«Լեկցիա» թելադրել, նշանակում է` ոչ միայն կրթության որակն է ցածր, այլև ուսանողներն են խաբված
«Իմ Քայլը» հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությամբ է հանդես եկել եւ իրականացնում է «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը: Դրանք վարում է Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ծրագրի ղեկավար, ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը, իսկ մասնակցում են 30 անձ: ««Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը նպատակ ունի կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը՝ կրթվել ու կրթել կրթողներին», հայտարարել են նախաձեռնության հեղինակները: Բայց տարօրինակն է նման բան լսել` բուհեր փակելու, կրթական համակարգը հիմնահատակ քանդելու փորձեր անող իշխանություններից: «Հրապարակը» զրուցել է «Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հետ:
- «Իմ քայլը» հիմննադրամն ասում է` «կրթվելը նորաձև է»: Ի՞նչ եք կարծում եղե՞լ է ինչ-որ շրջան, երբ կրթվելը ոչ նորաձև է եղել:
- Անկեղծ կասեմ` չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց ես կարծում եմ, որ կրթությունը պետք է միշտ լինի նորաձև, քանի որ այն կարևորագույն ոլորտներից մեկն է:
- Այսօր Հայաստանում ի՞նչ կրթական խնդիրներ կան: Իշխանությունները շարունակ բուհեր օպտիմալացնելու մասին են խոսում, օրենքով սահմանել են` այն բոլոր բուհերը, որոնք չունեն 4000 ուսանող, պետք է փակվեն:
- Հայաստանի կրթական համակարգը անկախացումից ի վեր ունեցել է լրջագույն խնդիրներ, մասնավորապես` խնդիրը ոչ միայն կրթության որակն է, այլև` կրթության իսկությունը, երբ կրթական հաստատությունները զբաղվում են կեղծ կրթությամբ, խոսքը դրա մասին է: Ուսանողները հիմնականում այդ մասին խոսում են ուսումնառության ավարտից հետո: Տարիներ շարունակ այդ ամենը խորքային հետևանքների է հանգեցրել և մինչ օրս մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների: Ցանկացած նախաձեռնություն, որն իսկապես կրթական համակարգի բարեփոխմանն է միտված միայն ողջունելի է: Դրանով է զբաղվում նաև այն հաստատությունը, որը ղեկավարում եմ: Խոսքը «Մատենա» միջազգային դպրոցի մասին է:
- Իսկ ճի՞շտ եք համարում, երբ արվեստի բուհերը, Կոնսերվատորիան ցանկանում են միավորել կամ փակել: Դա ի՞նչ կապ ունի կրթությունը զարգացնելու հետ:
- Դե գիտեք երկկողմանի հարց է սա, մի կողմից բազմաթիվ բուհեր կեղծ կրթությամբ են զբաղված եղել, իսկ մյուս կողմից էլ մեծ դեր ունի հենց պետությունը: Պետությունը պետք է կեղծ կրթությունն իրականի վերածի, բայց քայլերը պետք է լինեն համապատասխան: Բուհերի խոշորացման մասով կարող եմ ասել, որ կրթության որակի բարելավում կարող է լինել թե խոշոր բուհերի պարագայում և թե փոքր բուհերի պարագայում: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես են համալրելու բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպիսի հետազոտություններ ենք իրականացնելու այդ բուհերում և այլն: Համաշխարհային փորձն էլ ցույց է տալիս, որ կան թե հաջողված փոքր և թե մեծ բուհեր: Կառավարությունն ընտրել է բուհերը խոշորացնելու տարբերակը, ես չեմ ուզում ի սկզբանե գնահատականներ տալ, ցանկացած մոդելի պարագայում էլ կարող են և հաջողություն ունենալ, և ձախողում:
- Կեղծ կրթություն ասելով ի՞նչ նկատի ունեք:
- Մենք հանդիպում ենք դեպքերի, երբ դասախոսները տարիներ շարունակ լսարաններում գրքից թելադրությամբ են զբաղվում: Դա հանդուրժում են, համարում են նորմալ, կարծում են, որ կրթությունը պետք է լինի այդպիսին, իրականում վատնելով ժամանակը, այն կարևորագույն ժամանակը, որը երիտասարդները կարող են ծախսել այլ բաների վրա:
- Սովետական շրջանի դասախոսներն են հիմնականում կարծում, որ «լեկցիա» թելադրելն ամենաարդյունավետ տարբերակն է:
- Դրանք այսօր կեղծ են: Սովետական շրջանում այն կարող էր որոշակի տրամաբանություն ունենալ, քանի որ ինֆորմացիայի տեղափոխման արագ աղբյուրներ չկային, բայց այսօր` ժամանակակից աշխարհում, երբ արհեստական բանականության ժամաանակներում ենք ապրում, չի կարող «լեկցիա» թելադրելը լինել նորմալ: Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ դասախոսները բացարձակ կապ չունենալով առարկայի հետ լսարան են մտնում, նման դեպքերը քիչ չեն և տարիներով շարունակվում են: Անկախ նրանից, թե ինչ բուհի մոդելներ կընտրվեն, այս առումով առանձին ջանքեր են հարկավոր:
- Ինչպիսի՞ն պետք է լինեն ժամանակակից մասնագետները:
- Մենք գործ ունենք մի ժամանակաշրջանի հետ, երբ ինֆորմացիան դարձել է չափազանց հասանելի, ուստի դասախոսի գործառույթները փոխվել են: Վերջերս արհեստական բանականության մասին գիտաժողովի ժամանակ ասացի, որ եթե նախկինում դասախոսները զբաղվում էին ինֆորմացիայի փոխանցմամբ, ապա այս պարագայում պետք է առաջնորդեն ինֆորմացիա փոխանցող համակարգերը, հետևաբար յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում` դասախոսի աշխատանքը տրանսֆորմացվում է առաջնորդության գործառույթի: Այս պարագայում «լեկցիա» թելադրել, նշանակում է, որ ոչ միայն կրթության որակն է ցածր,այլև խաբված են ուսանողները:
Կարծիքներ