Ա,՜ 2 տարի ա՝ ինձ ուզում էին մեղադրանք առաջադրեին, ախպե՜ր․ Պառավաքարի համայնքապետ

Ա,՜ 2 տարի ա՝ ինձ ուզում էին մեղադրանք առաջադրեին, ախպե՜ր․ Պառավաքարի համայնքապետ

Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանին մեղադրանք  է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ «2017թ. հոկտեմբերի 23-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառք՝ լոտի մեկնարկային գին սահմանելով էականորեն նվազ՝ 1.150.000 ՀՀ դրամ: Արդյունքում աճուրդով հաղթող է ճանաչվել վերջինիս եղբորորդին, որը 2017թ. հոկտեմբերի 23-ի դրությամբ փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը ձեռք է բերել 1.265.000 ՀՀ դրամով,  որի արդյունքում համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:»։

Մենք կապվեցինք Պառավաքարի համայնքապետի հետ, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից, մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Ա՜, 2 տարի ա՝ ինձ ուզում էին մեղադրանք առաջադրեին, ախպեր, ես մեղադարանքը չեմ ընդունում, ես ոնց կարամ դա ընդունեմ»,- ասաց Ռոլանդ Մարգարյանը։

Հարցրինք՝ բա ինչպե՞ս է ստացվել, որ աճուրդը իր եղբորորդին է շահել, պատասխանեց՝ « նա էլ ա գործարք արել, ուրիշներն էլ են արել, ինչ կապ ունի, նա որ բարեկամ ա, իրավունք չունի՞ գնի, աճուրդում ինքն ա հաղթել»,- ասաց համայնքապետը՝ հորդորելով մյուս մանրամասները ճշտել քննչական մարմնից։