Ինչո՞ւ եք Հյուսիսային Կորեա դարձնում, ինչո՞ւ եք պետական ինստիտուտները վերածում մանկապարտեզի․ ավագանու անդամ

Ինչո՞ւ եք Հյուսիսային Կորեա դարձնում, ինչո՞ւ եք պետական ինստիտուտները վերածում մանկապարտեզի․ ավագանու անդամ

«Ավագանու անդամի աշխատանքը կոճակ սեղմելը չէ, ինչին դուք բերում եք այս օրինագծով՝ դարձնելով կոճակ սեղմել, կոճակը սեղմեցիր՝ կփոխատուցվես, չսեղմեցիր՝ չես փոխատուցվի»։ Այս մասին այսօր ավագանու անդամների՝ նիստերին ներկայանալու պահանջները խստացնող նախագծի ժամանակ ասաց անկախ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Նա նայելով դատարկ դահլիճին՝ հռետորական հարց հնչեցրեց՝ ո՞ւր են բա ավագանու անդամները, որոնք պետք է այստեղ լինեին եւ լսեին (նկատի ունի՝ «Իմ քայլը» խմբակցությանը)։

«Ժողովրդավարության բաստիոն էիք կոչում, մասնակցության վրա ինչի՞ թքած ունեք։ Ընդդիմության իրավունքների վրա ինչո՞ւ թքած ունեք, իսկ նիստերը բոյկոտելը, գալ ու չգրանցվելը ընդդիմության  անքակտելի իրավունքն է։ Ընդդիմությունը կարող  է գալ, կանգնել շենքի դիմաց, չմտնել  ներս կամ գալ, չգրանցվել, բայց ելույթներ ունենալ։ Ինչո՞ւ եք Հյուսիսային Կորեա դարձնում, ինչո՞ւ եք պետական բոլոր ինստիտուտները վերածում մանկապարտեզի։ Ի՞նչ է նշանակում՝ բժշկի թուղթ պիտի բերես»,-ելույթում ասաց ավագանու անկախ անդամը։

Նրա խոսքով՝ անլուրջ վերաբերմունք է․ «Ես ուրախ եմ, որ «Իմ քայլում» կան մարդիկ, որոնց կյանքը դզվել է հեղափոխությունից հետո, շատ բարձր տեղերում են աշխատում, 68 հազար դրամի վրա էլ թքած ունեն, կարող են այդ մարդիկ չգա՞լ։ Նույնն էլ քովիդի թեստերի հետ էր արվել՝ ոչ թե կազմակերպելով վերահսկողությունը, այլ չունեւորի գրպանին  խփելով։ Ի՞նչ է նշանակում՝ կեսը կարող եք քվեարկել, մի կեսը չէ, ինչի՞ մյուս հարցերը քաղաքին չեն վերաբերում, էս ի՞նչ թիվ եք դնում։ Սա խայտառակություն է․ ես որեւէ մեկին թույլ չեմ տալիս իմ փոխարեն որոշել՝ քանի հարցի քվեարկել, քանիսին՝ ոչ»։

Նշենք, որ, ըստ այդ նախագծի, նիստերից բացակայելու դեպքում ավագանու անդամին դրամական փոխհատուցում չի տրվի։ Հարգելի պատճառ է համարվում առողջության վատթարացումը կամ արտերկիր գործուղումը։