BBC-ն չգրեր, կգրեր CNN-ը․ Մարկ Գրիգորյանը՝ BBC-ի մարտիմեկյան արձագանքի մասին

BBC-ն չգրեր, կգրեր CNN-ը․ Մարկ Գրիգորյանը՝ BBC-ի մարտիմեկյան արձագանքի մասին

Օրերս BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակեց հոդված 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների եւ Մարտի 1-ի դեպքերի մասին։ BBC-ի ձեռքում են հայտնվել Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի քննչական փաստաթղթերը․ 2008-ի մարտի 1-ի բողոքի ցույցերի ընթացքում Երեւանում 10 մարդու մահվան դեպքը։

Հոդվածում նշվում է, որ, ըստ հետաքննության՝ ցուցարարների ուղղությամբ կրակելու հրաման է տվել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։ Նա այժմ Մարտի 1-ի գործով հանդես է գալիս վկայի կարգավիճակում։ Նշվում է նաեւ, որ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան անվտանգության ուժերը։ Իսկ հարցաքննության ընթացքում քննիչները պնդում էին, որ նրա ստորաբաժանումը տեղակայված է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի նկուղում (Բաղրամյան 26)։ Սակայն հոդվածի հեղինակ, BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանն ավելի ուշ,  լրատվամիջոցի հերթական թողարկումներից մեկում, պատասխանելով հարցին, թե՝ «Ծանոթ լինելով գործի նյութերին՝ ի՞նչ կարող եք ասել այն մասին, թե ով է կրակել ցուցարարների վրա», նշում է․ «Մենք չգիտենք, թե ով է կրակել ցուցարարների վրա։ Մենք գիտենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ինչ-որ պահի տվյալներ է ստացել այն մասին, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, հայտնի Օգանովսկի անվամբ, կարող էր ինչ-որ դեր ունեցած լինել այդ իրադարձություններում»։ 

Անցած օրերին մամուլում քանիցս արծարծվեց այն հարցը, թե ինչու է BBC-ն նման հոդվածով հանդես եկել, ո՞րն է նրա քաղաքական շարժառիթը, ի՞նչ ուղերձ է հղում այդ հոդվածով։ 

2003-2014թթ․ BBC-ի լրագրող, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ BBC-ն սովորաբար չի ունենում որեւէ քաղաքական նպատակ իր նյութերը տպագրելիս։ 

«BBC-ն ունենում է պրոֆեսիոնալ նպատակ, իսկ այդ պրոֆեսիոնալ նպատակը հասարակությանն իրազեկելն է տարբեր իրադարձությունների մասին։ Ես չգիտեմ, որ որեւէ դեպք, բացի մարզական իրադարձություններից, օլիմպիական խաղերից, որոնցից առաջ ինչ-որ նյութեր են հրապարակում»,- ասաց Մարկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը չգիտի, թե ով է տրամադրել նյութերը BBC-ին։ Նա նշեց, որ նմանատիպ նյութերի վրա սովորաբար աշխատում են բավականին երկար, կարող են շաբաթներով  աշխատել ինֆորմացիայի վրա, մինչեւ այն պատրաստ լինի։ 

«Եթե նկատել եք, հեղինակը հոդվածում խոսել է բոլոր մասնակիցների հետ, իսկ երբ բոլոր մասնակիցների հետ ես խոսում, դա ժամանակ է պահանջում։ Այնտեղ կա եւ՛ Գագիկ Ծառուկյանը, եւ՛ Սամվել Ալեքսանյանը։ Փորձեք մեկնաբանություն ստանալ Սամվել Ալեքսանյանից, ես շատ հետաքրքրված կլինեմ»,- ասաց Գրիգորյանը։

BBC-ի անդրադարձը Մարտի 1-ի իրադարձություններին որոշակի առումով միջամտություն չէ՞ մեր ներքաղաքական կյանքին, մեծ քաղաքականության մի դրվագ։

«Արգելե՞նք, փակե՞նք BBC-ն, որ չգրի Հայաստանի մասին, որ հանգի՞ստ թողնի Հայաստանը։ Հենց որ BBC-ն չգրի, կգրի CNN-ը, նրան էլ արգելենք, կգրի Foxnews-ը։ Դուք ի վիճակի՞ չեք, չէ՞,  ամեն ինչ փակել, եւ վաղ թե ուշ Հայաստանի մասին լուրերը կհայտնվեն աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում։ Հիմա կարող են հոդվածներ լինել, թե ինչ լավ խորոված եւ ժենգյալով հաց ունենք մենք, կարող են լինել հոդվածներ, թե ինչ լավ ֆուտբոլիստ է Հենրիխ Մխիթարյանը կամ ինչ լավ շախմատիստ է Լեւոն Արոնյանը։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք ասում, որ դա միջամտություն է։ Հենց որ երկրում կատարվում է կարեւոր իրադարձություն, դա հետաքրքրում է ամբողջ աշխարհին, եւ ամբողջ աշխարհի ԶԼՄ-ներն էլ գրելու են այդ մասին։ Իսկ գրելիս ո՛չ Ձեզ են հարցնելու, ո՛չ էլ ինձ։ Ես չգիտեմ, թե ինչքանով կարող ենք հեռուն գնացող եզրակացություն անել, որ BBC-ն խառնվում է հայկական քաղաքական կյանքին եւ փորձում քաղաքական հարցեր լուծել»,- արձագանքեց Մարկ Գրիգորյանը։ 

Ինչո՞ւ հենց Համահայկական ամառային յոթերորդ խաղերի օրերին հրապարակվեց այդ հոդվածը, եւ արդյո՞ք այն չի կարող հակասություն առաջացնել հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ։

Մարկ Գրիգորյանը հակադարձում է․ «Եթե այս նույն հոդվածը հրապարակվեր հունիսին, Դուք կհարցնեիք, թե ինչու է հիմա հրապարակվում, որովհետեւ հիմա  կոնԻՖԱ-ի խաղերն են Ղարաբաղում, դա կարող է կապ ունենալ նրա հետ, եթե այդ նույն հոդվածը հրապարակվեր սեպտեմբերին, ապա տեղի կունենար մեկ այլ իրադարձություն, եւ Դուք նորից կհարցնեիք, թե ինչու հենց այդ իրադարձության օրերին է հրապարակվում։ Նույնը կլիներ հոկտեմբերին, նոյեմբերին եւ այլն։ Դեկտեմբերին կասեիք, թե Ղարաբաղում նախընտրական պրոցեսներ են սկսվել, եւ դա կարող է ազդել այդ պրոցեսների վրա։ Երբ էլ լիներ այդ հոդվածը, Դուք կտայիք նույն հարցը»։