Անցնող տարվա խայտառակ հերքումները

Անցնող տարվա խայտառակ հերքումները

Անցնող տարին լեցուն էր անսպասելի իրադարձություններով, որոնց մի մասն օրերով քննարկվում էր թե՛ քաղաքական կուլիսներում, թե՛ շենքերի բակերում եւ թե՛ հատկապես սոցիալական ցանցերում։ Եղան սպասված եւ անսպասելի հրաժարականներ ու պաշտոնանկություններ, հարուցվեցին աղմկոտ քրեական գործեր, հնչեցին բազում շոկային հայտարարություններ։ Հասարակությունն այս տարի, կարելի է ասել, սենսացիաների պակաս չունեցավ, սակայն այդ սենսացիաներն անսպասելի չէին մեզ՝ լրագրողներիս համար։ Անհամեստություն չհամարեք, բայց մենք այդ իրադարձությունների մասին տեղեկանում էինք «մի ոտ շուտ», քան դրանց մասին կհայտարարեին պաշտոնյաները, պաշտոնական ատյանները։ Իսկ մինչ հայտարարելը, որպես կանոն, նրանք հերքում էին մեր ցանկացած տեղեկություն, չնայած հաճախ հետագայում անհարմար իրավիճակում էին հայտնվում։ Տարին լի էր նման միջադեպերով, երբ մենք հաղորդում էինք մի բան, պաշտոնյաները դա համարում էին հերթական բամբասանքը՝ «ֆեյք նյուզ»-ը, իսկ օրեր անց մեր գրած սցենարով այդ լուրերը դառնում էին իրականություն։

Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում գրեց, մինչ այդ իր մամուլի ասուլիսի ընթացքում նրա ազատման մասին խոսեց նաեւ Փաշինյանը։ Իսկ մամուլն այդ մասին գրել էր դրանից մոտ մեկ շաբաթ առաջ՝ նշելով, որ Փաշինյանը կասկածներ է ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված, նրան մեղադրել է, թե իր լծակները լավ չի աշխատեցնում՝ մասնավորապես, ՍԴ անդամների եւ նրանց ընտանիքների ուղղությամբ, եւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման մեղավորն է: Վանեցյանը հակադրվել է Փաշինյանին՝ ասելով, որ դա հարցի լուծման ճանապարհ չի կարող դառնալ։ ԱԱԾ-ից անմիջապես հերքել էին այս լուրը՝ ասելով, որ Վանեցյանը չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն 6 օր անց նա հեռացավ՝ իր հրաժարականի տեքստում ուղղակի եւ  անուղղակի հաստատելով լրատվամիջոցների հրապարակումները։

Նույն սցենարը եղավ նաեւ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի պարագայում։ «Հրապարակն» Օսիպյանի հեռանալուց օրեր առաջ էր գրել նրա հրաժարականի մասին,  նաեւ մանրամասներ ներկայացրել նրա եւ Փաշինյանի խոսակցությունից։ Սեպտեմբերի 17-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանը խոսել էր Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։ Մեզ պատմել էին, որ Վալերի Օսիպյանը կասկածներ է հայտնել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, ապա այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ մեր հրապարակումը նույնպես արագությամբ հերքվեց, իսկ սեպտեմբերի 18-ին նա ներկայացրեց իր հրաժարականի դիմումը։ Ավելին՝ մենք գրել էինք, որ նա հրաժարականից հետո ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվելու մասին իմացել է մամուլից եւ չի պատրաստվում զբաղեցնել այդ պաշտոնը։ Լուրը հերքել էին, բայց երբ պարզվեց, որ նա արձակուրդից չի պատրաստվում վերադառնալ եւ վարչապետի խորհրդական աշխատել, ակնհայտ դարձավ, որ ճիշտը մենք էինք։

Սեպտեմբերի 6-ից դեռեւս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց ԼՀԿ-ից դուրս գալու մասին, դրանից տակավին 10 օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ նա կհեռանա ԼՀԿ-ից եւ մտադիր է քաղաքական ուժ ձեւավորել։ Բաբաջանյանը մեզ հետ զրույցում շատ պինդ հերքել էր՝ ասելով, թե չկա նման բան՝ «ԼՀԿ ֆրակցիայում ինձ շատ լավ եմ զգում»։  Քաղաքական միավոր ստեղծելու մասին մեր հրապարակումն արժանացավ Բաբաջանյանի առանձնահատուկ ուշադրությանը․ նա ստատուս գրեց, հերքեց այն, իսկ 2 ամիս անց «Մարիոթ»-ում հավաք արեց, որտեղ այդ միավորի ստեղծման սկիզբը դրվեց։

Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում վարչապետ Փաշինյանը Հանրային խորհրդի նախագահ նշանակեց Ստյոպա Սաֆարյանին։ Մինչ նրա նշանակումը մենք բազմիցս գրել էինք, որ Վազգեն Մաուկյանի հրաժարականից հետո Փաշինյանը կցանկանա ՀԽ-ն բերել իր վերահսկման տիրույթ եւ ՀԽ նախագահ կնշանակի Ստյոպա Սաֆարյանին, որը հեղափոխությունից հետո անմոռաց ծառայում է Փաշինյանին եւ գործող իշխանություններին, ինչը Սաֆարյանը հերքում էր, թե երբեւէ չի երազել լինել ՀԽ նախագահ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մամուլը ճիշտ էր, իսկ Սաֆարյանը՝ սխալ։

Այս դեպքերը հավաստում են, որ պաշտոնյաների հերքումներին պետք չէ լուրջ վերաբերվել՝ դրանք հետագայում հաճախ հերքվում են եւ մի նպատակ ունեն՝ վարկաբեկել լրատվամիջոցներին եւ լրագրողների աշխատանքը։