Ալիեւը հատում է կարմիր գիծը

Ալիեւը հատում է կարմիր գիծը

Երեկ հակառակորդի «գերագույն գլխավոր հրամանատարն» այցելել է սահմանամերձ Թարթառ քաղաք, որտեղ հերթական «գիտական դասախոսությունն» է կարդացել «ադրբեջանական պատմական հողերի» եւ մասնավորապես Երեւանը «հայերին զիջելու» մասին: Նա հպարտացել է, որ  խնդիրն առաջինն է բարձրացրել: Սա կարելի է վստահաբար կոչել հիմարության մասին ինքնախոստովանություն: Այն պարզ պատճառով, որ եթե  նման փաստ լիներ, ապա Ադրբեջանի մանավանդ մուսավաթա-ժողճակատային իշխանությունը, որի առաջնորդը մասնագիտությամբ նույնպես պատմաբան էր, խոսքն Աբուլֆազ Էլչիբեյի մասին է, այդ թեմայով անպայման կխոսեր: Կամ ,,հերոսության,, դափնին կվերցներ Հեյդար Ալիեւը: Երեկ ամբողջ օրը համացանցում  նյութեր էի որոնում: Ի՞նչ է պարզվում:

Իրականում խոսքն այն մասին է, որ երբ անցկացվել են Անդրկովկասյան սեյմի պատգամավորների ընտրություններ, Երեւանի նահանգի իսլամադավան բնակչությանը քվոտայով հատկացվել է երեք տեղ: Սեյմի լուծարման օրերին բոլոր մուսուլման պատգամավորներից, այդ թվում եւ՝ Երեւանի նահանգից ընտրված երեք հոգուց, կազմավորվել է Ադրբեջանի ազգային խորհուրդ: Մայիսի 29-ին այդ կառույցը գումարել է նիստ, որի ընթացքում Երեւանի նահանգից ընտրված երեք պատվիրակները դեմ են արտահայտվել Հայաստանի անկախությանը: Հարցը դրվել է քվեարկության, մեծամասնությունը, հիմք ընդունելով Օսմանյան կառավարության վերաբերմունքը, քվեարկությամբ մերժել է Երեւանի նահանգը նույնպես Ադրբեջանի մաս հռչակելու՝ երեք պատվիրակի պահանջը: Այդ կապակցությամբ մասնավոր հայտարարություն է արել Ադրբեջանի ապագա վարչապետ Խան-Խոյսկին եւ ասել, որ եթե հայերը հետագայում պահանջեն Ղարաբաղը եւ Զանգեզուրը, իրենք էլ կբարձրացնեն Երեւանի հարցը: Ահա սա է ալիեւյան «պատմագիտական գյուտի փաստական հիմքը»:  Նույն օրերին Վրաստանը Զաքաթալայի շրջանը հռչակել է իր տարածքի անբաժանելի մաս, կատաղի վեճեր են ընթացել Բորչալուի եւ Ղազախի հատվածներում սահմանազատման հարցերով:

Մի խոսքով, խառնակ այդ օրերին ով ինչ ասես՝ կարող էր հռչակել: Եւ ի՞նչ: Հիմա Վրաստանը պետք է պահանջի՞ Զաքաթալան: Փաստ  է, որ Բաթումի պայմանագրով Օսմանյան Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը՝ Երեւան մայրաքաղաքով: Այդ պայմանագրի կետերից մեկը վերաբերում է Բաքվից հայկական զինված ուժերը դուրս բերելուն: Սա, ահա, իրավական ստույգ վավերագիր է եւ խոսում է այն մասին, որ 1918թ. հունիսի 4-ի դրությամբ Օսմանյան կառավարությունը Բաքուն համարում էր հայկական վերահսկողության տակ գտնվող քաղաք: Ահա թե ով է ում ինչ զիջել: Իսկ Ալիեւի ցնդաբանության պատասխանը ժամանակին տվել է «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը՝ ասելով, որ եթե Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունն ինքը մայրաքաղաք չուներ եւ թուրքական զինված միջամտությամբ ծվարել էր  Գյանջայում, ինչպե՞ս կարող էր Երեւանը «զիջել հայերին»:

Ըստ երեւույթին, նաեւ այդ պատճառով է Միրկադիրովը ենթարկվել հետապնդման, կալավորվել, դատվել, ապա միջազգային իրավապաշտպան կառույցների համառ պնդումներից հետո «ներման», արժանացել եւ արտաքսվել Ադրբեջանից: Իլհամ Ալիեւն, այսպիսով, անցնում է բոլոր կարմիր գծերը, եւ նրա վարքը պետք է միջազգային քննարկման առարկա դառնա: Հայկական կողմը միջնորդներին կարող է իրազեկել, որ ոչ մի բանակցությունների չի մասնակցի, մինչեւ Ալիեւը հրապարակային հայտարարություն չանի եւ ներողություն չխնդրի պատմական իրողությունները խեղաթյուրելու եւ հայ ժողովրդի ինքնասիրությունը վիրավորելու համար: Ինչպես ասում են՝ սեպը սեպով են հանում: