Ադրբեջանի հավաքականը դեռ չի ասել, թե անվտանգության ինչ երաշխիքներ է ուզում 

Ադրբեջանի հավաքականը դեռ չի ասել, թե անվտանգության ինչ երաշխիքներ է ուզում 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ինչպես հայտնի է, այս անգամ կայանալու է Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը։ Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: 

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երեւանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցի մոտ 40 երկրի 500-ից ավելի մարզիկ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10 հազար դրամ:

Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում տեղադրվեց առաջնության հետհաշվարկի ժամացույցը: Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաեւ առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել՝ ստեղծելու այս տարվա Եվրոպայի առաջնության պատկերանիշը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հավաքականին, ապա մեզ հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ, նախնական տվյալներով, Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երեւանում կայանալիք առաջնությանը:

«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը՝ 5-6 մարզիկ է գալու, բայց սա էլ դեռ վերջնական ու 100 տոկոսանոց հաստատում չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձեւի եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը, առայժմ այդ գումարն իրենք չեն փոխանցել,- նշեց Կարեն Գիլոյանն ու հավելեց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը որեւէ խնդիր չի դրել Եվրոպայի ֆեդերացիայի առջեւ, անվտանգության երաշխիքներ չի պահանջել։- Ուղղակի հայտը տվել են ու գրանցվել։ Երբ վերջնական այդ ամեն ինչը լինի, մենք էլ մեր վերջնական գործողությունները կհասկանանք։ Բայց ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մյուս ֆեդերացիաների անվտանգությունը պետք է ընդունող կողմն ապահովի։ Դա նորմալ է, օրինաչափ, եւ մենք դա կանենք»։

Թե ինչպես են ապահովելու այդ անվտանգությունը, հատկապես՝ Ադրբեջանի հավաքականի դեպքում, Կ․ Գիլոյանը նկատեց․ «Դե, Ադրբեջանի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք կլինի, դա հետո կորոշենք, բայց նախ կտեսնենք, թե անվտանգության ինչ երաշխիքներ իրենք կուզեն, ի վերջո՝ մենք, անձամբ՝ ես գնացել եմ իրենց երկիր, մասնակցել եմ այնտեղ տեղի ունեցող մրցումներին, մեկը՝ 2007-ի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, մյուսը՝ 2015-ի եվրոպական խաղերին։ Ես տեսել եմ, նաեւ գիտեմ, թե ինչպես է դա արվում, ու հիմա սպասում ենք իրենց քայլերին։ Միայն կարող եմ ասել, որ Եվրոպայի ֆեդերացիան էլ առայժմ մեր առջեւ որեւէ խնդիր՝ հատուկ երաշխիքների, չի դրել, բայց մենք հասկանում ենք, որ, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ հատուկ գործողությունների դիմենք ու մեր հերթին ամեն ինչ կանենք, որպեսզի խնդիր չառաջանա, որովհետեւ սա սպորտ է, ու եթե մենք անցկացնում ենք մրցում, ուրեմն պետք է բոլորին էլ ընդունենք»։     

Մտավախություն չունի՞, որ գուցե թե ադրբեջանական կողմը մրցումների ժամանակ եւ դրանից դուրս գնա սադրանքների։ Օրինակ, օրերս մինչեւ 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանի հետ մենամարտող ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը հայ մարզիկի հաղթանակից հետո ոչ միայն Մանվելյանի ձեռքը չէր սեղմել, այլեւ հարվածել էր հայ ըմբիշին։ «Բայց հետո էլ վերջում մոտեցել ներողություն են խնդրել, հարվածողն էլ իրենց մարզիչներն են։ Եթե իրենց կողմից որեւէ սադրանք, պրովոկացիա կամ այդպիսի քայլեր լինեն, կհետեւեն համապատասխան միջոցներ ու մեթոդներ, այդ ամեն ինչը կա, Եվրոպայի ֆեդերացիա գոյություն ունի, դրա համար կորակազրկվեն, կպատժվեն։ Ամեն դեպքում հույս ունեմ, որ այդքան խելամիտ են եւ իրենց նման բաներ թույլ չեն տա»,- հույս հայտնեց Գիլոյանը։

Ադրբեջանի հանդեպ շիկացած վերաբերմունք կա նաեւ մեր հասարակության մեջ, գուցե որոշակի բոյկոտի քայլեր լինեն արդեն հայկակա՞ն կողմից, դա հաշարկե՞լ են արդյոք։ «Ես հասկանում եմ բոլորին, ու վերջին տարիների իրադարձություններն ավելի են շիկացրել կրքերը, ուղղակի խնդրանքս է, որ մենք հասկանանք մի բան՝ եթե մենք ուզում ենք մնալ աշխարհի քարտեզին, նաեւ՝ սպորտային առումով, պետք է նաեւ մրցումներ կազմակերպենք, կարողանանք ընդունել այսպիսի առաջնություններ, հակառակ դեպքում մենք ամեն ինչից դուրս կմնանք եւ որեւէ մեկին պետք չենք լինի։ Հիմա խնդրանքս է մեր հասարակությանը, որ նկատի ունենան՝ սա սպորտ է, եւ ամեն տեսակ սադրանքները բացառենք այստեղ»։

Եթե հանկարծ Ադրբեջանի հավաքականը կրկնակի կամ եռակի ավելի ռեսուրսներ պահանջի իր հավաքականի անվտանգությունն ապահովելու համար, հայկական կողմը կգնա՞ դրան, կամ կա՞ որեւէ պայման, որի դեպքում չեն համաձայնի բավարարել Ադրբեջանի հավաքականի պահանջները։ «Այնքան չափելի է այդ ամեն ինչը, որ չեն կարող իրենք անսահման բաներ ուզել։ Իրենք պետք է ասեն՝ ապահովեք մեր անվտանգությունը, մենք էլ պետք է ասենք՝ մենք ձեր անվտանգությունն ապահովում ենք, իրենք պետք է ասեն՝ կոնկրետ ինչ են ակնկալում, մենք էլ ասենք, թե ոնց ենք դա անելու, եթե մի ֆանտաստիկ պահանջ չդնեն, որ, օրինակ, մենք պետք է Թբիլիսիում ապրենք, ու ամեն օր մեկը գա, մրցմանը մասնակցի ու գնա․․․ պարզ է, որ մենք այդպիսի բաներ չենք անելու, բայց բաներ կան, որ, ամենայն հավանականությամբ, մի փոքր ավելի խիստ կլինեն՝ ե՛ւ իրենց հանդեպ հսկողությունը, ե՛ւ ավելի շատ ռեսուրսները, բայց՝ ոչ անտրամաբանական։ Ամեն դեպքում, սովորական ռեժիմով անվտանգություն կա՝ ե՛ւ մրցման տեղը, ե՛ւ հյուրանոցում, այլ խնդիր չկա, բայց իրենց դեպքում, այո, 24-ժամյա հսկողություն կլինի»,- ընդգծեց Կ․ Գիլոյանը։