Խաչիկի հերոսական կռիվը

Խաչիկի հերոսական կռիվը

«Խաչիկը մեր համատեղ կյանքի գլուխգործոցն է եղել»,- հերոսի հոր խոսքերն են՝ ուղղված կնոջը՝ տիկին Նարինեին: Խաչիկը նաեւ հայրենիքի համար է եղել գլուխգործոց՝ իր անսպառ հայրենասիրությամբ, տոկունությամբ, խիզախությամբ, լավատեսությամբ: Նա իրեն բաժին հասած կարճ կյանքով պատմություն է կերտել եւ 20 տարեկանում հասցրել է մի ամբողջ, բովանդակալից կյանք ապրել: 

«Խաչիկն ի՛մ սուգն է, ուրիշներին հանդիպելիս որոշել եմ՝ պիտի Խաչիկին դրական հույզերով ներկայացնեմ, պիտի ինձ զսպեմ, նույնիսկ ամսի 2-ի մասին ես պիտի խրոխտ պատմեմ, ուժեղի, հերոսի դիրքերից խոսեմ»,- ասում է Խաչիկի մայրը, ու կարծես ստացվում է. մեկժամյա մեր զրույցն անցնում է թեթեւ, ժպիտով, Խաչիկի մասին ամենադրականը հիշելով: Մեկ էլ հանկարծ այս ուժեղ կնոջ հույզերը հաղթում են կայացրած որոշմանը, ձայնը դողում է: Մի քանի վայրկյան դադար է վերցնում, կուլ տալիս արցունքները, շունչ քաշում ու նորից սկսում ժպտալ:

Հետաքրքիր մարդը

- Լավ ենք, թեթեւ ենք: 
- Ախր ինչպե՞ս կարող է թեթեւ լինել, Խաչի՛կ ջան, մենք Ֆեյսբուք ենք մտնում, հեռուստացույց ենք դիտում,- ասում էր հայրը, ու Խաչիկը լսափողի մյուս կողմում ո՜նց էր ծիծաղում:
- Դե, փաստորեն, ամեն ինչ գիտեք, էլ ի՞նչ ասեմ: 

«Այնքա՜ն զուսպ էր, համեստ, ներսում կրակ ուներ, բայց ցույց տալու սովորություն չուներ, պարզ էր, հասարակ, ռացիոնալ: Երբ ինչ-որ բան էր պատահում, ասում էր․ «Հա՜, լա՜վ, նորմալ ա, ոչի՛նչ, ուրեմն էդպե՛ս պիտի լիներ»: Շատ հետաքրքիր երեխա էր: Երբ մի նպատակ էր դնում, դրան պիտի հասներ ամեն գնով, բայց շատ անաղմուկ: Նույնիսկ Խաչիկի ուրախությունն էր շատ հանգիստ ու զուսպ: Երբ ընդունվեց ԵՊՀ՝ բարձր նիշերով, մենք այնքա՜ն երջանիկ էինք, մեր բոլոր հարազատներով, ընկերներով ցնծում էինք: Իսկ ինքը, ինչպես բոլոր հարցերում, այստեղ նույնպես խաղաղ ու զուսպ էր: Խաչիկը երբեք չէր պարծենում: Իր խոսքը կշռադատված էր՝ առանց ավելորդ բառերի, քիչ էր խոսում, բայց իմաստալից»,- պատմում է մայրը: 

Կյանք ու կռիվ

Հոկտեմբերի 2-ին՝ կյանքի վերջին օրը, Խաչիկը կատաղի կռիվ է տվել: Խաչիկի զոհվելու բոթը ծնողներն իմացել են դեպքից երկու օր անց: Նարինեն պատմում է. «Անծանոթ մի համարից Խաչիկն ավելի վաղ զանգել էր մեզ: Ամուսինս այդ օրը զանգահարեց այդ նույն համարին: Տղաներից մեկը պատասխանեց. «Հերոս տղա ունեք, միայնակ դիրք է վերցրել ու միայնակ էլ պահել այդ դիրքը, 20 հոգու կյանք է փրկել»:  Ես նախ չհավատացի՝ մտածելով, որ մեզ են սփոփում, քանի որ ինքը հաշվարկի հրամանատար էր, միայն պիտի հաշվարկ աներ, ինչո՞ւ պիտի միայնակ դիրք պահեր: Բայց երբ եկան մեզ հյուր, մանրամասն պատմեցին, հասկացա, որ չափազանցություն չկա: Ասում էին՝ հազիվ են հասցրել հրանոթը լիցքավորել, սնարյադը տալ: Խաչիկը ե՛ւ հաշվարկն է արել, ե՛ւ նշանն է բռնել, ե՛ւ թելն է քաշել»: 
«- Խա՛չ, ինչի՞ հեռվից չես քաշում թելը:
- Սենց ավելի արագ ա ստացվում:
Չեք պատկերացնի՝ ինչքա՜ն հանգիստ էր այդ ամենն անում, դեմքին ոչ մի միմիկա չէր փոխվում: Էնպես էր կազմակերպում, կարծես երկար տարիների փորձ ուներ»,- պատմել են ընկերները: 

Սիրելի հրանոթը

«Ես իրեն բացահայտեցի բացարձակապես այլ կողմից: Ես կարծում էի՝ ինքն անհավես պիտի ծառայի, իր համար դա ժամանակի վատնում պիտի լինի, բայց, փաստորեն, շատ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել իր գործին: Ինձ համար ինքը հայտնություն էր այդ իմաստով: Թեեւ, երբ իրեն հաշվարկի հրամանատար էին նշանակել, ինձ ասաց. «Մա՜մ, պուշկես էնքա՜ն լավն ա»: Զարմացա, նաեւ ուրախացա, որ ինքը սիրում է իր զենքը»,- պատմում է մայրը: Իր զենքը եղել է միշտ պատրաստ, լվացված, մաքրված, յուղված: Պատերազմի օրերին, երբ հրանոթն աշխատել է կրկնակի, եռակի անգամ ինտենսիվ, իրենց դիրքի 4 հրանոթի որոշ գործողություններ միայն Խաչիկն է կարողացել անել: 

Հաղթական ավարտը

«Պա՛պ, միշտ էլ երկինքը լիքն ա ինքնաթիռներով, բայրաքթարներով, ուղղակի մենք արդեն ձայնից հասկանում ենք, թե ինչ հեռավորության վրա են, կամ սնարյադը որտեղ ա ընկնելու, որ թաքնվենք»: Խաչիկը զոհվել է բայրաքթարի կրակոցից: Այդ օրը Քարվաճառում կատաղի մարտեր են եղել. «Կա՛մ իրենք պիտի այդ դիրքը գրավեին, կա՛մ թշնամին: Ու մերոնց հաջողվել է գրավել այդ դիրքը,- պատմում է մայրն ու սփոփվում,- Խաչիկի ջանքերը պսակվել են հաջողությամբ, թեեւ, ցավոք, կյանքի գնով: Այդ դիրքի գրավումը պատմական նշանակություն է ունեցել: Ծնողի համար դա շատ մեծ բան է, երբ լսում ես որդուդ մասին նման բան, փառավորվում ես: Հազար փա՛ռք ու պատի՛վ Խաչիկիս ու բոլոր-բոլոր կռված տղաներին»: 

Չպետք է թուլանալ

«Ես 6 օր դուրս չէի գալիս սոցիալական ցանցերից, յուրաքանչյուր զոհի հետ իմ մի մասնիկը մահանում էր, բոլոր զոհված տղաները կարծես իմը լինեին: Պատերազմի առաջին երկու օրն աննկարագրելի ծանր հոգեվիճակում էի, բայց երբ լսեցի Խաչիկի ձայնը՝ խրոխտ, հանգիստ, հավասարակշռված, հանգստացա: Ու երբ դասերի ժամանակ ուսանողներս նեղվում էին (ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է), բացակայում, ես իրենց քաջալերում էի. «Մենք էլ այստեղ ենք մարտիկներ, չպիտի թուլանանք, իրենք պիտի մեզ ուժեղ տեսնեն»: 

Իմ մասնագիտությունը, բայց առավել շատ որդուս բնավորությունը, ուժն ու գիտակցված պայքարն ինձ օգնեցին շարունակել ապրել: Ինքն իր գործի պատասխանատուն էր: Պատերազմին վերաբերվում էր որպես իրեն վստահված գործի: Այն սարը, որտեղ իրենք տեղակայված են եղել, Սուսուզլուկ է կոչվում: Այդ դիրքի համար իրենց կատաղի պայքարը պսակվել է հաջողությամբ: Ինձ սփոփում է այն միտքը, որ իմ տղան այդ հաջողությունը տեսել է, հաղթանակը՝ զգացել: Իր առաջադրանքն ավարտելուց՝ դիրքը գրավելուց հետո Խաչիկն իր հրանոթով սկսել է օգնել կողքի մարտկոցին ու հենց այդ ժամանակ է զոհվել: Եթե իր առաջադրանքն անելուց հետո հեռանար, չէր զոհվի: Դե՛, պատերազմ է, յուրաքանչյուրը մտածել է հաղթանակի մասին, իր ուժերի ներդրման, հայրենիքի պաշտպանության մասին, նրանք չեն մտածել զոհվելու մասին»: 

Մահ՝ իմացեալ

Ընկերուհին վերջին գիշերը՝ Խաչիկի հետ զրուցելիս, ասել է. «Խաչի՛կ, դու հերոս ես, երբ վերադառնաս, կհավաքվենք, քեզ հերո՜ս կասենք»։ Իսկ Խաչիկը շատ հանգիստ պատասխանել է. «Ես գիտեմ, որ հերոս եմ»: Ես զարմացա, որովհետեւ դա նման չէր Խաչիկին: Փաստորեն, ինքն այնպե՜ս է կռվել, որ նույնիսկ ի՛նքն է զգացել, որ հերոս է: Այնքան լավ զգացի դրանից, դա ինձ այնպե՜ս սփոփեց. ես հասկացա, որ իր համար դա մահ իմացեալ էր: Ինքը գիտակցել է, թե ինչ է անում, ինքը գնահատել է իր արածը:

Ինքը հպարտություն էր մեզ համար: Ընկերն ասում է՝ ինքն ինձ ապրել է սովորեցրել: Ինքը շատ էր սիրում այս կյանքը, ինքն ամեն ինչ ուզում էր փորձել այս կյանքում: 

Անավարտ սպասումով

Ամառվանից սկսեցի պատրաստվել Խաչիկի գալուն: Տանը տարբեր գործեր ունեինք անելու մինչեւ իր վերադարձը: Ամուսնուս ասում էի. «Մարտի՛ն, հեսա էրեխեն կգա, իսկ մենք չենք հասցնի»: Ու իրեն պատմում էի, թե ինչեր ենք անում: Իր համար մեծ պահարան էինք գնել, ասում էի. «Խաչի՛կ, սկոչը վրայից չեմ պոկել, դո՛ւ ես գալու, հանես»: Այդպես էլ այդ սկոչը մինչեւ այսօր չեմ պոկել:
 Բոլոր նպատակները գլխիվայր շրջվեցին: Հայկական ընտանիքներն այդպիսին են, չէ՞, մեր բոլոր նպատակներն ու իղձերը պտտվում են մեր երեխաների շուրջը: 

Ուրեմն այդպես էր պետք

Ես մի քանի բան եմ որոշել ինձ համար: Նախ՝ պետք է ապրենք, որպեսզի Խաչիկի հիշատակը վառ պահենք: 

Հետո՝ ես ինձ անընդհատ հիշեցնում եմ՝ մենք իրեն պիտի դրական հույզերով հիշենք: Քանի որ ինքն էլ էր այդպիսին: Ընկերն ինձ մի օր ասաց. «Եթե ես լինեի Խաչիկի փոխարեն, եւ ինքը տեսներ, որ անընդհատ լացում են, կասեր. «Մի՛ լացեք, ուրեմն էդպես էր պետք»»: Հիմա պետք է մտածել՝ ինչպես ապրել այս իրավիճակի հետ ու դրականորեն ապրել, որպեսզի ինքն էլ այնտեղից իրեն լավ զգա: 

Մենք իր ծննդյան օրը եղեւնիներ տնկեցինք մեր բակում, բոլոր ընկերներն ու հարազատները հավաքվել էին (եղեւնին հավերժության խորհուրդ ունի), պատարագ տվեցինք, գնացինք Եռաբլուր: Ու երբ եկանք տուն (ոչ մի առիթի մենք սեղան չենք գցել), ես ուզեցի իր տարեդարձը սեղանի շուրջ նշել, որովհետեւ ինքն ուտել-խմել էր սիրում, ուրախանալ, լավ ուտեստներ էր սիրում: Մենք այդ օրն իր կոնյակը բացեցինք, իր համար պահած ուտեստները հանեցինք: Մտածում էի՝ թո՛ղ իր ընկերներն ուտեն, ինքը դրանից գոհ կլինի: Այսպիսի բաներ ես արեցի, որպեսզի կարողանամ ինքս իմ մեջ հաղթահարել դժվարությունները: 

Հանուն Խաչիկի

Չգիտեմ… դժվար է շատ, շա՜տ-շատ: Ես գիտեմ՝ ինքը չի սիրում, երբ լացում են, ինքը չէր ուզի, որ մենք իրեն լացով հիշեինք: Ինձ թվում է՝ ինքը դրանից նեղվում է հիմա, ինքը կասեր. «Հերոսին լացելով չեն հիշում»:

Մեր ընտանիքին օգնեց, որ մեր հարազատները մեզ մենակ չթողեցին: Երբ Խաչիկի մահվան լուրը լսեցինք, ինձ թվում էր, թե ամբողջ Հայաստանն իմ կողքին է, ոչ միայն սգում է Խաչիկի մահը, այլեւ իր հերոսությունն է գնահատում: Ես երբեք նման զգացողություն չեմ ունեցել, տարօրինակ էր՝ ես բոլորին զգում էի իմ կողքին: 

Ծանր է, բայց ինչպես Խաչիկը կասեր, «ուրեմն էդպես էր պետք»: Իր այս բառերն ինձ ուղեկից են դարձել: Միշտ աղոթում էի, որ էլ զոհեր չլինեն. «Աստվա՛ծ իմ, թո՛ղ Խաչիկը վերջին զոհը լինի այս պատերազմի»: Ինձ սփոփում է այն, որ Խաչիկը զոհվեց հաղթանակը սրտում, մտքում: Ինքը հաղթական այդ դիրքը գրավել է: Ինքը զգացել է, հասկացել, թե ինքն ինչ է արել, քանի որ այդ դիրքի գրավումից հետո Քարվաճառում մարտերն այլեւս այդքան ուժգին չեն եղել: 
Կյանքի առջեւից քայլող տղա էր, ինքը շտապում էր ապրել: Ես պիտի այնպես ապրեմ, որ արժանի լինեմ իրեն: Պարադոքս է, չէ՞, սովորաբար երեխաներն են ասում՝ պիտի ծնողներին արժանի ապրենք, մեզ մոտ հակառակը դարձավ… Կյանքը մի վայրկյանում փոխվում է… եւ փոխվում է անսպասելիորեն:

ՀԳ. Պողոսյան Խաչիկ Մարտիրոսի՝ ծնված 2000 թվականին, բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարին: Եղել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող: Սերժանտ էր, հաշվարկի հրամանատար: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, Քարվաճառում: 

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ