Ո՞ւր էին կորել արեւն ու լույսը 90-ականներին

Ո՞ւր էին կորել արեւն ու լույսը 90-ականներին

Իրենց մանկությունը

     Հիմա, երբ ապրում ենք մոլորակի ամենատաք ձմեռներից մեկը, հիշողությունս տարօրինակ կերպով տանում է դեպի 90-ականների ձմեռները: Մեր մանկությանը տրվեց «ցուրտ ու մութ տարիներ» արտահայտությունը, որը քաղաքական վիճարկումների առիթ է տալիս նաեւ այսօր եւ ընդդիմացողների անունից վերափոխվում «հաղթանակի տարիներ»-ի: Մի հեռուստատեսային կատակերգական ֆիլմում էլ չարի ծաղրական կերպարը դժոխքը նկարագրելու համար ասում էր, թե այնտեղ միշտ 93 թվականն է ու ձմեռ:

      Երկիրը պատերազմի մեջ էր, եւ դրա դառնությունը ճակատում ապրողներից քիչ, բայց զգում էինք նաեւ մենք` թիկունքի երեխաներս: Սակայն այսօր՝ 90-ականների երեխաների համար էական նշանակություն չունի, թե ինչպես կկոչվեն այդ տարիները, նրանց համար կյանքի այդ շրջանը կմնա ամենաերջանիկներից մեկը: Զարմանալի պարադոքս է, որ պատերազմող երկրում ապրող երեխաները, որոնք երջանիկ ընտանիքներում մեծանալու բախտավորություն են ունեցել, հիմնականում իրենց մանկությունը վառ գույներով են հիշում: 90-ականների հայաստանցի երեխաների մեծ մասն էլ իմ պես սիրում է իր մանկությունը, թեպետ նրանց ծնողների համար այդ տարիները եղել են հենց դժոխային: 

       90-ականների սերնդի համար կարեւոր չէ, թե ինչպես կկոչվեն այդ տարիները, բայց, հավանաբար, նրանցից շատերի մեջ առաջացել է այս հարցը. «Իսկ ո՞ւր էր կորել հայկական ամառվա անտանելի շոգը, թե՞ ամառն ինքն էր կորել, ո՞ւր էին կորել արեւն ու լույսը»: Հավանաբար, որեւէ տեղ գրված կլինի, թե պատերազմների ժամանակ կորում են արեւն ու լույսը, բայց ո՞ւր: Այս հարցին պատասխանելու համար նորից փորփրեցի մանկությունը, բայց այդպես էլ ոչ մի անուն չկարողացա տալ:

Այդ գյուղն ու մեր մանկությունը

       Երեւանին բավականին մոտ մեր գյուղը, որի մասին ասում էին, թե շրջակայքում իր համբավով լավագույններից մեկն էր եղել, այդ տարիներին նմանվել էր շատ ուժեղ գլխացավ ունեցող մարդու, որ ուղղակի բնազդորեն շարունակում էր աշխատել: Հիմա այդ նույն գյուղի սուպերմարկետում քմահաճորեն հաց ընտրելիս չեմ մոռանում, որ ամենադժվար օրերին տղամարդիկ ոտքով հինգ-վեց կիլոմետր քայլել են՝ Երեւանից հաց գնելու համար: Հիմա, երբ շփոթվում եմ, թե երեխայի համար ավազների որ գույնը կարելի է ընտրել, հիշում եմ մեր ամենասիրելի խաղերից մեկը, երբ տարայի կափարիչին ուղղակի հող ու ջուր էինք լցնում ու «տորթ» սարքում:

       Խանութում գնդակների տեսակների առատությունից խճճվելիս հիշում եմ, որ այդ տարիներին գնդակ ունեցող տղան մի տեսակ Աքիլես էր դառնում եւ մինչեւ դրա պայթելը կարող էր վայելել բոլորի սիրելին լինելու հաճույքը, իսկ տատիկը, ում պատուհաններին կկպներ այդ գնդակը, ասեղի օգնությամբ կարագացներ առանց այն էլ կարճ կյանք ունեցող գնդակի մահը: Այդպիսին էին այդ տարիները Արարատյան դաշտի մեր գյուղում, երբ այնքան իսկական էին ձմեռները, որ մի քանի ամիս ձյունը տանիքներից չէր հալվում. հիմա ձմեռներն այնքան տաք են, որ արագիլներն այլեւս չեն չվում: 

Ի՞նչն էր սխալ

       «Ցուրտ ու մութ տարիներին, երբ էս նույն սեղանը դատարկ էր, մենք ինչո՞ւ էինք ավելի ուրախ, իսկ հիմա, տեսեք, սեղանին ամեն ինչ կա, բայց ինչ-որ բան այն չի»,- արդեն 2000-ականներին ձմեռային մի ցուրտ օր հավաքի ժամանակ մի կենսախինդ կին հարցրեց կամաց ձայնով: 

       Բնական է, որ մարդիկ ընդգծված կարոտախտով են հիշում իրենց մանկության ու երիտասարդության տարիները: Բայց տարօրինակ է, որ մարդկային հոգեբանությանը հատուկ է կարոտով հիշել անգամ այն օրերը, երբ իրենք խեղդված են եղել ձանձրույթի կամ նույնիսկ ցավի մեջ: Այսպես կրկնվող շրջանակ է դարձել, որ ամեն սերունդ իր մանկության ու երիտասարդության տարիները համարում է լավագույնը, իսկ նոր սերնդինը` անբովանդակ: Եվ ստացվել է այնպես, որ 90-ականների սերնդի մանկությանը տրվել է մռայլության պիտակը, բայցեւ պատվել է հուզական նոստալգիայով, իսկ 2000-ականների ու այսօր մեծացող երեխաներին ավագները նայում են խղճահարությամբ, որովհետեւ այդպես էլ չեն հասկանա, թե ինչ է իսկական մանկությունը: Իսկ ճշմարտությունը, հավանաբար, երկու եզրերի մեջտեղում է:

      Մենք չէինք ընտրել այն մանկությունը, որտեղ չկային գույներ ու խաղալիքներ, բայց հիմնականում եղանք երջանիկ: 2000-ականների երեխաները չեն ընտրել, այսպես ասած, «iՄանկությունը», որը ճնշված է ինտերնետով ու սմարթֆոններով, բայց գույներով լիքն է: Երեւի անարդյունք աշխատանք է նրանց մանկությանը որեւէ պիտակ տալը, որովհետեւ, երբ մեծանան, կսիրեն իրենց մանկությունն այնպես, ինչպես սիրել են 90-ականների երեխաները: Նրանց, որոնց մանկության տարիներին չկային էլեկտրականություն (լույս) ու ջերմություն (արեւ): Չկային, որովհետեւ նաեւ պատերազմ էր, իսկ պատերազմի ժամանակ այդ լույսն ու արեւը փախել ու թաքնվել էին այդ երեխաների մեջ: 2016 թվականի ապրիլին, երբ մոլորակն արդեն ապրել էր իր ամենատաք ձմեռներից մեկը, 90-ականներին ծնված ու մեծացած տղաները, որոնք շատ երկրային էին, բայց որոնց մեջ էին այդ կորած արեւն ու լույսը պահվել, մի անգամ էլ հաղթեցին ցրտին ու մթին:

Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ