Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության

Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի իր որոշ հայտարարությունների համար։

«Արայիկ Հարությունյանը հրապարակային ինչ-որ սպառնալիքներ է տեղում քրեական գործերի մասին, գիտեմ՝ արկղերը լցնելու մասին եւ այլն։ Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված էստեղ կա՝ կա՛մ սուտ մատնության հոդվածն է, երբ հանցագործության մասին սուտ մատնություն է ներկայացնում անձը՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կա՛մ հանցագործություն է պարտակում, երբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության գործիքը, առիթը, թեման կանխամտածված քողարկվում են։ Հակառակ դեպքում, Արայիկ Հարությունյանի արտահայտած այս սպանալիքներն ունեն մեկ քաղաքական նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը, ցավոք, Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է նախաձեռնել եւ իրականացնում է։

Մինասյանը, հիշեցնենք, իր երկու կուսակից ընկերների հետ ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանն ու ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչների հասցեին հնչեցրած արտահայտություններին։

Մենք նկատեցինք, որ Արայիկ Հարությունյանն իրենց քննադատություններին հակառակ՝ հիշեցնում է, որ երբ դաշնակցական Լեւոն Մկրտչյանն էր ԿԳ նախարարը, նրա օրոք դպրոցներն ու բուհերը քաղաքականացված էին, կուսակցականացված էին, կոռումպացված էր կրթական համակարգը եւ այլն, եւ այլն։

Ի պատասխան՝ Մինասյանն ասաց, որ իրենք, այդ թվում՝ Լեւոն Մկրտչյանը, բոլոր հարցերի շուրջ պատրաստ են բովանդակային բանավեճի։ «Դե, եթե էդքան ցանկություն կա, կամ էդքան վստահ է իր ուժերին, թող բանավիճի։ Մի որոշ ժամանակ առաջ էլ հրավիրել էինք բանավեճի»,- ասաց ՀՅԴ անդամը։

Մեր դիտարկմանը, թե հիմա հեռակա բանավեճ է տեղի ունենում, ինքն ինչպե՞ս կարձագանքի այդ պնդումներին, Մինասյանն ասաց․ «Հիմա կարելի է գնալ՝ Տիգրան Մեծից գալ, ես էլ ասում եմ՝ իսկ Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչեւ հեղափոխությունը, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ո՞վ էր ինքը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել»։

Նորից պնդեցինք մեր հարցը, որ Հարությունյանը հայտարարում է, թե Լեւոն Մկրտչյանի օրոք կրթական համակարգը կուսակցականացված եւ քաղաքականացված էր։ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ եթե օրենքով նախատեսված խախտումներ են տեղի ունեցել, դրա համար պատասխանատվության հստակ մեխանիզմներ կան։ «Բանավեճի պատրաստ ենք, քրեականով պետք է ինքը գործ անի, հակառակ դեպքում իր նկատմամբ պետք է հարուցվի, եւ, ի վերջո, կրթական քաղաքականության մեջ ինքն ի՞նչ է արել, բացի էս արատավոր գործողություններից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։