Կան նախագծեր, որից միայն կառուցապատողն է շահում

Կան նախագծեր, որից միայն կառուցապատողն է շահում

«Մեր երկրում քաղաքաշինական մոտեցումը մի քիչ մատերիալիստական է․ գծագիր, շենք, կառույցներ, բայց այստեղ՝ Հոլանդիայում, լրիվ այլ ընկալում կա ճարտարապետության եւ քաղաքաշինության հանդեպ, նաեւ՝ ուրիշ սպասելիքներ, որը լուծում է շատ տարբեր խնդիրներ։ Այսինքն, քաղաքաշինությունը կապված է առողջապահության, բնապահպանության, հոգեբանության եւ մի շարք այլ գործոնների հետ։ Մինչդեռ մենք երբեք չենք պատկերացրել, որ քաղաքաշինությունը կարելի է կապել առողջ ապրելակերպի կամ հոգեբանության հետ, հասկանալ, թե ինչպես է քաղաքային միջավայրն ազդում մարդու վրա, ոնց են տարբեր երկրներում օգտագործում օրենքները, նորմերը, մեխանիզմները, որպեսզի հասնեն լավագույն կյանքի։ Ի վերջո, բոլոր մասնագիտությունների նպատակը դա է, որպեսզի մարդիկ ապրեն հարմարավետ ու լավ»,-ասում է Երեւանում ծնված, սովորած ճարտարապետ Անահիտ Հովհաննիսյանը, ով այժմ ապրում եւ աշխատում է Ռոտերդամում, որտեղ էլ հանդիպեցի նրան։ 

Անահիտն այսօր պահանջված մասնագետ է Ռոտերդամում, մագիստրոսական կրթությունը ստացել է այստեղ՝ «Քաղաքային կառավարում եւ քաղաքաշինություն» մասնագիտությամբ՝ զուգահեռ աշխատելով իրական նախագծերի վրա։ «Ռոտերդամում հրավեր ստացա քաղաքաշինությամբ ու ճարտարապետությամբ զբաղվող մի ընկերությունից, որտեղ մինչ օրս աշխատում եմ։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ լրիվ ուրիշ մասշտաբների հետ ենք աշխատում․ քաղաքներ՝ Չինաստանում, մեծ թաղամասեր՝ Ռուսաստանում, նոր բիզնես կենտրոններ՝ Հոլանդիայում,- ասում է Անահիտը, ով նաեւ պրակտիկ նախագծող է։- Բայց դու ոչ թե տեխնիկական գծագիր ես անում, այլ դառնում ես գաղափարի հեղինակներից ու սկսում ես տարբեր տեսանկյուններից նայել, օրինակ՝ եթե նախագծել ես թաղամաս, ո՞նց է այդ թաղամասն ազդելու քաղաքի, մարդկանց վրա, ի՞նչ տեսակի նյութեր ես օգտագործելու, որպեսզի բնությանը վնաս չտաս։ Նույնիսկ մի  նախագիծ էինք արել, որտեղ հատուկ գծագրել էինք, թե սկյուռիկները որտեղ են ման գալու։ Այսինքն՝ հաշվարկվում է անգամ, թե ինչ կենդանիներ են լինելու այդ թաղամասում, որպեսզի մարդիկ իրենց բնությանն ավելի մոտ զգան։ Հայաստանում գուցե ծիծաղելի լիներ այդ հանգամանքը, թե ինչ կենդանական աշխարհ է ապրելու այդ թաղամասում, որովհետեւ մենք շատ ուրիշ խնդիրներ ունենք լուծելու»։

Նա մատնանշում է նաեւ այն լավ կողմերը, որ Հայաստանում ապրելով՝ չենք նկատում, դրանցից մեկը մեր ցայտաղբյուրների մշակույթն է, որը շատ քիչ երկրներում կա․ «Դու ծնվել ես այս երկրում, եւ դա քեզ տրված է՝ առանց ընկալելու, որ դա լավ է, բայց երբ հայտնվում ես մի մշակույթում, որտեղ ամեն մի կաթիլ ջրի համար պետք է վճարես, հասկանում ես, որ դա շատ մեծ ձեռքբերում է մեր մշակույթի համար, որը պետք է պահել։ Կամ, օրինակ, ամեն մի խանութ փորձում է իր դիմացի տարածքը կանաչապատել, մի էսթետիկ բան ստեղծել, ճիշտ է՝ դա համակարգված չէ, բայցեւայնպես, ամեն մեկը փորձում է յուրովի մոտեցում հանդես բերել։ Օրինակ՝ շատ երկրներում նույնատիպություն կա, իսկ հայերը փորձում են տարբեր լինել։ Այսօր երբ տեսնում ես, թե մեր պանելային շենքերն ինչպես են ձեւափոխել՝ իհարկե տգեղ է, բայց դրա մեջ էլ ինչ-որ հետաքրքիր յուրահատկություն կա, որովհետեւ հասկանում ես, թե ազգն ինչպես է մտածում։ Մանր բաներ կան, որ մեզ մոտ շատ լավ են արվում ու վաղուցվանից կան, բայց մենք դա չենք նկատում։ Դրա համար առաջին հերթին պետք է հասկանանք՝ ինչն է մեր արժեքը, ինչում ենք մենք լավ, որն արժե պահել, միաժամանակ տեսնել նաեւ՝ ինչում են ուրիշները լավ, փորձել դա էլ նրանցից սովորել։ Դա էլ է առավելություն՝ կոնտրաստային միջավայրում ապրելը, երբ հասկանում ես, որ շատ բաներ, որոնք քեզ համար նորմալ էին, դառնում են աննորմալ եւ հակառակը։ Արդյունքում երկու մշակույթներից վերցնում ես ամենալավն ու մաղում միջի վատը։ Կարծում եմ՝ մեր ճարտարապետության մեջ հենց դա է պակասում»։ 

Անահիտ Հովհաննիսյանի դիտարկմամբ, կա նաեւ լեզվի խնդիրը, մարդիկ քիչ են կարդում նոր տեսակի գրականություն, չեն ծանոթանում նոր ճարտարապետական միտումներին ու քիչ են ճանապարհորդում․ «Իհարկե, ինտերնետով էլ կարող ես սովորել, շատ բաների հետ ծանոթանալ, բայց իրական կյանքում, իրական միջավայրը տեսնելով, լրիվ ուրիշ կերպ ես ընկալում, այնքան բան ես սովորում, որ ուղղակի անհամեմատելի է ստացածդ փորձը։ Կարող ես նույնիսկ չսովորել, բայց գաս մեկ ամիս Հոլանդիայում ապրես ու արդեն կսովորես, թե ինչպես են այստեղի ճանապարհային ցանցն ու հեծանիվների սխեման աշխատում, ճարտարապետությունն ինչ է մարդկանց մատուցում, եւ ընդհանրապես՝ ինչպիսի սպասելիքներ կան»։

Խառը, էկլեկտիկ քաղաքաշինական լուծումները, ըստ ճարտարապետի, լոկալ դրսեւորում չեն եւ հատուկ են հատկապես հետսովետական երկրներին, որտեղ նույն միտումն է նկատվում․ «Նույնիսկ որոշ եվրոպական երկրներում՝ Ռումինիա, Բուլղարիա, լրիվ նույն բանն է կատարվում՝ կառուցապատում այգիներում, հին շենքերը քանդում են, եւ հասարակությունը բավականին զգայուն է այդ առումով, բայց դա արդեն միտում է։ Հետո՝ մենք չենք սովորել աշխատել կառուցապատողի հետ, կան նախագծեր, որոնք միայն հասարակության համար են ու պետության վրա «մինուսով» են նստում, կան նախագծեր, որից միայն կառուցապատողն է շահում, բայց պետք է այնպիսի մեխանիզմներ որդեգրել, որ դրանից բոլորը շահեն։ Ժամանակ է պետք, որպեսզի մասնագետներ վերապատրաստվեն, սկսեն փորձարկումներ անել, թե ինչպես կարելի է աշխատել ներկա իրավիճակում։ Մենք ունենք ցավալի դեպքեր, երբ շատ շենքեր, որ չպետք է քանդվեին, քանդվել են։ Դա հենց նրա արդյունքն է, որ Սովետական Միության փլուզումից հետո նոր իրավիճակին դեռ չենք հարմարվել, չենք ստեղծել օրենքներ, որպեսզի պահպանենք ունեցածը, բայց ամեն ինչին պետք է լավատեսորեն նայել, որովհետեւ կարելի է սովորել մեր սխալների վրա ու շարժվել առաջ, ինչը շատ կարեւոր է,- ասում է Անահիտը, ում կարծիքով՝ Ռոտերդամը շատ առումներով նման է Հայաստանի տարբեր վայրերին։- Այստեղ եղել է ռմբակոծություն, եւ ինչ-որ պահից քաղաքը սկսել են զրոյից կառուցել։ Մեզ մոտ էլ շատ հարցերում մենք զրոյից ենք սկսել, բայց դրաման բացակայում է այս ազգի մեջ, նրանք էմոցիոնալ սթրես չեն ապրել, այլ նստել ու կառուցել են նորը՝ ավելի հզոր մի բան, ինչը մեզ համար ուսանելի բան է, քանի որ մենք շատ էմոցիոնալ ենք ու դրամայի հետեւից ենք ընկնում»։   

Անահիտ Հովհաննիսյանը նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հեղինակած «Ազգային Սինեմատեք» կրթամշակութային նախագծի կոնցեպտի համահեղինակն է (համահեղինակ է նաեւ Արայիկ Մանուկյանը)․ «2 տարի առաջ Ռոտերդամում հանդիպեցի Հարություն Խաչատրյանին, ով ինձ առաջարկեց աշխատել այդ կոնցեպտի վրա, ինչն ինձ բավականին հետաքրքրեց։ Մենք աշխատեցինք կոնցեպտի վրա մոտավորապես կես տարի։ Ես այստեղ հանդիպեցի Ամստերդամի ֆիլմ-թանգարանի տնօրենի հետ, ով ինձ ծանոթացրեց ու ներկայացրեց, թե ինչպես է հիմնվել Ամստերդամի ֆիլմ-թանգարանը, որի կառուցման ընթացքում մասնակցել են ոչ միայն ճարտարապետներ, այլ նաեւ կինոգործիչներ, տարբեր ոլորտի արվեստագետներ։ Իմ կարծիքով, դա շատ ստացված նախագիծ է եւ դարձել է Ամստերդամի կարեւոր վայրերից մեկը, որտեղ հավաքվում են տարբեր տեսակի լսարաններ։ Ես Ամստերդամի թանգարանից վերցրեցի մի քանի լավ գործոններ, դրան զուգահեռ ուսումնասիրեցի աշխարհում այլ ֆիլմ-թանգարաններ, թե ինչ են իրենցից ներկայացնում, իսկ դրանք հիմնականում բազմաֆունկցիոնալ են՝ արվեստ, մշակույթ, կրթություն։ Ուստի պետք է միավորել բոլոր տեսակի ֆունկցիաները, որովհետեւ ժամանակակից թանգարանն իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ համալիր, դու չես գնում այնտեղ միայն արվեստի հետ ծանոթանաս, այլ գնում ես նոր իդեաներ ստեղծես, ինչ-որ բաներ սովորես, ու դա պետք է լինի բոլորի համար՝ փոքր երեխայից մինչեւ մեծահասակ, պրոֆեսիոնալից մինչեւ ոչ պրոֆեսիոնալ»։ 

Անահիտի պատկերացմամբ՝ «Սինեմատեքը» պետք է լինի մի վայր, որտեղ հայը կամ օտարերկրացին գնան ու նոր գաղափարներ ստեղծեն, նաեւ ինչ-որ բան տեսնեն, սովորեն, ոգեւորվեն, խոսեն, կոնֆերանսներ ու վարպետության դասեր կազմակերպեն, այլ կերպ ասած՝ թանգարանը դառնա նաեւ կրթահամալիր, որտեղ դպրոցականները կգան ու կսովորեն ֆիլմարտադրություն, նոր տեխնոլոգիաներ․ «Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ տեսակի ֆունկցիաներ են այդտեղ ներառվելու, ու քաղաքի մասշտաբով ինչ տեսակի թանգարան է լինելու։ Այդ տարածքը ճառագայթելու է տարբեր տեսակի ֆունկցիաներ։ Նույնիսկ շենքի հարակից տարածքը կարելի է ինչ-որ չափով արվեստի հետ կապել, շատ հետաքրքիր կլինի հետիոտն անցումները համատեղել տարատեսակ ցուցահանդեսների հետ, այսինքն՝ ցուցադրությունը դուրս կգա թանգարանից ու կշարունակվի հետիոտն անցման մեջ, ինչը շատ հետաքրքիր մշակույթ կարող է մարդու մեջ ձեւավորել, այսինքն՝ փողոցն անցնի ոչ թե արգելված տեղում, այլ օգտագործի դա, որովհետեւ հետիոտն անցումը, բացի անցումից, կունենա ուրիշ ֆունկցիա՝ ցուցադրություն, այդկերպ նաեւ մարդը մոտիվացված կլինի՝ անընդհատ այս մասով անցնել, որտեղ անցումից բացի նաեւ ինչ-որ բան կատարվում է։ Այդ տիպի մոտեցումները Հոլանդիայում շատ լավ են անում՝ համատեղելով տարածքը տարբեր տեսակի ֆունկցիաների հետ»։

Կոնցեպտի համահեղինակ ճարտարապետն ընդգծում է՝ «Սինեմատեքը» շատ հետաքրքիր նախագիծ է, որն առաջին հերթին նորարարության հետ է կապված․ «Այդտեղ չեն լինելու սովորական ցուցադրություններ, լինելու են տարբեր տեսակի տեխնոլոգիական հնարքներ։ «Սինեմատեքի» գտնվելու վայրն էլ Երեւանի մշակութային առանցքի վրա է, որը կարող է ոչ միայն հայերի համար դառնալ կարեւոր վայր, այլ նաեւ օտարերկրացիների համար կարեւոր միջազգային հարթակ՝ ճանաչելի դարձնելով մեր երկիրն ու մշակույթը»։