Ում նկատի ունի Զատուլինը

Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի նոյեմբերի 17-ի հարցազրույցում ասել է, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար.
«Ընդդիմությունը դիմել էր մեզ՝ խնդրելով որևէ կերպ տեսանելի կերպով աջակցել»: Սակայն ռուսական կողմը մերժել է` ասելով. «Ոչ մի դեպքում, նա (Նիկոլ Փաշինյանը) Ղարաբաղում կրակը դադարեցնելու եռակողմ համաձայնությունը ստորագրածներից մեկն է, եթե նա չլինի, կրկին ռազմական գործողություններ կսկսվեն, մենք չենք ցանկանում ներքաշվել, մենք մեր գործերն ունենք, ուստի ձեռք մի տվեք նրան»:
Զատուլինը չի կոնկրետացրել, թե ռուսական կողմին ովքեր են դիմել եւ ով է ներկայացրել այդ պատճառաբանությունները։ Հիշեցնենք, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է` նա «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել` ՀՀ իշխանություններին քննադատելու համար։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ արտաքին ուժի, այդ թվում` ՌԴ-ին որևէ նման հարցով երբևէ չի դիմել: Մամիջանյանը վստահ է, որ Զատուլինի այս հայտարարությունը վերաբերում է այլ ուժի, թե ով է այդ ուժը, ում է ակնարկում պատգամավորը, չի նշում, թեեւ բոլորին պարզ է, որ նա ակնարկում է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքը:
«Ես կարող եմ միայն ՀՀԿ-ի անունից խոսել և երաշխավորել, որ ներքաղաքական որևէ խնդրի համար ՀՀԿ-ն աջակցություն չի հայցել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնից: Զատուլինի մնացյալ ասածները չեմ կարող մեկնաբանել, հաշվի առնելով, որ իմ ներկայացրած քաղաքական ուժին այդ հայտարարությունները չեն վերաբերում», - նշում է նա:
Հարցին, ինչո՞ւ է ռուսական կողմը պարտադրում, փորձում Հայաստանին ստիպել, որ կատարվեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերն, այն դեպքում, երբ Արցախի Հանրապետություն այլևս գոյություն չունի եւ այդ համաձայնագրի բոլոր կետերն Ադրբեջանը խախտել է: Մեր զրուցակիցը շեշտեց. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի կնքած, ձեռքբերած բոլոր պայմանավորվածությունների շրջանակներում, նույնիսկ այնտեղ, որտեղ հայկական շահը շատ փոքր է, Փաշինյանի գործողությունների արդյունքում կյանքի չեն կոչվում: Նոյեմբերի 9-ի պայմանագրում քիչ թե շատ Հայաստանին հետաքրքրող կետերը կյանքի չեն կոչվում, օրինակ` գերիների վերադարձ, Լաչինի միջանցքի անխափան գործունեություն: Խնդիրն այստեղ աշխարհաքաղաքական չէ: Նույնը կարող ենք ասել բարձր դատարանի որոշման մասին` Լաչինի միջանցքի հետ կապված, որը ևս չիրագործվեց: Այնպես որ քանի դեռ հայկական շահը պաշտպանողը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են, երբեք չի հաջողելու», - ասաց Մամիջանյանը:
Իսկ ո՞վ է Զատուլինի նշած Հայաստանյան ընդդիմությունը, ինչո՞ւ է վստահ, որ Սերժ Սարգսյանին չի ուղղված այդ հայտարարությունը, Մամիջանյանն ասաց.
«Այդ պարզաբանումները պետք է տա հենց Զատուլինը: ՀՀԿ-ն երբեք ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի չի դիմել: Միակ բանը, որ մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերներից` անաչառ և չեզոք գնահատականներն են` ՀՀ-ում տեղի ունեցող հակաժողովրդավարական պրոցեսներին, այդ թվում` 2018-ի 2021-ի արտահերթ ընտրություններին: Ցավոք մենք նման գնահատականներ չենք տեսնում»:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտաք Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում անդարդառնալով թեմային նշեց.
«Ես չգիտեմ, թե Զատուլինն ընդդիմություն ասելով ում և ինչ նկատի ունի, բայց ՀՀԿ-ն երբեք ՌԴ-ին նման հարցով չի դիմել: Ես ճիշտ չեմ համարում հիմա մեկնաբանել մեր գործընկերների հայտարարությունները, սակայն ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել` ՀՀԿ-ն ներքաղաքական հարցերով չի դիմել ՌԴ-ին»:
Կարծիքներ