Ինչո՞ւ են Թուրքիայում անհետացել ռուս լրագրողները․ նոր մանրամասներ

Ինչո՞ւ են Թուրքիայում անհետացել ռուս լրագրողները․ նոր մանրամասներ

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Թուրքիայում անհետացած լրագրողների գտնվելու վայրի մասին։ Պարզվում է ռուսական հայտնի НТВ հեռուստաալիքի նկարահանող խումբի անդամները ձերբակալվել են Ստամբուլում` չհավատարմագրված նկարահանումներ իրականացնելու համար:

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

«Լրագրողները ձերբակալվել են թուրքական ոստիկանության աշխատակիցների կողմից՝  նկարահանումներ իրականացնելու ժամանակ։ Պարզվել է, որ նրանք այդ նկարահանումներն անցկացնելու որեւէ թույլտվություն չեն ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Թուրքիայի ԱԳՆ-ն սակայն չի հայտնել, թե  ոստիկանական, որ տեղամաս են տեղափոխվել հեռուստաընկերության աշխատակիցները։

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ լրագրողները ձերբակալվել են թուրքական «Baykar Savunma» մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ մասնագիտացած ընկերությանը պատկանող շինության մոտակայքից: Նշենք, որ հենց այս ընկերությունն է զբաղվում հայտնի Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, որն ակտիվորեն կիրառվում էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազեռծած պատերազմում։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող ռուս լրագրողները կապի դուրս չեն գալիս: Նախարարությունում նշել են, որ «վերջին անգամ նրանց հետ շփում է հաստատվել հինգշաբթի, նրանք հայտնել են, որ իրենց ձերբակալել են անհայտ անձինք եւ ինչ-որ տեղ են տանում»: