Շուտով ամեն ինչ բացահայտվելու է՝ բոլոր գործակալների դիմակները պատռվելու են
«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից Սերոբ Գասպարյանը:
- Պարոն Գասպարյան, երեկ գիշերը անհասկանալի հանգամանքներում, բռնության ենթարկելով ձերբակալել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին: 2018 թվականից հետո մեր իրականություն մտավ հերոսներին նվաստացնելու, բռնելու, դատելու գործելաոճը: Հեղափոխական իշխանությունների համար փաստացի հերոս հասկացություն գոյություն չունի: Ի՞նչ գնահատական կտաք այս երևույթին:
- Մեր իրականության մեջ այդ երևույթը եղել է վերջին 30 տարվա ընթացքում, դա նոր բան չէ, բայց սրանք եկան կրկնակի ոչնչացնելով մեր արժեքները` 90-ականների ֆիդայիների, հերոսների, կռվողների ինստիտուտի վերացումը սրանց համար գերխնդիր է: Երկիրը վաճառել, ընտանիքը պղծել, հերոսներին ոչնչացնել, սա է այդ մարդկանց նպատակը: Մութ ու խավար ուժերը` սատանիստները փորձում են առաջին պլան գալ, խրախուսելով այլանդակ բարքեր և դա հնից է եկել, պարզապես սրանք կրկնակի արագությամբ են գործում և ամեն ինչ շարունակվելու է, քանի դեռ մենք չենք կարողացել կանգնեցնել «գնացքը»:
- Արցախը բլոկադայի մեջ է, սով է, մարդիկ անորոշության ու տագնապի մեջ են: Նման իրավիճակում ինչո՞ւ որոշեցին ձերբակալել Բալասանյանին:
- Չեմ կարող ասել, թե Բալասանյանն ինչ հանցանք կարող էր գործել տարիներ շարունակ, սակայն կարող եմ ասել, որ նա 90-ականներին մարտնչող տեսակ է եղել, որը հանուն հայրենիքի համար իսկապես մարտնչել է: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ փոփոխություններ են եղել, ամեն դեպքում այժմ շատ բան է փոխվել:
- Նման փորձեր շատ են արվում, խոսքը միայն Բալասանյանի մասին չէ: Գեներալ Մանվել Գրիգորյանի հետ էլ դաժան վարվեցին: Միքայել Արզումանյանն ու Գրիգորի Խաչատուրովն են կալանավորված։ Հիմա Բալասանյանի գործը, որը Մանվել Գրիգորյանի գործի հետ են համեմատում:
- Այո, դաժան վարվեցին` Մանվել Գրիգորյանին էլ ձերբակալեցին, Ռուստամ Գասպարյանի տեղը մատնացույց արեցին թուրքերին, որպեսզի նրան ոչնչացնեն, դավադիր գործողություն իրականացրին ու ոչնչացրին բոլոր այն մարդկանց, որոնք այսօր կարող էին իրավիճակ փոխել:
- Օրվա իշխանությունների՞ն եք անկարկում:
- Ակնարկում եմ բոլոր նրանց, ովքեր 30 տարի շարունակ լծված են եղել քանդելու իմ հայրենիքը: Հայրենիքը կեղեքել ու փչացրել են բոլորով: Մեր ազատագրած հայրենիքը քանդել ու շարունակում են քանդել: Շուտով ամեն ինչ բացահայտվելու է: Հասնելու ենք նրան, որ բոլոր գործակալների դիմակները պատռվեն: Ի՞նչ եք կարծում էս թշվառ իշխանիկները 2018-ին հենց այնպես որոշեցին վեր կենալ ու իշխանափոխությո՞ւն անել: Ոչ, տարիներ շարունակ գործել են այն հովանավորչությամբ, որ պետք է գործեն ու չբացահայտվեն: Միշտ էլ իրական հերոսներին ոչնչացրել են, իսկ կեղծ հերոսներին մեծարել:
- Արցախում իրավիճակը բավականին լարված է: Այսօր էլ մեծ հանրահավաք է:
- Բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են Արցախի, ընտանիքի, հավատքի ու ազգային արժեքների համար, պետք է անհապաղ ոտքի կանգնեն: Ողջ աշխարհի հայությունը պետք է պայքարի դուրս գա, հակառակ դեպքում ոչնչանալու ենք:
- «Հայաքվե» նախաձեռնության մասին ի՞նչ կարծիք ունեք:
- Օրենքն իմ սրտին հաճելի է և ես այդ նախաձեռնությանը մասնակցել եմ: Այո, ցանկացած մարդ, որը ժխտում է ցեղասպանության ճանաչումը և Արցախը համարում է Ադրբեջանի մաս, պետք է պատասխանատվության ենթարկվի: Կարելի է ավելի արագ անել այդ գործը: Պետք է իշխանատենչությունը մի կողմ թողնել և գործել: Հինգ հոգով հավաքվում ու իրենց նախարարներ ու վարչապետներ են կարգում: Դա հիվանդագին մոլուցք է:
Կարծիքներ