Հայկ Մարությանի կուսակցությունը 2 շաբաթ առաջ գրանցվել է, ինչ է ծրագրում «Նոր ուժը»
Նախորդ շաբաթ մամուլում գրվեց, որ Հայկ Մարությանը, ով նոր կուսակցություն է հիմնել, որի գրանցումը բավականին երկար տեւեց, աշնանը Բագրատ Գալստանյանից ու հիմնական ընդդիմությունից անջատ փողոցային պայքար է սկսելու: Ի՞նչ պայքարի մասին է խոսքը, ի՞նչ է ծրագրել նախկին քաղաքապետ, դերասան Մարությանը, ի՞նչ կոնկրետ քայլերի է դիմելու նա, այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանից, ով «Հրապարակին» հայտնեց, որ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունն արդեն գրանցվել է, օգոստոսին նախատեսվում են հանդիպումներ:
- Մամուլում հրապարակումներ եղան, որ աշնանը «Նոր ուժ» կուսակցությունը` Մարությանի գլխավորությամբ, ակտիվ գործողություններ է սկսելու` ընդդիմադիրներից անջատ: Ի՞նչ է նախատեսել նորաստեղծ կուսակցությունը:
- Անկեղծ ասած, չգիտեմ ով ինչ է գրել, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Եթե նման բան լիներ, ես կիմանայի, իսկ ես գիտեմ, որ նման որևէ գործողություն չի նախատեսվում: Մենք նախատեսում էինք տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ իրականացնել, բայց քանի որ ռեֆորմը տեղափոխվեց հունվարից հետո, մեր ծրագրերն էլ տեղափոխվեցին: Այս պահին մեր կուսակցության մեծ մասն արձակուրդում է և, որպես այդպիսին, քննարկում չի էլ եղել: Քննարկումները նախատեսված են օգոստոսի վերջ: Այնպես որ չգիտեմ, թե ինչու են նման տեղեկություններ գրում, գուցե քանի որ կուսակցությունը նոր գրանցվեց, դրա հետ են կապված այդ խոսակցությունները:
- Կուսակցությունը գրանցվե՞ց վերջապես, այդ մասին դեռ մարտ ամսից էր խոսվում:
- Այո, երկու շաբաթ առաջ պաշտոնապես գրանցվել է, գուցե հենց դրա հետ էլ կապված են պայքար սկսելու մասին լուրերը: Ե թե նման բան լիներ, ես որպես կուսակցության վարչության անդամ տեղյակ կլինեի, եթե չգիտեմ, ուրեմն վստահաբար չկա: Ես, իհարկե, չգիտեմ, թե աշնանն ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն այժմ ակտիվ բան չենք պլանավորում:
- Այդ դեպքում ինչո՞ւ է ստեղծվել «Նոր ուժ» կուսակցությունը:
- Հիմնականում այս փուլում կենտրոնանալու ենք կուսակցության ինստիտուցիոնալ զարգացման վրա, հանդիպումներ ենք ունենալու սեպտեմբերից մեր համակիրների հետ` մարզերում և փորձելու ենք կուսակցության ինստիտուցիոնալ զարգացումն ու տեսանելիությունը զարգացնել: Մարդկանց պետք է տեղյակ պահել: Առաջիկայում հերթական, գուցե նաև արտահերթ ընտրություններ կարող են լինել: Ամեն դեպքում արտահերթի մասին դեռևս չի խոսվում:
- Կուսակցությունն այս պահին քանի՞ անդամ ունի:
- Կուսակցության հիմնադիր ժողովի անդամներն են դեռևս` 411 հիմնադիր անդամ: Սեպտեմբերից կպլանավորենք նաև ընդգրկել մեր համախոհներին:
- Քանի՞ հայտ ունեք այս պահին:
- Քանի որ կուսակցությունը դեռ նոր է, որպես այդպիսին չի եղել հայտերի ընդունում, դա էլ աշնանը կհայտարարենք, դիմումները կընդունենք և ամեն ինչ պարզ կլինի:
- Ավագանու ձեր թիմակիցներից բացի, ովքե՞ր են կուսակցությանն անդամակցում: Իզաբելլա Աբգարյանը, Նարե Արամյանը մեզ հետ զրույցում նշել են, որ չեն անդամակցելու «Նոր ուժ»-ին:
- Արամ Թորոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովսեփ Կուբաթյանը անդամակցում են մեր կուսակցությանը: Կան մարդիկ, ովքեր իսկզբանե եղել են անկուսակցական, կան մարդիկ, ովքեր «Ազգային առաջընթաց»-ի անդամներ են:
- Ի՞նչ արտաքին ուղղվածություն ունի «Նոր ուժ»-ը:
- Կուսակցությունն արևմտամետ է, քանի որ սոցիալ-դեմոկրատական է, իսկ նման կուսակցությունները հիմնականում եվրոպական երկրներում են, մենք նույնպես այդ գաղափարական հիմքի կողմնակիցն ենք, արտաքին քաղաքականության մեջ բալանսավորված քաղաքականությանն ենք կողմ, բայց Հայաստանի զարգացումը տեսնում ենք եվրոպական ինտեգրման ճանապարհով:
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Նոր ուժ»-ը ստեղծվել է հիմնականում մեկ նպատակով` մասնակցել պառլամենտական ընտրություններին: Նշեցիք, որ ոչ մի այլ մտահղացում այս պահին չկա:
- Բոլոր կուսակցություններն էլ այդ նպատակով են ստեղծվում, եթե չպետք է ընտրություններին մասնակցեն, էլ ինչո՞ւ են կուսակցություն հիմնադրում, կուսակցությունները իշխանության համար պայքարելու համար են, կամ գուցե ընդդիմություն դառնալու համար: Չկա որևէ կուսակցություն, որը կասի մենք ստեղծել ենք կուսակցություն, որ զբաղվենք միայն հասարակական գործունեությամբ: Հակառակ դեպքում կարող են ուղղակի հասարակական կազմակերպություն հիմնադրել:
- Բայց նշում եք, որ պայքար չեք սկսելու:
- Առաջիկա երկու տարում պետք է կայացնենք կուսակցությունը, դա է մեր հիմնական խնդիրը, պետք է նոր ուժ կայացնենք, որը քաղաքացիների շրջանում կձևավորի վստահություն, իսկ ընտրությունն ուղղակի մեթոդ է, քաղաքական օրակարգն իրականացնելու: Խոսքը ոչ միայն Ազգային ժողովի ընտրությունների մասին է, այլև տեղական: Ամեն դեպքում ահագին աշխատանք ունենք անելու, պետք է ձևավորենք դեռ մարզային ստորաբաժանումներ և այլն: Այնպես չէ, որ երկու տարի ուղղակի սպասելու ենք ընտրությունների օրվան:
Կարծիքներ