ձեր խելքը կորցրել։ Ո՞վ չի հասկանում, որ Հայաստանում նման ծրագրի ներդրումը քաղաքական նպատակով են օգտագործելու՝ իրենց «ուզած մարդկանց աշխատավարձը բարձրացնելու, ֆինանսավորելու, ընտրական գործընթացի մեջ ներգրավելու» նպատակով։

 Ատեստավորեք մարդկանց, որոնք բարձրագույն կրթություն չունեն։ Սկսեք գլխից։ Հենց վարչապետից։ Բարձրագույն կրթություն չունի։ Հինգ տարի է՝ Արցախում, Հայաստանում ամեն ինչ տապալել է, կանգնել ենք անդունդի, կործանման եզրին։ Չկա՞ նման որակավորման հանձնաժողով, դրսից բերեք։ Իր ողջ թիմին ու վարչապետին ատեստավորեք։ Տեսեք՝ գոնե հասկանու՞մ են , որ Արցախ պետություն եղել է, կա։ Սահմանադրությունը կարդացե՞լ են։ Հասկանու՞մ են, որ Հայաստանում անկլավներ չկան, որ ադրբեջանցիներն են Հայաստանում որտեղ տաք տեղ տեսել, իրենց վրանը փռել։

Մանկավարժներին, զինվորականությանը ո՞նց եք ատեստավորում։ Դուք վերին արտի ցորե՞ն եք, որ առանց մասնագիտական պատրաստվածության «երկիր եք քշում»։ Կոմունիստների ժամանակ նման բան կար։ Բարձրաստիճան ղեկավարը պիտի ունենար բարձրագույն կուսակցական կրթություն, հասկանար պետության քաղաքական ուղղվածությունը, տաքն ու գոլը։ Հիմա փողոցից հայտնվել է մեկը ու հինգ տարվա մեջ բոլորիս հասցրել է «հաշմանդամության»: Ներքևում ատեստավորում է անում, երբ վերևում մասնագիտացված կադրեր համարյա չկան։ Լավ, ինչքա՞ն կարելի է ցինիկ լինել։ Ձեզնից սկսեք։