Երբ և ինչպես են փախչել Դամասկոսից. Ասադի որդին մանրամասներ է հայտնել

Երբ և ինչպես են փախչել Դամասկոսից. Ասադի որդին մանրամասներ է հայտնել

Բաշար ալ-Ասադի որդին՝ Հաֆեզը, պատմել է Սիրիայից նախկին նախագահի փախուստին նախորդած իրադարձությունների մասին։

Հաֆեզը բացատրել է, որ նոյեմբերի վերջին Մոսկվայում պաշտպանել է իր ատենախոսությունը։ Նրա մայրը՝ Ասման (ոսկրածուծի փոխպատվաստումից հետո նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում) և քույր Զեյնը նույնպես այնտեղ էին, գրում են ռուսական պորտալները:

Դեկտեմբերի 1-ին Հաֆեզ ալ-Ասադը թռչել է Դամասկոս՝ աջակցելու իր հորն ու եղբորը՝ Քարիմին, իրավիճակի վատթարացումից հետո։ Դեկտեմբերի 7-ը, ըստ Հաֆեզ ալ-Ասադի, սովորական օր էր, Ասադների ընտանիքը մեկնելու նախապատրաստություն և մոտալուտ հեռանալու ծրագրեր չուներ:

«Ամեն ինչ փոխվեց կեսգիշերից հետո, երբ ռուս պաշտոնյան մեր տուն եկավ Ալ-Մալկիի շրջանում»,- պատմել է Բաշար Ասադի որդին։

Այս անհայտ պաշտոնյան, ըստ Հաֆեզ Ասադի, դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ժամանել է Բաշար Ասադի նախագահական նստավայր և հրատապ խնդրանք է փոխանցել մի քանի օրով տեղափոխվել Լաթաքիա՝ վերահսկելու կառավարական զորքերի մարտերը զինված ընդդիմության դեմ։

Դամասկոսի միջազգային օդանավակայանում Ասադին և նրա երկու որդիներին է միացել նախկին նախագահի եղբայրը՝ Մահեր ալ-Ասադը։ Գիշերվա ժամը երեքին նրանք ռուսական ռազմական ինքնաթիռով թռել են Խմեյմիմ օդանավակայանի ռուսական բազա։

Վայրէջքից հետո Ասադները պետք է գնային նախագահական նստավայր՝ օդանավակայանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուրջ Իսլամ շրջանում։ Սակայն բնակավայրի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն անհաջող են անցել, քանի որ զանգերին ոչ ոք չի պատասխանել։ 

Միաժամանակ Բաշար Ասադը սկսել է տեղեկություններ ստանալ առաջնագծից զինվորականների նահանջի և մնացած վերջին դիրքերի անկման մասին.

«Օրվա ընթացքում ռուսական բազայի հրամանատարությունը մեզ հայտնեց մերձակայքում տիրող իրավիճակի լրջության մասին։ Նրանք մեզ ասացին, որ այլեւս հնարավոր չէ լքել բազան, քանի որ ահաբեկիչները տարածվել են ամբողջ երկրով մեկ, իրավիճակը քաոսի է վերածվել, ռազմական ղեկավարության հետ բոլոր շփումները կորել են։ Մոսկվայի հետ խորհրդակցություններից հետո բազայի հրամանատարությունը մեզ տեղեկացրեց, որ մեր տեղափոխումը Ռուսաստան պահանջված է։ Որոշ ժամանակ անց մենք նստեցինք Մոսկվա մեկնող ռուսական ռազմական ինքնաթիռ, որտեղ վայրէջք կատարեցինք նույն օրը երեկոյան»,- ասել է Հաֆեզ ալ-Ասադը։