Պատառիկներ Համո Սահյանից

Պատառիկներ Համո Սահյանից

/Ծննդյան 106-ամյակի առթիվ/
Համո Սահյանը 60-ական թվականների վերջերից և 70-ականների սկզբներից ամբողջովին վերստին կապվեց Սիսիանի հետ: Ջրային տնտեսության բնակելի շենքից նրան էր հատկացվել մեկ սենյականոց բնակարան, որտեղ ապրում և ստեղծագործում էր նա:

 

Առաջին անգամ նրան հանդիպել եմ 1971 թվականին, երբ աշխատում էի «Որոտան»  շրջանային թերթում: Դրանից հետո հաճախակի դարձան իմ հանդիպումները բանաստեղծի հետ: Չեմ հիշում մի տարի, որ նա հայրենիք չգար: Մի կողմից  նրան այստեղ էր ձգում հայրենիքի կարոտը, մյուս կողմից էլ՝ հենց իր բնորոշմամբ՝ լցվելու և դատարկվելու տրամադրող մթնոլորտը: 
Ստորև ներկայացնում եմ նրա հետ հանդիպումների ժամանակ իմ կողմից կատարած մի քանի գրառումներ: 
 

ԻՆՉՊԵՍ  ԾՆՎԵՑ  «ՆԱԻՐՅԱՆ ԴԱԼԱՐ ԲԱՐԴԻՆ» 

    Դժվար է պատկերացնել, թե պատերազմի թոհ ու բոհի մեջ, թնդանոթների և հրազենի որոտների ներքո ինչպես կարող էր ծնվել մի այնպիսի քնքուշ բանաստեղծություն, ինչպիսին «Նաիրյան դալար բարդին» է: Հանդիպումներից մեկի ժամանակ խոսելով այդ մասին նա պատմեց հետևյալը:
    -Թե ինչպես ծնվեց` լավ եմ հիշում,-ասաց Վարպետը և ավելացրեց հետևյալը: Վոլգայի վրա կանգնել էր մեր ռազմանավը: Չորս կողմը  որոտ էր ու կրակ: Մերթ ընդ մերթ գիշերային թանձր մառախուղի քողը պատռում էին լուսարձակները: Այդ գիշերվա ժամապահը ես էի: Կանգնած տախտակամածի վրա` հսկում էի նավաստիների անդորրը:  
…Մտքերով հանկարծ տուն վերադարձա, հիշեցի մեր գյուղը, մեր բակի ձգված բարդին: Բանաստեղծություն գրելու ցանկություն ծնվեց իմ մեջ: Սկզբից ծնվեց վերջին տողը: Ու հետո գլխիս մեջ ամբողջացավ ասելիքս: Որոշեցի այն հանձնել թղթին: Նամակ գրելու համար թուղթ ու մատիտ ունեի: Մթության մեջ չէի կարղ գրել, իսկ լույս վառելու համար պետք է կանգնեի տրիբունալի առջև: Առանց որևէ թույլտվության, իջա ներքև, նավախցիկներից մեկում վառեցի ձեռքիս տակ եղած լապտերիկը և ես` ժամապահս, մոռացած կռիվը, թղթին հանձնեցի արդեն ամբողջովին իմ մեջ խմորված բանաստեղծությունը, որը վերնագրեցի «Նաիրյան դալար բարդի»։ Ավարտելուց հետո այն խնամքով ծալեցի և դրեցի հակագազիս տոպրակի մեջ: Միառժամանակ պահելուց հետո, ծրարեցի և ուղարկեցի  հետևյալ հասցեով. «Երևան, Աբովյան փողոց, տուն թիվ 14, Նաիրի Զարյանին» /Նաիրի Զարյանն այդ ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահն էր/: 
    1944 թվականին այն լույս տեսավ «Խորհրդային Հայաստան» թերթում: Այնուհետև տպագրվեց «Պրավդայում»: Տախտակամածի վրա հայ բժիշկը կարդում էր այն և հպարտանում, որ հեղինակը հայ է: Չգիտեր, որ դա իմ բանաստեղծությունն է: Եվ հետո չէր էլ պատկերացնի, որ Հմայակ Գրիգորյան նավաստին հենց ինքն` իր կողքին կանգնած բանաստեղծ Համո Սահյանն է: 
20.09.1989թ.
«ԼԱՎԱՇԸ ՏԵՍԱՆ ՈՒ ԼԱՑ ԵՂԱՆ»
    Ամռան մի տապ օր էր: Ցանկություն հայտնեց Աղոթարան սար բարձրանալ: Հասանք համարյա մինչև գագաթը: Պառկեց Յոթնաղբյուրի փարթամ խոտերի վրա և սկսեց թվարկել ամպերի վրա հենված սարերը: Քիչ այն կողմ անասնապահները սաջի վրա լավաշ էին թխում: 
    -Երբ որ չկար, շատ էի ուզում, հիմա կա` ուտելու ձգտում չկա,-ասաց նա ու մի պատմություն պատմեց անցած-գնացած օրերից: 
    -Վատ էինք ապրում: Մեր ընտանիքն օրվա հացի կարոտ էր: Ժանգյալ-մանգյալով յոլա էինք գնում: 1921 թվականին էր: Քույրերիս հետ բարձրացել էի սար` քաղհանի: Տունդարձին տեսա`ձորի մեջ ղարադաղցի մի պառավ ծուխ էր արել: Նույն սաջի պես մի սաջի վրա լավաշ էր թխում: Հացի հաճելի բուրմունքը տարածվել էր ամբողջ շրջապատով մեկ: Կանգնեցի ու սկսեցի նայել: Այդ կինը, երևի խղճալով, կանչեց ու ինձ մի տաք լավաշ տվեց: Աշխարհը կարծես իմն էր: Թեև սոված էինք, բայց չկերանք: Մտցրեցի ծոցս և տարա խնամքով դրեցի տան ծալք վրա` թողնելով  ծնողներիս: Քիչ ավել ուշ հոգնած ու սոված տուն եկան նաև մայրս ու հայրս: Ծալքի վրայի լավաշը տեսնելով` նախ զարմացան, ու հետո` սկսեցին լաց լինել: 
«ԻՍԿ ՍՏԱԼԻՆԻ ՄԱՍԻՆ ՈՎ ՉԻ ԳՐԵԼ»
    Հանդիպումներից մեկի ժամանանակ Վարպետը բավականին երկար խոսեց գրողի ստեղծագործական թեմատիկայի վրա ժամանակի ազդեցության անխուսափելիության  մասին: Այդ առումով ես նրան հարցրեցի, թե Ստալինի մասին ինչ-որ բան գրել է, թե ոչ: Զրուցին խառնվեց կինը` Սվետան: 
    -Չէ, չի գրել, ես նման բանաստեղծության չեմ հանդիպել: 
Քիչ անց հարցին հենց ինքը պատասխանեց: 
    -Իսկ Ստալինի մասին ով չի գրել: 
Ենթադրեցի, որ գրել է: Այդ բանաստեղծությունը սկսեցի փնտրել նրա ժողովածուներում: Սակայն երկար փնտրտուքներն արդյունք չտվեցին: Մտածեցի, որ կինն իրավացի էր, իսկ Վարպետն ասել էր ոչ իր մասին: 
Ամիսներ անց, երբ թերթում էի «Սիսիանի Հարվածային» շրջանային թերթի 1938 թվականի արխիվը, նրա` Ստալինին նվիրված որոշ քառատողերի հանդիպեցի: Այդ ժամանակ նա շրջանային թերթի պատասխանատու քարտուղարն էր: 
…Ժամանակի թելադրանքով լույս աշխարհ եկած բանաստեղծությունների մասին նա սփյուռքահայ բանաստեղծ Վահրամ Հաճյանի «Ճակատագիրը» բանաստեղծությունների ժողովածուի՝ Սիսիանում քննարկման ժամանակ ասաց. «Մեզ սովորեցրել են կուսակցությանը գովել, Ստալինին գովել, սոցիալիստական կարգերը գովել, բոլոր տոների մասին ոտանավոր գրել և այլն, և այլն, բացի մեր մասին գրելուց: Իսկ ով էր սովորեցնողը: Սովորեցնողը, բնակաբար, ժամանակն էր»: 

«ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴԺՎԱՐ ԵՄ ԹԱՐԳՄԱՆՎՈՒՄ»
Թարգմանությունը, մասնավորապես չափածոյի թարգմանությունը, նա համարում էր բավականին պատասխանատու գործ և գտնում էր, որ այն ամեն մարդու չի կարելի վստահել: Եզակի հաջողված թարգմանություններից համարում էր Պուշկինի թումանյանական թարգմանությունները: Նա իր թարգմանիչներ Արսենի Տարկովսկուն և Լև Օզերովին համարում էր ռուսական պոեզիայի փայլատակող աստղերից: Սակայն գտնում էր, որ ինչքան էլ ճգնեն նմանվել բնագրին, միևնույն է, թարգմանությունը համապատասխանեցնելու են իրենց բանաստեղծական ոճին: Հիշում եմ նրա բերած հետևյալ օրինակը: 
-Բերեցին ինձ մոտ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը: Հիշում եք, չէ, առաջին տողերը: /Նկատի ուներ` Ախր, ես ինչպես վեր կենամ գնամ, Ախր, ես ինչպես ուրիշ տեղ մնամ/: Այն թարգմանվել էր այսպես`Нет, не зовите, не сулите рай, Как я мօгу оставить этот край: Տեղը բերեցի, իհարկե: Բայց այն չի, չէ, ինչ որ`իմը: Դե` չի լինի: Արի ու «ախր» բառի ռուսական հոմանիշը ասեմ, տարբերակն ասեմ, չգիտեմ, թարգմանությունը գտիր: Չկա: Չի էլ լինելու: Բան էլ չունեմ ասելու: Ես գիտեմ, որ դժվար եմ թարգմանվում: 

«ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՄ ՏՊԱԳՐԵԼ ՈՒ ՉԵՄ ՏՊԱԳՐԵԼՈՒ»
Իր ծննդավայր Լորի հանդեպ ունեցած զգացումները նա երբեք չէր  բարձրաձայնում: Երբ 1989 թվականի ապրիլին փորձեցինք նրա 75- ամյակը նշել Սիսիանում, չհամաձայնեց: «Չէ, համաձայն չեմ: Հանրապետությունը սգի մեջ է»,-ասաց նա: Ի նկատի ուներ երկրաշարժը:  Ասացի, որ շրջանային թերթում էջ է պատրաստվում:
 -Բոլոր թերթերին մերժել եմ: Մերժել եմ նաև «Խորհրդային Հայաստանին», բայց շրջանային թերթին մի բան կտամ,- ասաց ու ինձ մեկնեց ձեռագիր այս  բանաստեղծությունը: 
-Ոչ մի տեղ չեմ տպագրել ու չեմ տպագրելու,- սսաց նա: 
Սակայն շատ ուշ, նրա մահից հետո, այն տպագրվեց «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի մեջ: 

ՆՈՒՐԲ ՀՈՒՄՈՐԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՎԱՐՊԵՏԸ 
Հումորի նորբ զգացում ուներ: Իրիկնահացի` լացի փոխված տխրության մեջ էլ հումոր կար: Փափուկ էր բնավորությամբ: Բայց եթե հարկ էր լինում, չէր խնայում ոչ ոքի անգամ` իր մերձավորներին: Այդ շարքից բերենք մի քանի օրինակներ.
«ԿԱՇԽԱՏԵՄ ՆՄԱՆՎԵԼ ՍԵՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ»
Ինձ Սիսիանից առաջադրել էին հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավորության թեկնածու: Շրջկոմի քարտուղարը զանգահարեց և ասաց, որ ընտրողների հետ հանդիպումները սկսվել են, Սիսիան պետք է գաս: Այդ օրերին Սերո Խանզադյանը գտնվում էր Գորիսում: Լսելով, որ հանդիպումների պետք է գնամ, եկել էր Սիսիան և շրջկոմի քարտուղարին համոզել, որ առաջին հանդիպման ժամանակ ինձ ինքը պետք է ներկայացնի: Քարտուղարը չէր առարկել: Առաջին հանդիպումը կազմակերպվեց Սպանդարյան գյուղում: Նա շատ գունեղ և ճոխ ներկայացրեց ինձ: Երբ ձայնը տվեցին ինձ, երկու բառ ասացի, ասացի կաշխատեմ նմանվել Սերոյի ներկայացրած Համո Սահյանին: 
ԻՆՉՈՒ ԱՎԵԼԱՑԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ: 
Բաքվում արդեն աշխատանք ունեի: Ոչինչ, նորմալ ռոճիկ էլ էի ստանում:  Ապագա կնոջս տնտեսական պայմանները լավ չէին: Ստացածս հոնորարից առանց նրան հարցնելու մի քիչ դնում էի միշտ պատուհանի գոգին դրված նրա պայուսակի մեջ: Ամեն անգամ, երբ հարցնում էր, թե ով է դրել, պատասխանում էի, որ չգիտեմ: Մի քանի ժամանակ անց այդ պայուսակի մոտ նոր պայուսակներ ավելացան` ապագա մեծ քենուս, ապագա փոքր քենուս պայուսակները: 
«ՋՆՋԵՄ, ՈՐ ԿԱՐԴԱՍ»
Սիսիան նրան հյուր էր եկել պատմական գիտություննրի դոկտոր-պրոֆեսոր Երվանդ Սարգսյանը: Դեռ Բաքվից գիտեին իրար: Զրույցի հիմնական թեման Ղարաբաղն էր: Հետո վերադարձան իրենց անցած-գնացած օրերին: 
-Իմ երկհատորյակը նոր էր լույս տեսել,-այսպես սկսեց Վարպետը և շարունակեց,- գրվել էր փոքրիկ առաջաբան: Դուրս չէր եկել: Գրիչն առել ու դրան հակառակ մի այլ բան էի գրել: Սակայն գրածս էլ դուրս չէր եկել, էն էլ էի ջնջել: Նույն գիրքը մակագրությամբ նվիրեցի Երվանդին: Նա էլ, գիրքը կարդալու փոխարեն, մի քանի ակնոց փոխելով, փորձում էր գրած-ջնջածս վերծանել: Շատ չարչարվեց: Էլ չհամբերեցի, ասացի`այ Երվանդ, ինչ անեմ, հիմա ամբողջ գիրքը ջնջեմ, որ կարդաս:
ԵՂԲՈՐ` ՀԱՄԼԵՏԻ ՏԱՆՁԵՐԸ
    Սեղանին տանձ էր դրված: Մեծ-մեծ տանձեր: Մեկը վերցրեց ու ասաց.
-Եղբայրս`Համլետը, Լորից տանձ էր բերել: Երկու արկղ տանձ: Ցանկացավ իր բերած տանձերից ուտել: Տան ջուրը կտրվել էր: Տղայիս` Նաիրիին ուղարկեցի ցայտաղբյուրից ջուր բերելու` տանձերը լվանալու համար: Մինչ Նաիրին կգար, Համլետը կացինն առավ, ճռալով բացեց արկղերը, նստեց կողքին ու ամբողջը կերավ: Ասացի` այ տղա գոնե մեկը թողնեիր Նաիրիին, ասաց.
-Էս տարի տանձ չէի կերել: 
    Ասացի Համո Սահակիչ, երկուսը շատ է, գոնե ասեք՝ մի արկղը կերավ: 
-Չէ, երկու արկղ: Եթե ուրիշ տեղ պատմես, այդպես կպատմես: Ուրիշ կերպ պատմել պետք չէ,-ավելացրեց նա: 
ԳԱՐԵՋՈՒՐԸ
Վարպետին մի փոքրիկ տակառիկ գարեջուր էի տարել: Գիտեի, որ նա երբեմն գարեջուր խմում է: Վերցրեց ու դրեց հյուրասենյակի պահարանի վրա: Մի քանի ամիս այն այդպես էլ մնում էր: Մի օր էլ նկատեցի, որ այն չկա: 
-Դե լավ է, Համո Սահակիչ, հազիվ խմել եք,- պահարանի վերևը ցույց տվեցի: 
-Հա, անցած գիշեր վատ էի զգում, վեր եմ կացել և ամբողջը խմել: Ասացի` կարող է հանկարծ մեռնեմ, ամբողջը Սվետային մնա, - կատակեց Վարպետը: 

ՀԵՏՈ ՄԵՋՆ ԻՆՉ ԵՔ ԴՆԵԼՈՒ»
… Իր պոեզիայի պես ինքնատիպ էր նաև նրա մարդկային խառնվածքը: Բնությունը նրա մեջ մարմնավորել էր մարդ արարածի կատարելատիպը, կամ հենց իր բնորոշմամբ «Կատարյալ մարդու, մարգարեի, Աստծո հավակնորդը» լինելու  շնորհը:  Համեստ էր թե  խառնվածքով և թե կենցաղում: Քչով, շատ քչով բավարարվող մարդ էր նա: Հանդիսություններ չէր սիրում, դժկամությամբ էր լսում իր հասցեին հնչող բոլոր տեսակի գովեստներն ու ճոռոմաբանությունները: Հոգևոր-մշակութային այդպիսի հսկա ժառանգության կողքին նրա նյութական ժառանգությունը Երևանի Աղայան փողոցի վրա գտնվող երկու սենյականոց բնակարանն էր և Լորում պապենական տան կողքին կառուցած համեստ կիսակառույցը, որը հետագայում բարեբախտաբար վերակառուցվեց և վերածվեց տուն-թանգարանի: Ի դեպ թանգարանի ստեղծման գաղափարի մասին առաջարկություններ էին հնչում նաև նրա կենդանության օրերին: Իսկ Վարպետը միշտ այդ առաջարկություններին հեգնանքով էր պատասխանում: Դեռևս 1986 թվականի օգոստոսին` նոր ուսումնական տարվա նախօրյակին, բանաստեղծը հանդիպում ունեցավ շրջանի դպրոցների տնօրենների և հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ: Հանդիպումից հետո տարբեր հարցեր ուղղվեցին Վարպետին: Գետաթաղ գյուղի դպրոցի տնօրեն Գուրգեն Առուստամյանի այն հարցին, թե Վարպետը չի պատրաստվում Լորում տուն-թանգարան հիմնել, կիսաժպիտ պատասխանեց.
-Թե որ հիմնեցի, հետո մեջն ինչ եք դնելու:
 Բարեբախտաբար թե գյուղի ղեկավարության և թե մշակույթի նախարարության ջանքերով հնարավոր եղավ բավականին մասունքներ հավաքել, որոնք այսօր ցուցադրվում են թանգարանում: 
Համոն այսօր էլ կա, մեր կողքին է, կա, քանի որ կան նրա երգած բնությունը, նրա մարդիկ, նրա անզուգական պոեզիան, որը նաև Սիսիանի և սիսիանցիների միջոցով է     նվաճել համամարդկային արժեքների բոլոր չափորոշիչները: 

ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սիսիան