Պարտավոր ենք հաղթել

Պարտավոր ենք հաղթել

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցող «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի տոմսերը՝ 5 հազարից մինչեւ 30 հազար դրամ արժեքով, վաճառվել են ընդամենը հինգ րոպեի ընթացքում: Դա բավարար չէ՝ որոշ անձինք էլ, գնելով բազմաթիվ տոմսեր, վերավաճառում են դրանք 60 հազար դրամով՝ գրում է «Հրապարակը»: «Հայաստանում կարեւոր է հակակոռուպցիոն պայքարը, քանի որ այն եւս կապված է Մոսկվայի ազդեցության նվազեցման հետ: Հայաստանի վերջին երկու ընտրություններում մենք ականատես եղանք նրան, որ մարդիկ չեն ընդունում Ռուսաստանի առաջարկած մոդելը՝ նախապատվությունը տալով իշխանությունների հաշվետու լինելուն»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով առաջադրվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար:

Գանք վերջից. իշխանությունների հաշվետու լինելու մասին խոսող դեսպանը երեւի ոչ թե Հայաստանում է պաշտոնավարել, այլ, ենթադրաբար, Մոզամբիկում: Որովհետեւ, ինչպես երեւում է, բացարձակ տեղյակ չէ հայաստանյան անցուդարձից: Մի ժամանակ Հայաստանը պետք է ունենար 3 միլիոն վարչապետ, որոնք իրավունք պետք է ունենային ոտքով բացելու կառավարության շենքի դուռը: Մի ժամանակ նաեւ այդ 3 միլիոնից առաջինը խոստանում էր նրանց թիկունքում ոչ մի որոշում չկայացնել: Բայց հավասար իրավունքների ու թափանցիկության առումով այդ հեքիաթներն արագ մոռացվեցին: Ոչ միայն մոռացվեցին, այլեւ բազմաթիվ անգամ ոտնահարվել են: Անցնենք հակակոռուպցիոն պայքարին. զարմանալի է, սակայն ամերիկյան դիվանագետը չի «տեսնում», որ այդ պայքարը, չգիտես ինչու, միայն մեկ ուղղվածություն ունի՝ դեպի նախկինները: Նախկիններն Աստծո գառ չէին եւ, բնականաբար, կոռուպցիայից զերծ չէին, բայց ներկաներն էլ, հաստատ, այդպիսին չեն, վկա՝ մեկ անձից գնումները, որ կատարվում են հարազատներին հանձնված ընկերություններից: Մեկ այլ վկայություն է գործող իշխանության պայմաններում ԽԾԲ-ական երեւույթի փթթումը: Էլ չեմ խոսում տեղական ընտրությունների գործընթացում ծաղկող քաղաքական կոռուպցիայի մասին:

Եվ այս ամենը «չտեսնող» տիկին Թրեյսին ողջ աշխարհին ժողովրդավարության եւ հակակոռուպցիոն պայքարի դասեր տվող գերտերության խորհրդարանում խոսում է գոյություն չունեցող երեւույթների մասին: Եվ դա կապակցում է, բնականաբար, Ռուսաստանի հետ, քանի որ տեղափոխվում է պաշտոնավարելու այնտեղ: Ի տարբերություն Հայաստանի՝ Ռուսաստանի ղեկավարությունը չի հայտարարում, որ իրենց երկիրը ժողովրդավարության փարոս է: Եվ այդ երկրի կենտրոնական իշխանությունն էլ, առանց ավելորդ բարոյախոսության, պայքարում է կոռուպցիայի դեմ այնքանով, որքանով թույլ է տալիս այդ երկրի քաղաքացիների մտածելակերպը: Եվ ինչ էլ ներկայացնի այսօր Ռուսաստանը, այն բազմակի անգամ ընդունելի է ներքին կյանքի առումով, քան նիկոլական Հայաստանը: Այն Հայաստանը, որտեղ միշտ ծաղկել է իմիտացիան եւ ռեկորդներ է խփում Նիկոլի օրոք: Ինչ մնում է Մոսկվայի ազդեցության նվազեցմանը, ապա նախկինների ժամանակ այն եղել է հիմնականում տնտեսության եւ անվտանգության առումով: Վերջին առումով Մոսկվայի ազդեցությունն այսօր այնքան է ուժեղացնել, որ նույնիսկ պատկերացնել չէին կարող ամենաարմատական ռուսասերները նախկինների օրոք:  

Գանք, վերջապես, երգի մրցույթի տոմսերի խնդրին: Նրանք, ովքեր դրանք գնել են 60 հազարով՝ էլ չեմ խոսում 30 հազարի մասին, փաստորեն, ապրում են ոչ թե այսօրվա՝ անվտանգային մարտահրավերներով լի Հայաստանում, այլ իրենց երազանքների երկրում, որը կառուցվել է ՔՊԿ-ական «ապագայում»: Այո, այն «ապագայում», որն արդեն, նիկոլական պատկերացմամբ, 29 800 քառ/կմ-ով դարձել է ներկա: Եվ իրենց մնում է վայելել իրենց երջանիկ կյանքը՝ այն լրացնելով «Մանկական Եվրատեսիլով»: Դրանք արժանի են Նիկոլի իշխանությանը, արժանի են առանց Արցախի, առանց Սյունիքի եւ առանց Սեւանի՝ առնվազն, Հայաստան ունենալուն: Արժանի են Հայաստանի վիլայեթացմանը Թուրքիայի կազմում, ինչը, հաստատ, կողջունվի ոչ միայն տիկին Թրեյսիի, այլեւ արեւմտյան աշխարհի բոլոր թրեյսիների կողմից: Սակայն դա մեր երազանքը չէ, եւ երազանքների այդ պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք հաղթել: