Եկեք չզբաղվենք պատմության ռևիզիայով

Եկեք չզբաղվենք պատմության ռևիզիայով

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված հրապարակումներին` պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայ եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, և ասել․ «Եթե գլոբալ մոտենանք հարցին, ապա կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք պատմականության գիրկը: Այս տեսակետից տվեցինք բոլոր գնահատականները՝ ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է Մարիա Զախարովային՝ գրելով, որ մեծ զարմանքով է կարդացել Գարեգին Նժդեհի մասին նրա վերջին և 2016 թ․ համանման հայտարարությունը, և հիշեցրել, որ ժամանակին գիտակցելով նման ձևակերպումների անընդունելիությունը՝ ՌԳ ԱԳՆ խոսնակը 2016-ի հուլիսի 4-ին խոսքն ուղղել էր իրեն՝ ասելով, որ Գարեգին Նժդեհի հուշարձանը Հայաստանի ներքին գործն է։

«Տևական ժամանակ է, որ երևելի հայկական քաղաքական գործչի ու մտածողի հեղինակազրկմամբ զբաղված է ադրբեջանական քարոզչությունը՝ գնալով մեծացնելով գործին ռուսաստանյան քաղաքական գործիչների, փորձագետների ու մասմեդիայի ներկայացուցիչների ներգրավվածությունը։ Նմանատիպ հակահայկական մանիպուլյացիաների գագաթնակետը դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սկանդալային հայտարարությունը ԱՊՀ երկրների՝ Աշխաբադում անցկացված գագաթնաժողովին։ Նախորդ տասը տարիներին ՌԴ ԱԳՆ-ն իր հրապարակային փաստաթղթերում և զեկույցներում չէր անդրադառնում Գարեգին Նժդեհի թեմային։ Ավելին՝ երկու երկրների ռազմավարական և դաշնակցային փոխգործակցության ո՛չ միջխորհրդարանական, ո՛չ միջկուսակցական հարթության մեջ նման ձևակերպումներ չէին բարձրաձայնվում»։

Զախարովային ուղղված  նամակում Աշոտյանը հարցնում է, թե որն է  նրա հռետորաբանության փոփոխության պատճառը։ «Մի՞թե սովետական ԿԳԲ-ի արխիվներից Նժդեհի մասին Ձեզ նոր փաստեր են հայտնի դարձել»։ Աշոտյանը շարունակում է՝ միգուցե պատճառն ադրբեջանցի լոբբիստնե՞րն են։

«Ինչո՞ւ է այս նոր թեման Ձեր կողմից նոր ուժով տորպեդահարվում Հայաստանում իշխանափոխությունից հետո, վերաձևակերպելով ռուսաստանյան հեռուստատեսության կենդանի դասականին՝ չեմ կարողանում ինձ զերծ պահել գայթակղությունից և հարցնել՝ համընկնո՞ւմ․․․ Միտքը, խնդրում եմ, ինքնուրույն ավարտեք»։ 
 
Աշոտյանը Զախարովային հորդորում է աշխատանքից ազատ ժամանակ ծանոթանալ Նժդեհի անձնական գործին կամ գոնե կարդալ նրա նամակագրությունը Ստալինի ու Վորոշիլովի հետ։ Որպես վերջաբան՝ Աշոտյանը նշում է, որ իշխանությունները գալիս ու գնում են, իսկ եղբայրական հարաբերությունները՝ մնում։ «Իրապես, եկեք չզբաղվենք պատմության ռևիզիայով»,- ամփոփել է Արմեն Աշոտյանը։