Քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթներին ու բարեկամներին պետք չէ լավություններ անել. Տիգրան Ավինյան

Քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթներին ու բարեկամներին պետք չէ լավություններ անել. Տիգրան Ավինյան

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում։

Մինչ քվեարկությանն անցնելը Ավինյանը ելույթով հանդես եկավ։

Իր ելույթում անդրադարձ կատարեց նաեւ Երևանի խնդիրներին.

«Երեւանում մարդիկ մանկասայլակով տեղաշարժվում են չհարմարեցված մայթերով, շատերն աշխատանքից ու դասից ուշանում են՝ արդարացի դժգոհելով կանգառում երկար ավտոբուսին սպասելուց. Երեւանը խաղահրապարակ չունենալու պատճառով գարաժների դռները դարպաս սարքած երեխաներն են եւ այն բոլոր ծնողները, որոնք կեսգիշերին հրավառության ձայնից արթնացած իրենց երեխաներին են հանգստացնում»։

Նա ընդգծեց, որ քաղաքում պետք է գործի հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ սկզբունքը. «Չի կարող մեկի անհատական շահը, իր բակում կառուցվելիք ավտոտնակը ավելի կարեւոր լինել, քան երեխաների խաղահրապարակում խաղալու հնարավորությունը: Չի կարող մեկի շինարարությունն ավելի կարեւոր լինել, քան քաղաքի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթներին ու բարեկամներին պետք չէ լավություններ անել:
Մեր երազանքի Երեւանն ունենալու համար առանց ձեր օգնության հնարավոր չէ: Երեւանի համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր բնակիչ, ինչպես մի մեծ ընտանիքում: Որքան էլ մաքրության պահապանները մեր հետեւից հավաքեն, մաքրությունը մեր բոլորիս  հանրային պատասխանատվությունն է, մեր բլորիս հասանելիքն անելով քաղաքում բոլորովին այլ մթնոլորտ կձեւավորենք: Այս ամենն իրականություն դարձնելու համար անչափ կարեւորում եմ մեր մշտական շփումները: Եթե անկեղծ լինենք, կաբինետային աշխատանքը հաճախ ստիպում է պաշտոնյային ազատվել իրական կյանքից, կենտրոնանալ թղթաբանության վրա: Ցավոք, սա բերում է ոչ դրական հետեւանքների: Իմ մշտական կապը ես ապահովելու եմ Երեւանի քաղաքացիների հետ վարչական շրջայցերով, վարչական կենտրոններում ընդունելություններով եւ անպայմանորեն օգտագործելով էլեկտրոնային հարթակները»։