Աշխարհը դեռ շարունակում է մնալ նոր տիպի կորոնավիրուսի տիրապետության տակ
Նոր տիպի կորոնավիրուսը դեռ շարունակում է գրեթե անսասան դիրքերով իր տիրապետության տակ պահել ողջ աշխարհը։ Վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 430 հազարին։ Մահացածների թիվը ամբողջ աշխարհում 19 հազար 120 է, ապաքինվածներինը՝ 109 926։ Համավարակի օջախներ են շարունակում մնալ՝ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան։
Ընդ որւմ, եթե մարտի 15-ին ընդհանուր հիվանդացության թիվն աշխարհում եղել է 167 485, ապա ընդամենը 10 օր անց՝ մարտի 24-ին՝ հիվանդության թիվը աշխարհում հասել է 415 422-ի։ Հիվանդացության վերընթաց դինամիկան՝ 247 937 է։ Մահացության պարագայում՝ նույն ժամանակահատվածի համար, եթե մարտի 15-ին մահացության ցուցանիշը եղել է աշխարհի մասշտաբով 6440, ապա մարտի 24-ին մահացությունը հասել է 18 563-ի։
Ուրախալին թերեւս միայն ապաքինվածների թվի աճն է։ Մարտի 15-ին ապաքինվածների թիվը եղել է 76 հազար 34, իսկ ահա մարտի 24-ին կազմել է 108 հազար 296, այսինքն, ապաքինվածներն ավելացել են 32 362-ով։ Մյուս ուրախալի դինամիկան, որը նկատվում է կորոնավիրուսի պանդեմիայի վիճակագրության ընդհանուր մռայլության մեջ կապված է Չինաստանի հետ։ Չինաստանում կյանքը կամաց կամաց սկսել է վերադառնալ իր բնականոն հուն։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի «ծննդավայր» համարվող Ուհանում կարող է վերացվեն տրանսպորտային եւ մյուս սահմանափակումները։ Ավելին, Ուհանի եւ Հուբեյ նահանգի բնակիչներին հնարավոր է հատուկ առողջության մասին տեղեկանքով թույլատրեն հարեւան նահանգներ գնալ։ Համացանցում էլ տարածվում են կադրեր, թե ինչպես վիրուսին հաղթած բժիշկների խմբերը հետ են վերադառնում տուն՝ Ուհանից, որը ամիսներ շարունակ մղձավանջի մեջ էր գտնվում։ Չինաստանն արդեն փորձում է օգնել բարեկամ երկրներին, որոնք այժմ գտնվում են բարդ դրության մեջ։
Խոսքն առաջին հերթին Իտալիայի մասին է։ Իտալիային օգնություն է ցուցաբերել նաեւ Ռուսաստանը՝ 13 օդանավ դեղորայք, բուժսարքավորումներ եւ 100 ռազմական բժիշկ ուղարկելով, որոնք մասնագիտացած են կենսաբանական, քիմիական զենքերի եւ ռադիացիայի դեմ պայքարում։ Ու մինչ բժիշկներն անում են իրենց գործը, տնտեսագետներն ու վերլուծաբանները սկսում են հաշվել, թե ինչ վնաս է տվել նոր տիպի կորոնավիրուսը համաշխարհային տնտեսությանը եւ ինչպիսի փոփոխություններ կարող են լինել աշխարհում՝ պանդեմիայից հետո։
Կարծիքներ