Ամեն ինչ անում են, որպեսզի շենքն ինքն իրեն քանդվի․ չկա շենք՝ չկա խնդիր

Ամեն ինչ անում են, որպեսզի շենքն ինքն իրեն քանդվի․ չկա շենք՝ չկա խնդիր

Մոտ 20 օր առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներից» հերթական ահազանգը հնչեց, քանի որ շինտեխնիկա էր մտցվել Արամի 23 պատմամշակութային հուշարձանի տարածք։ Հետո արդեն պարզ դարձավ, որ քանդման աշխատանքները համաձայնեցված չեն եղել քաղաքապետարանի հետ։ Մինչդեռ դրան նախորդել էր ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, Արամի 23-ի՝ որպես մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, որին Երեւանի քաղաքապետարանը տվել էր շինարարության թույլտվություն, իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ վստահեցրել էր, որ հաջորդ օրն արդեն նախագիծը՝ ստորագրված, շինարարների ձեռքում կլինի։ Մեսչյանը նաեւ ընդգծել էր, որ կառույցը պետք է ամրացվի, որից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարական աշխատանքները, որի միջոցով կստեղծվի հենապատը։ Վերջինը կպահի, ու կառույցը չի փլուզվի:  

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանից հետաքրքրվեցինք, թե երբ են մեկնարկելու պատի ամրակայման աշխատանքները, նախագիծն արդեն տեսե՞լ է, ինչին ի պատասխան՝ Հեքեքյանն ասաց՝ «Ոչ։ Ինչ դուք եք լսել, նույնը ես եմ լսել։ Ինչ դուք եք տեսնում, դա ես էլ եմ տեսնում, հիմա, օրինակ, տեսնում եմ, որ շենքի մյուս սենյակի պատն էլ է հեռանում, եւ շուտով դա էլ կքանդվի, հիմա խառնվել են իրար՝ իբր պետք է անեն։ Մինչդեռ, մոտ երկուսուկես ամիս առաջ նախարարի մակարդակով հանդիպում եղավ, եւ ինձ խոստացան, որ 2 օրից վերականգնման նոր նախագիծը կլինի, շատ արագ քաղաքապետարանն ու նախարարությունը պետք է հաստատեին ու սկսեին։ Ասացի՝ քանի քաղաքում եմ, բերեք տեսնեմ, բայց արդեն անցել է 2 ամսից ավելի, ու եթե դուք տեսել եք այդ նախագիծը, ուրեմն պետք է որ ես էլ տեսած լինեմ․․․։ Ասացի՝ իտալացիները դեռ մարտի 20-ին ձեզ հանձնել են վերականգնման նախագիծ, ինչո՞ւ չեք ուզում այդ նախագծով անել, հատկապես որ քաղաքապետարանը եւ մշակույթի նախարարությունը համաձայնություն են տվել այդ նախագծի էսքիզին։ Ասացին՝ թանկ է, անցավ 10 ամիս, ու հիմա նորից որոշում են՝ անել իտալացիների նախագծով, ու այն դեպքում, որ իտալացիներին չեն վճարել»։  

Բայց չէ՞ որ Արամի 23-ի ամրացման սխեման հաստատվել է, Հեքեյանը հիշեց Կոմիտասի խոսքերը․ «Ափսոս, որ մենք խոսող ժողովուրդ ենք․․․, ես կարծում եմ՝ Կոմիտասն ուզում էր, որ մենք լինեինք երգող ժողովուրդ, բայց բանից պարզվում է, որ մենք միայն խոսում ենք, մենք ոչ էլ գործ ենք անում, հավանաբար, նա դա նկատի ուներ․․․»։ 

Հեքեքյանը խոսել է նաեւ այն շինարարների հետ, ովքեր 10 օր առաջ մտել էին եւ ուզում էին որոշ քանդման աշխատանքներ կատարել, վերջիններս հավատացրել են, որ իրենք լուրջ մարդիկ են եւ ամեն ինչ կանեն հավուր պատշաճի․ «Ասացի՝ ինչո՞ւ էիք շինարարություն անում առանց նախագծի, պատասխանեցին, որ շուտով նախարությունից նամակը կստանան, ասում եմ՝ նամակը, որպես շինարար, հի՞մք է քեզ համար, պատասխանեց՝ մեղավոր ենք։ Ամեն ինչ անում են, որ շենքն ինքն իրեն քանդվի, հետո ասեն՝ մենք ի՞նչ կարող էինք անել, հնարավոր ամեն ինչ արեցինք։ Փաստն այն է, որ շենքը մնացել է անմխիթար վիճակում եւ կամաց-կամաց գնում է քանդված պատի հետեւից»։

Հեքեքյանն ընդգծում է՝ պատկան մարմինների հետ հարաբերվում է հիմնականում գրավոր՝ հետագա բոլոր թյուրիմացություններից խուսափելու համար։ Մոտ 2 ամիս առաջ դիմել է նախարարին, մեկ ամիս անց ստացել պատասխան, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց հարցը դեռ լուծում չի ստանում։ «Պատասխան նամակում գրված է, որ փողոցը պետք է փակեն, որովհետեւ վտանգավոր է դարձել, եւ արդեն մարդկային զոհեր կարող են լինել, բայց ոչինչ դեռ չի արվել։ Կա՛մ այդ մարդիկ իրենց տեղում չեն, կա՛մ ի զորու չեն, կա՛մ չեն ուզում, կա՛մ էլ չունեն ազդեցության ոչ մի մեխանիզմ քաղաքապետարանի եւ մյուս կառույցների վրա։ Հիմնական շահը շենքի քանդումն է, որովհետեւ չկա շենք՝ չկա խնդիր, բայց, անշուշտ, դրան նպաստել է մեր անփույթ, անկազմակերպ տեսակը, եւ նման իրավիճակ է ստացվել,- ասում է Հեքեքյանն ու հավելում։- Ես անցած տարվա՝ 2018-ի օգոստոսից առայսօր միայն խոսակցություն եմ լսում, որեւէ բան տեղի չի ունենում, երբեմն-երբեմն լինում են ժողովներ, իմ մասնակցությամբ՝ 3-4 անգամ։ Եվ երբ այդ ժողովներին ներկա ես լինում, շատ տխուր տպավորություն ես ստանում մեր ժողովրդի այսօրվա տեսակի մասին, եթե, իհարկե, դա մեր ժողովուրդն է, գուցե դա մեր ժողովո՞ւրդը չէ, եւ մեր ժողովրդին պետք է ուրի՞շ տեղ փնտրել։ Խոսում են լուրջ տեսք ունեցող մարդիկ՝ լուրջ դիրքերից, լուրջ դեմքով, բայց այստեղ էլ հիշում եմ բարոն Մյունհաուզենի խոսքը՝ աշխարհում բոլոր հիմարությունները հենց լուրջ դեմքով են կատարվում»։    

Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվեց դեռ հունվարի 11-ին, եւ չնայած տրված խոստումներին ու հաստատված նախագծերին, առայսօր ոչինչ չի ձեռնարկվել պատն ամրացնելու եւ շենքը վերականգնելու ուղղությամբ, իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչների» ապագան շարունակում է մնալ անորոշ։