Ինչ է սպասվում Երեւան-Անկարա-Բաքու եռանկյունում
Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը Մանհեթենում՝ Թուրքական տանը տեղի ունեցած հանդիպումից հետո երկրորդ հանդիպումն են ունեցել։ Կարծես թե դառնում է ավանդույթ, երբ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները տարբեր հարթակներում զրուցում են։ Զրույցի օրակարգը հասկանալի է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումն է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության փաստաթղթի ստորագրումը։ Ընդ որում, եթե Երեւանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսել Անկարայի հետ, Անկարան նախապայման է դնում` Երեւանի եւ Բաքվի միջեւ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Փորձագետները նկատում են` ներկայում կարելի է խոսել Երեւան-Անկարա-Բաքու եռանկյան մասին, որի ներսում բավական հետաքրքիր զարգացումներ են ընթանում։
Ներկա պահին առարկայական ձեռքբերումը, որն առկա է, թերեւս այն է, որ բոլոր կողմերից՝ բոլոր մայրաքաղաքներից ու ուժային կենտրոններից, որոնք այս կամ այն չափով հետաքրքրված են Հարավային Կովկասով, հնչում են տեսակետներ, որ հնարավոր է հասնել կայուն եւ տեւական խաղաղության։ Այլ է հարցը, թե այդ կենտրոններից ու մայրաքաղաքներից որը որ կողմի հանդեպ ունի համակրանք կամ հակակրանք։ Սա կարելի է համարել որպես դրական հիմք։ Սակայն կան նաեւ նրբություններ, որոնք վկայում են, որ անելիքները դեռ շատ են։
Նախ, դատելով ամեն ինչից, Բաքուն չի ուզում Երեւանի հետ խաղաղության փաստաթուղթը ստորագրել մաս առ մաս։ Պատահական չէ, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով են հայտարարում, որ խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները համահավասար են։ Սա մերժում է Երեւանի՝ խաղաղության փաստաթղթի արդեն համաձայնեցված կետերը ստորագրելու առաջարկին։
Մյուս կողմից, Երեւանի եւ Բաքվի միջեւ արտաքին քաղաքական պատկերացումների զգալի տարբերություններ կան։ Երեւանը զգացնել է տալիս, որ հակված է խաղաղության գործընթացը Բաքվի հետ ամփոփել, այսպես կոչված, «արեւմտյան հարթակում»: Սակայն Բաքուն չի ուզում նեղացրած լինել ռուսներին եւ առանձնապես մեծ ոգեւորությամբ չի ընդունում Երեւանի այս մոտեցումը։ Երեւանը բավականին լավ աջակցություն ուներ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից, երբ Միացյալ Նահանգներում դեմոկրատներն էին Սպիտակ տան տերը։ Հիմա, սակայն, երբ հունվարի 20-ին Սպիտակ տուն են վերադառնալու հանրապետականները՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, հարց է, թե արդյոք այդ աջակցությունը, գոնե ԱՄՆ մասով, կշարունակվի՞։ Ու քանի որ Թրամփի կառավարման առաջին ժամկետում հարավկովկասյան ուղղությամբ քաղաքական գիծն առանձնապես աչքի ընկնող չի եղել, հնարավոր է, որ այս անգամ էլ նույն գիծը շարունակվի։ Այս դեպքում արդեն ԵՄ-ն, մնալով միայնակ, դժվար թե կարողանա պահպանել նախաձեռնողականությունը հարավկովկասյան ուղղությամբ, ու հնարավոր է, որ Երեւանը, ի վերջո, վերադառնա Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման «ռուսական հարթակ»։ Հատկապես որ Եվրոպայում էլ քաղաքական փոփոխությունների նախանշաններ են սկսվել։
Կարծիքներ