Վարչապետի հրամանն օրենք չէ

Վարչապետի հրամանն օրենք չէ

Կառավարության նիստին ոստիկանապետ Վահե Ղազարյանի փոխարեն ներկա էր փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա ոչ թե ետնամուտքով իջավ, այլ լրագրողների մոտով, կանգնեց ու պատասխանեց մեր հարցերին։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարող է ասել այն մասին, որ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, սպաներ այս օրերին ազատման դիմումներ են գրում ու հեռանում համակարգից՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ծառայել իշխանությանը։ «Յուրաքանչյուրն ունի իր անձնական մոտեցումը, անձնական դիրքորոշումը, նաեւ՝ իր անձնական խնդիրները»,- ասաց նա։

- Ի՞նչ անձնական խնդիրների մասին է խոսքը։

- Չեմ կարող բոլորի մասին ասել, նույնիսկ՝ առանձին։ Յուրաքանչյուրն ինչ-որ խնդիրներից ելնելով է հեռացել։ Գրեթե քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից ազատման դեպքեր չեն եղել։

- Երբեք նման բան չէր եղել, որ ուժայինների ներկայացուցիչներն այսպես հայտարարություններ անելով՝ դուրս գային համակարգից։

- Ես արդեն իսկ անդրադարձել եմ, բերել եմ օրինակներ՝ թվերի լեզվով, երբ 2018 թվականին ազատվածների թիվը շատ ավելի մեծ է եղել ՀՀ ոստիկանությունից, քան այս տարի։ Եթե չեմ սխալվում՝  2018-ին՝ 1500-ից ավելի, իսկ այս տարի՝ 1150-ին մոտ։

- Բայց ո՛չ նման հայտարարություններով։

- Հայտարարությունները, նորից կրկնեմ, որոշակի նկատառումներից ելնելով են։ Գուցե փորձում են այդկերպ արդարացնել իրենց՝ ոստիկանությունից դուրս գալու տվյալ ուղին։

- Դուք նորմա՞լ եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, արդեն Գորիսից են տարածքներ հանձնվում թշնամուն։

- Ոստիկանությունը եւ ես այս պահի դրությամբ ապաքաղաքականացված կառույց ենք, հետեւաբար, ես կպատասխանեմ այն հարցերին, որոնք կվերաբերեն ոստիկանությանը։

- Ասում են՝ ոստիկանությունը ծառայում է իշխանություններին։

- Բազմաթիվ անգամներ այդ հարցին անդրադարձել ենք, նման որեւէ խնդիր առկա չէ։

- Այդ դեպքում ինչո՞ւ եք պահպանում Փաշինյանի անվտանգությունը։

- Ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ կոնկրետ անձի անվտանգությունն է պահպանվում, այլ պահպանվում է շենքը։ Եթե չպահպանվի, դուք դեպքերը հիշո՞ւմ եք՝ ամսի 10-ի, թույլ տանք կրկի՞ն ներս մտնեն։

- Ձեր ծառայակիցներից շատերը Շուշիում զոհվեցին։ Ձեզ մոտ հարցեր չե՞ն առաջանում՝ ինչու այդպես եղավ։

- Թշնամու դրոնների զոհը դարձել են, ցավոք սրտի, շատ ու շատ զինծառայողներ եւս։ Յուրաքանչյուր գործով ուսումնասիրություններ են իրականացվում, ծառայողական քննություն, կա նաեւ քրեական գործ հարուցված։

- Երբ ցուցարարները ճանապարհ են փակում, ոստիկանությունն ակտիվորեն բացում է, իսկ 2018-ին, երբ որ ճանապարհ էին փակում, չէին բացում։

- Դուք, կարծում եմ, լավ չեք հիշում, 2018 թվականին նույն ոստիկանները նույն ճանապարհները բացում էին։

- Այդ դեպքում ինչո՞ւ հեղափոխություն եղավ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինայնը եկավ իշխանության, կարո՞ղ է լավ չեք բացել ճանապարհները։

- Կարծում եմ՝ Դուք լավ չեք հիշում, թե ոնց էին բացվում էն ժամանակ ճանապարհները։

- Ես շատ լավ հիշում եմ, եւ Ձեր «բացած» ճանապարհների արդյունքում բացվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը՝ իշխանության գալու։

- Մեր բոլոր գործողությունները թե՛ 2018 թվականին, թե՛ այսօր մենք հստակ կատարում ենք։ Եթե կան որոշակի հարցեր մեր գործողությունների դեմ, խնդրում եմ՝ դիմեք, բոլորը կպարզաբանենք։

- Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իջեւանյան դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե արյան գետեր է ուզում տեսնել։ Եթե հիմա Փաշինյանի կողմից նորից նման հրահանգ լինի, թե Հանրապետության հրապարակում արյան գետեր եմ ուզում տեսնել, դուք կկատարե՞ք նրա հրամանը, կապահովե՞ք արյան գետեր նրա համար։

- Մենք կատարում ենք օրենքով մեզ վերապահված գործառույթները:

- Արյան գետեր ապահովելը ձեր գործառույթների մեջ մտնո՞ւմ է։

- Օրենքով եթե Դուք կգտնեք նման կետ, ապա ինձ տեղեկացրեք։

- Վարչապետի հրամանը Ձեզ համար օրե՞նք է։

- Վարչապետի հրամանն օրենք չէ։ Օրենքը, որը որ ամրագրված է օրենսգրքով։