Անորոշ է թե՛ Արցախի, թե՛ հազարավոր հուշարձանների ճակատագիրը

ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը հայտարարություն է տարածել Արցախում իրականացված էթնիկ զտման եւ հայությանը սպառնացող վտանգների վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված է․ «Միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա կառավարություններին՝ ոչ թե հերթական «մտահոգությունն» արտահայտել արցախահայության դրության վերաբերյալ, այլ հստակ գործողություններ իրականացնել: Նախաձեռնել հայ մշակութային ժառանգության պահպանության միջազգային մշտադիտարկում եւ պատասխանատվության ենթարկել այդ ժառանգությունը ոչնչացնողներին: Ադրբեջանի քաղաքականությունը որակել որպես մարդկության դեմ հանցագործություն եւ նախաձեռնել դրա հետ կապված բոլոր ընթացակարգերը։ Մեր գործընկերներին՝ բոլոր երկրների ակադեմիական հանրությանը, ձայն բարձրացնել ի պաշտպանություն Արցախի բնիկ էթնիկ տարրի, որը 21-րդ «գլոբալ» դարում միայնակ է մնացել հարեւան ֆաշիստական վարչակարգերի օտարատյաց քաղաքականության առջեւ, եւ որի անտեսումը մեծ ու պատմական պատասխանատվություն է դնում գիտական համայնքի վրա»։
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը թերահավատ է, որ այս տեսակ հայտարարություն-կոչերն ինչ-որ գործուն ազդեցություն կարող են ունենալ, բայց մյուս կողմից էլ․ «Շատ փոքրիկ ազդեցություն կարող են ունենալ, թեպետ՝ ոչ լուրջ, սա ավելի շատ մեր՝ ինչ-որ ձեւով մասնակից լինելու ձգտում է եւ ավելի շատ քաղաքացիական խոսք է, քան՝ հույս, որ այդ խոսքն ինչ-որ բան կփոխի։ Իրականում սա մեր ներքին խնդիրն է, եւ մենք այստեղ պետք է ամբողջ մեր ներուժը կենտրոնացնենք, առանց հույսը դնելու որեւէ մեկի վրա»։
Հարցին, թե որեւէ բան հնարավոր եղե՞լ է տարհանել Արցախից, նկատեց․ «Մանրամասն տվյալներ չունենք, բայց ինչ-որ մշակութային արժեքներ եւ այլն, իմ տեղեկություններով, առայժմ դուրս չեն բերվում, որովհետեւ սա 2020թ․ պատերազմի նման չէ, եւ բոլորովին այլ իրավիճակ է․․․»։
Ստեղծված իրավիճակում, երբ մարդկանց տարհանեն, տեսականորեն հնարավոր համարո՞ւմ է հետո գնալ եւ ինչ-որ արժեքավոր արտեֆակտներ՝ խաղաղապահների կամ միջազգային կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ, տարհանել։ «Անհասկանալի իրավիճակ է, եւ մենք էլ ոչ մի լուրջ ինֆորմացիա չունենք՝ հստակ պատասխանելու համար։ Հետո՝ դա կախված է ընդհանուր քաղաքական զարգացումներից, եթե քաղաքական գործիչները լեզու գտնեն, այդ դեպքում հնարավորություն կտան նաեւ մշակութային հարցերի մասին խոսել, բայց եթե այդ ամեն ինչն անորոշ է, անորոշ է նաեւ մշակութային հատվածը»։
Թե մոտավորապես ինչ քանակի պատմամշակութային ժառանգություն թողեցինք Արցախում, Արսեն Բոբոխյանն ասում է, որ կան ոչ թե մոտավոր հաշվարկներ, այլ հստակ ցանկ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության հուշարձանների վերաբերյալ, որտեղ հազարավոր հուշարձաններ են ներառված․ «Այսինքն՝ ոչ թե կոնկրետ հաշվարկ, այլ գրանցված բազմաթիվ հուշարձաններ կան, որոնք Արցախի տարածքում են, եւ դրանք մեծ քանակություն են կազմում»։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որտեղ Ադրբեջանը հայտ ներկայացրեց Հադրութի մշակութային ժառանգությունը յուրացնելու համար՝ օգտագործելով ՅՈւՆԵՍԿՕ-ի հարթակը։
Ավելին՝ մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը մուտքի իրավունք տրամադրել Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ՝ կատարելու կարեւորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից՝ 2020 թվականի նոյեմբերին, որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։
Սա ինչի՞ մասին է խոսում, որքանո՞վ են գործուն ՅՈւՆԵՍԿՕ-ի պես կառույցները։ «Անձամբ ես միջազգային կառույցներին առանձնապես չեմ հավատում, ամեն ինչ կախված է ընդհանուր քաղաքական վիճակից։ Եթե քաղաքական իրավիճակը կայունանա, կկայունանա նաեւ մշակութայինը, դրանք փոխկապակցված բաներ են, իսկ միջազգային կազմակերպություններ եւ այլն, դրանք՝ բոլորը, քաղաքականության սպասարկողներ են, որոնք ոչ մի ինքնուրույնություն չունեն։ Այսինքն՝ մշակութային բարոյականության մասին խոսելը բացարձակ անիմաստ է։ Նաեւ, որպես պատմաբան, կարող եմ ասել, որ միշտ էլ այդպես է եղել, հույսդ քեզ վրա պետք է դնես եւ փորձես ինքդ քո հարցերը լուծել, իսկ մնացածը քաղաքականություն է, մշակույթն էլ է քաղաքականություն։ Այսինքն՝ ապրիորի բարոյականություն՝ մշակութային իմաստով, գոյություն չունի»։
Կարծիքներ