Ադրբեջանում օրինականացվում է ահաբեկչությունը
Արցախի Հանրապետության ԱԺ-ի՝ Ռուսաստանի Դաշնությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված կոչը՝ ստեղծել հակաահաբեկչական պայքարի համատեղ կենտրոն, արձագանք է գտել ՌԴ Պետդումայում, իսկ առաջիկայում, չի բացառվում, որ այդ կոչին արձագանքեն նաեւ Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս առումով բավականին ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ նշելով, որ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ հարցերի վերաբերյալ՝ կապված Ղարաբաղի շուրջ հետագա իրավիճակի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով մարտական գործողությունների գոտում սիրիացի վարձկանների տեղակայման մասին լուրերը: Նա հիշեցրել է նաեւ արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբերի մասին, որոնք առաջիկայում կսկսեն աշխատանքը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հովանու ներքո: Խոսքը, ինչպես տեսնում ենք, աշխատանքային միանգամայն այլ խմբերի եւ այլ ձեւաչափի մասին է: Վիկտոր Վոդոլացկին, սակայն, զգուշորեն ակնարկել է, որ այդ աշխատանքային խմբերի գործունեությունը պետք է կազմակերպել այնպես, որ չվնասի ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ մեկնարկած երկխոսությանը:
Հակաահաբեկչական ինչ համատեղ պայքարի մասին է խոսքը, եւ ինչ կենտրոնի տեսքով այն կարող է հայտնվել պատերազմի թատերաբեմում: Ըստ էության, սա հիշեցնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ ԱՄՆ ստեղծած հակաահաբեկչական կոալիցիան, որին միացան տասնյակ, այդ թվում եւ ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրներ: Արցախի Հանրապետության կոչն այս առումով նույնքան ընդգրկուն է, որքան ԱՄՆ-ի կոչն իր դաշնակիցներին ամբողջ աշխարհում: Եվ տարբերություն չկա իրականում՝ ճանաչվա՞ծ պետություն է, արդյոք, նման կոչով դիմել միջազգային հանրությանը, թե՞ մի հսկա գերտերություն: Ահաբեկչական հարձակման ենթարկված նույնիսկ մեկ գյուղական համայնք կարող էր ահազանգել այդ մասին, եւ արձագանքը լիներ նույնը, ինչ ԱՄՆ կոչի դեպքում:
Այսինքն խնդիրը՝ ահաբեկչությունը, նույնն է ամենուր եւ պետք է արժանանա միեւնույն հակահարվածին: Միամտություն է կարծել, որ Ադրբեջան նետված ահաբեկչական խմբավորումները եւ վարձկան ջոկատները կանգ են առնելու կամ բնակություն են հաստատելու Ադրբեջանի դաշտավայրերում: Նրանց շարժող մայր պետության՝ Թուրքիայի նկրտումները շատ ավելի հեռահար են, իսկ Էրդողանի եւ Ալիեւի վերջին գործողությունները հենց դա են հուշում: Ի՞նչ է նշանակում՝ չպահպանել հրադադարի մասին ձեռք բերված հստակ պայմանավորվածությունը, ի՞նչ է նշանակում դրժել կրակն անհապաղ դադարեցնելու մասին հավաստիացումը: Այս դեպքում Ալիեւն ընդամենը 1 արդարացում ունի՝ ինքն այլեւս չի վերահսկում իրավիճակը եւ ազդեցություն չունի առաջնագծի վրա, որտեղ մեկ վայրկյան անգամ չեն դադարել ռազմական գործողությունները: Ընթացող պատերազմի կառավարման լծակները, այսինքն, պետք է փնտրել բոլորովին այլ տեղերում, դիցուք՝ Թուրքիայում եւ Սիրիայում կոնսերվացված ահաբեկչական որջերում, որոնց առաջ կանաչ լույս է վառել Թուրքիան: Այս մասին, ԱՀ Ազգային ժողովից առաջ, արդեն խոսել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը: Կարելի է ասել՝ արցախյան այս պատերազմում հակաահաբեկչական կենտրոնի տեսքով կոալիցիայի ստեղծումն ընդամենը կամքի հարց է, որ պետք է դրսեւորեն իսլամիստ ահաբեկիչների գործողություններից տուժած բոլոր երկրները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ այլն:
Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը նպաստել, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կոչն առավել մեծ տարածում ստանա աշխարհում եւ հիմնական գերտերություններին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, թույլ տա վերջնականապես միջամտել հայ-ադրբեջանական զինված հակամարտությանն ու դադարեցնել արյունահեղությունը: Կարծում ենք՝ այո, եւ Հայաստանի Հանրապետությունն այսօր պարտավոր է օգտագործել իրեն հասանելի բոլոր միջազգային ամբիոններն ու համաշխարհային հանրության հետ խոսել պարզ ու հասկանալի լեզվով: Ի՞նչ հումանիտար աղետի ու այն կանգնեցնելու մասին է խոսքը, երբ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ադրբեջանում այսօր տերուտնօրինություն են անում Թուրքիայից ուղարկված ահաբեկչական խմբավորումներն ու կամավորական ջոկատները: Ահաբեկիչների համար խորթ են այդ հուզական արտահայությունները, նրանք հասկանում են միայն սատկացնելու լեզուն. կա՛մ՝ իրենք, կա՛մ՝ իրենց: Նստել ու սպասել, թե առաջինն ով կմիջամտի այս պատերազմին, մեղմ ասած՝ հանցագործության է նման, նման է ահաբեկչությունն օրինականացնելու լուռ համաձայնության:
Որպես ահաբեկչությունը կանխելու առաջին քայլ կարող է դիտվել Արցախի Հանրապետության թեկուզ ժամանակավոր ճանաչումը ՄԽ համանախագահ երկրների կողմից, ինչը միջազգային կազմակերպություններին եւս զորաշարժի կենթարկի 21-րդ դարի ժանտախտի՝ ահաբեկչության դեմ: Խաղաղ բանակցությունների վերսկսման համար դա կարող է վճռական նշանակություն ունենալ, իսկ մյուս կողմից էլ հուժկու պատասխան կլինի Թուրքիայի ծավալապաշտական նպատակներին, որոնց հասնելու համար այդ երկիրն անցել է բոլոր սահմաններն ու սպառնում է ողջ մարդկությանը դնել ահաբեկչության սպառնալիքի տակ:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկու անհանգստությունը, թե Արցախում հակաահաբեկչական «կենտրոնի» եւ աշխատանքային խմբերի որոշումները կարող են չհամընկնել ԱԳ նախարարների պայմանավորվածությամբ ձեւավորված աշխատանքային խմբի դիրքորոշման հետ, մեղմ ասած՝ անհասկանալի է, քանի որ արտգործնախարարների բանակցությունները մի բան են, իսկ հակաահաբեկչական պայքարը՝ միանգամայն այլ բան: Դրանք միանգամայն տարբեր խնդիրներ են լուծում: Վաղը Ալիեւը կարող է հայտարարել, որ ինքը չգիտի, թե ովքեր են կրակել հրադադարի պայմանավորվածությունից հետո: Ահա, այստեղ է, որ պետք է գործի հակաահաբեկչական կենտրոնը կամ կոալիցիան, ինչպես դա տեղի էր ունենում Իրաքում եւ Սիրիայում՝ հաշվի չառնելով, թե ինչ էին պայմանավորվում այդ երկրների արտգործնախարարների եւ նույնիսկ ղեկավարների հետ:
Կարծիքներ