1 Զոհ և 1 վիրավոր. Կրակոցներ Երևանում

1 Զոհ և 1 վիրավոր. Կրակոցներ Երևանում

Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեծվել է քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: