Ով ով է նոյեմբերի 9-ից հետո, կամ` եթե բռնեն-ծեծեն՝ ուրիշ բան

Ով ով է նոյեմբերի 9-ից հետո, կամ` եթե բռնեն-ծեծեն՝ ուրիշ բան

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի ստորագրումից գրեթե մեկ ամիս է անցել։ Մինչ հինգ պատգամավոր լքել է խմբակցությունը, և միայն մեկը՝ Գայանե Աբրահամյանը, հրաժարվել մանդատից, իմքայլականների հիմնական մասն ապրում է ոչ հրապարակային, անգամ՝ կիսաընդհատակյա ռեժիմով․ խորհրդարան չեն գնում, առաջին օրերին տնից անգամ դուրս չէին գալիս։ Մանավանդ, որ նրանց քաղաքական հակառակորդները սկսել են նրանց տների մոտ ցույցեր անել, այն, ինչ իրենք անում էին ՀՀԿ-ականների նկատմամբ։ Բանը, իհարկե, սև ժապավեններին ու դագաղներին չի հասել, բայց հավաքվում են մի խումբ երիտասարդներ ու  բակում մեգաֆոնով վանկարկում՝ դավաճան։ Թե այս օրերին որտեղ են, օրինակ, աներձագ Հրաչյա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը, Հայկ Սարգսյանը, հաշված մարդկանց է հայտնի։ 

Չկա նախկին ակտիվությունը նաև սոցիալական ցանցերում․ 25-օրյա կտրվածքով մոնիտորինգը ցույց տվեց, որ ԻՔ-ականների հիմնական մասը չքվել է նաև Ֆեյսբուքից: Վահագն Թևոսյանը, ում բակ ևս այցելել էին, նոյեմբերի 27-ից ապաակտիվացրել էր իր ֆեյսբուքյան էջը։ Եվ անջատում է հեռախոսը։

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վերջին գրառումը, օրինակ, նոյեմբերի 9-ինն է․ կիսվել է Նիկոլ Փաշինյանի՝ այդ օրվա առաջին գրառումով, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ ԻՔ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի վերջին գրառումը սեպտեմբերի 17-ին է՝ պատերազմից առաջ։ Իսկ ԻՔ-ական պատգամավոր, «ՀԺ»-ի նախկին լրագրող Հայկ Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում չի արել դեռ օգոստոսի 6-ից, երբ այդ օրը գրել էր․ «Գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել իմանալը դեռ չի նշանակում լինել մաթեմատիկոս կամ ունենալ կուռ տրամաբանություն»։ Սիփան Փաշինյանի էջում,  առհասարակ, նախապատերազմյան շրջանի 2 գրառում է ու 2019-ի դեկտեմբերին՝ ինչ-որ մի նախագծի մասին քննարկման տեսանյութ։ Մի օգտատեր, որ մտել էր նրա էջ նոյեմբերի 9-ի դեպքերից հետո, անզորությունից նրա այդ գրառման տակ նոյեմբերի 10-ին գրել է․ «Դավաճաններ, շուտափույթ հրաժարական տվեք Ձեր նիկոլ փաշայի գլխավորությամբ և չքվեք անհետք: Դուք թուրքից բեթար եք»։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը նույնպես պատերազմից հետո գրառումներ չի արել։ Վերջինը նոյեմբերի 7-ի ամսաթվով ու անգլերենով նրա «God bless Artsakh»՝ «Աստված պահպանի Արցախը» գրառումն է: Բաբկեն Թունյանի պաշտոնական էջից կարելի է դատել, որ նրա գրառումները  ևս նախապատերազմյան շրջանի են։

Սիսակ Գաբրիելյան․ վերջին գրառումները` հոկտեմբերի 6-ին ու 7-ին։ Որ «գմփցնում ենք»։
Մաթևոս Ասատրյան․ ոչ մի գրառում, Ավետիսյան Ալեքսանդրը հենց կապիտուլյացիայի օրը՝ դրանից մի քանի ժամ առաջ գրել է․ «Հայեր, եկեք հանդարտվենք, վստահենք մեր բանակին և սպասենք պաշտոնական ինֆորմացիայի։ Եվ ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ հաղթելու ենք!!»։ Հետո ոչ մի գրառում, միայն կիսվել է Նիկոլ Փաշինյանի հերթական բացատրությամբ, թե ինչու պարտվեցինք պատերազմում։

Թիմի այլ կարկառուն անդամներ և նախարարներ․ «ՊՈԱԿ Հովհաննես Մովսիսյանի» նախավերջին գրառումը նոյեմբերի 9-ին է, այն մասին, որ այդ օրը ամբողջ օրն անհետացած Արծրուն Հովհաննիսյանը վատառողջ է եղել։ Եվ վերջինը․ տևական ժամանակ անց՝ ՀՀ հեռուստատեսության 64-ամյակի կապակցությամբ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 9-ին կիսվել է Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի գրառմամբ, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, հետո տևական ժամանակ ոչ մի բան չի գրել ու միայն նոյեմբերի 25-ին տեղեկացրել է, որ իր տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է։

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը գրառում չի արել, թեև նոյեմբերի 9-ից հետո արել է․ դատապարտել է ջարդարարներին, խոստացել, որ «մեր թատրոններն ունենալու են ամենալավ պայմանները», ինչպես նաև՝ « բեկում՝ մշակույթի միջոցով»:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին գրառումը, ավելի ճիշտ՝ վերջին լուսանկարը, եղել է հուլիսի 3-ին` Արցախի տատիկ-պապիկի հուշարձանի մոտ:

Թեպետ ոմանց համար նոյեմբերի 9-ից հետո կյանքը շարունակվում է, ԱԺ նստաշրջանի նիստերի ու եթերների են գնում, շարունակում ակտիվ լինել Ֆեյսբուքում, ինչպես, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արմեն Խաչատրյանը, Վլադիմիր Վարդանյանը, Ալեն Սիմոնյանը, Սոֆյա Հովսեփյանը,  Արուսյակ Ջուլհակյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Մարիա Կարապետյանը, Հովիկ Աղազարյանը, Սոֆյա Հովսեփյանը, խմբակցությունից դուրս եկած Թագուհի Թովմասյանը և խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին բարձրաձայնած Լուսինե Բադալյանը։

ԻՔ-ում մնացած ակտիվ պատգամավորներից միայն Լուսինե Բադալյանն ու Սոֆյա Հովսեփյանն են, որ հարցեր ունեն կամ համաձայն չեն։ Լուսինե Բադալյանը, օրինակ, մի քանի օր առաջ գրել էր․ «Հիմա դիմում եմ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին. ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը, հիշո՛ւմ եք, բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ: 
ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես Ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ: 

Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը։ Շնորհակալ եմ ըմբռնման համար»։

Սակայն առայսօր Լուսինե Բադալյանը մանդատը չի դրել։ «Հրապարակը» չստացավ հարցի պատասխանը, որովհետև միշտ հասանելի Լուսինե Բադալյանը երեկ հեռախոսին չէր պատասխանում։ Գուցե այն պատճառո՞վ, որ նրանց բակ ևս այցելել էին, իսկ նրա մայրն էլ եռացրած ջուր էր լցրել վանկարկողների վրա։ Ստիպված էինք պատճառների մասին հարցնել ԻՔ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, որը հաստատ չգիտեր, բայց ենթադրեց․ «Դե, ինքն իր քայլը հիմնավորեց, որ չէր ասել՝ դնելու եմ, ասել էր՝ եթե սենց շարունակվի, կդնեմ»։ 
Ինչևէ, շարունակենք ԻՔ-ականների պահվածքի մոնիթորինգը։ Նույն խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանը, որ հոգեցունց տողեր էր գրել կապիտուլյացիայից հետո՝ «Ես չեմ պատրաստվում հաշտվել իրողության հետ։ Թվում է՝ մղձավանջ է, որն ավարտվել չի ուզում։ Երբ իմացա եղելությունը, կարծում էի, որ ծանր էին առաջին րոպեները, թթվածինը չէր հերիքում, ու ինքնատիրապետումս կորցրել էի», այսօր արդեն հայտարարում է՝ Արցախի կորսված մասը վերականգնելու ենք։ Կամ՝ «Պետք է վաղ թե ուշ հետ բերենք կորսվածը»։ Բայց Նազելի Բաղդասարյանը շարունակում է քաղաքական պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի համար։ Գրել է․ «Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդացի, ինքնատիրապետումս կորցրել էի, չէի ուզում հավատալ գրված ոչ մի տառին ու բառին։ Այո՛, տեղյակ չեմ եղել, բայց, այո՛, պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն մեր թիմի յուրաքանչյուր անդամի հետ: Այլ կերպ չի կարող լինել»։ Փաշինյանի նախկին խորհրդական Արփի Դավոյանը նույնպես ակտիվ կիսվում է իր «կոնտր»-ելույթներով, վարչապետի ընդունարան ներխուժածների կադրերով, երեկ էլ կիսվել էր ԻՔ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գրառմամբ, որ շատ ամոթալի է, երբ ԻՔ-ից նեղ օրերին հեռանում են, բայց մանդատը վայր չեն դնում։ Դե այն, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր։ ԻՔ-ական Մարիա Կարապետյանը ևս ակտիվ նեղ օրերի ընկերներից է․ կիսվում է պարետ Ավինյանի ու աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի որոշումներով ու, իհարկե, Նիկոլ Փաշինյանի մտքերով,  իր ելույթներով ու հաղորդումներով։

Ասում են՝ ԻՔ-ում նույն այն իրավիճակն է, ինչ ողջ երկրում՝ թշնամանք, ու մի մասը մյուսին փոխադարձ համարում կամ կոչում է «դավաճան»։ Բայց հակառակ իմաստներով։

ՀԳ․ Նյութը գրելու ընթացքում մեզ հաջողվեց կապ հաստատել Հրաչ Հակոբյանի հետ։ Հարցին, թե նա վերջին շրջանում հանրապետությունում եղե՞լ է, վերջինս որոշ դադարից հետո ասաց՝ այո։ Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ իրենց բակեր էլ են այցելում, ասաց՝ հարցազրույց չեմ տալիս։ Հարցազրույց չէ, հարց է։ «Չեմ պատասխանում հարցին»,- ասաց Հրաչ Հակոբյանը։ Նույն հարցը, թե ինչպես են վերաբերվում նրան, որ նույն զենքն իրենց դեմ է կիրառվում, տվեցինք նաև պարոն Աղազարյանին։ Չե՞ն վախենում բակային այցելություններից։ Վերջինս ասաց․ «Ինչի՞ պիտի վախենանք, մարդիկ իրենց բողոքն են արտահայտում՝ որակելով «դավաճան», «դավաճան» մի քիչ կոպիտ բառերով։ Դե, իրենց բողոքի ձևն է, ի՞նչ կա վախենալու կամ անհանգստանալու։ Եթե բռնեն-ծեծեն, ուրիշ բան․․․ Բայց պայքարի ձև է, եթե քաղաքական գործիչը դրանից պիտի ընկրի, ուրեմն իր տեղում չէ»։