Մեր հիվանդ պետությունը վիրաբույժին էր սպասում, պարզվեց՝ բժիշկը դիմահարդար է

Մեր հիվանդ պետությունը վիրաբույժին էր սպասում, պարզվեց՝ բժիշկը դիմահարդար է

Բոլոր ժամանակներում խելոք ազգերը նրանք են եղել, որոնք իրենց պետականության պահպանման ու հզորացման համար ամեն ինչ արել ու  զոհաբերել են, իսկ հզոր պետականությունը նրանց համար եղել է ամեն ինչ՝ լեզուն, մշակույթը, կրոնը, կեցությունն ու հայրենիքը։ Իսկ մենք, մեզ խելոք ազգ համարելով, ամեն ինչ գողացել ու վերցրել ենք մեր պետությունից։ Որտեղի՞ց վերցնենք պետականության մշակույթը, երբ հազարամյակների ընթացքում մեր իշխաններն ու թագավորներն այնքան պատերազմներ չեն մղել թշնամիների դեմ, ինչքան Հայաստանի ներսում են դրանք կազմակերպել՝ իշխանությանը տիրանալու համար։ Նույնիսկ Բագրատունիներից մեկը հազար տարի առաջ Հայաստանը սեփականաշնորհել էր ու կտակել Բյուզանդիային։ Հիմա էլ մեզանից յուրաքանչյուրն իր բախչան, բիզնեսը, ավտոմեքենան ու տունն է միայն իր պետությունը համարում։ Մենք մեր երկրին ու պետությանը չծառայելով՝ թշնամիների կողմից կատարված ասպատակությունների ու եղեռնի զոհ ենք դարձել, սակայն միշտ աշխարհի ու Աստծո վրա մուննաթ ենք եկել, բողոքել։ Հիմա արդեն խելքը գլխին ոչինչ չունենք՝ ո՛չ լեզու, ո՛չ մշակույթ, ո՛չ կրոն, ո՛չ տնտեսություն, ո՛չ կրթական համակարգ։ Մեր երկրում  իշխանությունը ավազակներն ու իշխանամոլները ձեռքից ձեռք են խլում՝ մեկն ուզում է փող դիզել, մուսը՝ փառք։ Իսկ երբ մեր իսկ ձեռքով մեր ավերված տունը լքում ենք ու հաստատվում ուրիշ երկրներում, այդ երկրների պետություններին ծառայում ենք անմնացորդ՝ դառնում ենք առաջատար գիտնականներ եւ ռազմական ու պետական գործիչներ։
Հայոց մայրերի կաթն ինչո՞ւ մեր արյան մեջ գիտակցական հայրենասիրություն չի արթնացրել։ Աշխարհի հզոր պետությունները պետականաշինության հարցում մեզ օրինակ կարող էին ծառայել, բայց մենք միայն մեր լեզուն ենք կարողացել հարստացնել հունարենից, արաբերենից ու պարսկերենից փոխառություններ կատարելով։ Այսօր էլ մեր քաղաքական գիտակցությունը հարստացնում ենք «հու-հու դըմփ»-ով։

Երբ վերլուծում ենք 90-ականները, պարզ երեւում է, որ Արցախի համար կռվում էին սովահար ու ցրտահար հասարակությունից մարտի դաշտ եկածները, իսկ նրանց «առաջնորդում» էին նրանք, որոնց խոստացված էր, հրադադարին հասնելուց հետո, Հայաստանում իշխանություն ու հարստություն ունենալ։ Մոնթեն ու նրա նման շատերը, լինելով իսկական հայրենասերներ, բացառություն էին կազմում, որոնց շնորհիվ մենք հաղթանակ տարանք, որոնցից շատերը հանուն այդ հաղթանակի զոհվեցին մարտադաշտերում։ 

Վազգեն Սարգսյանը, արցախյան պատերազմում կնքված հրադադարից հետո, հեղափոխական եղանակով գարաժային համալսարանականներից գեներալներ կռեց, եւ ժողովրդի վիճակն ու պետական կարեւորագույն շատ հարցեր թողնվեցին  նրանց քմահաճույքին։ Նրանք էլ հետագայում իրենց «տղությունն» արեցին, Վազգենին, հայրենիքն ու ժողովրդին հանձնեցին Քոչարյանին ու Սերժին եւ նրանց ոտքերը լվացին ու ջուրը խմեցին։ 20 տարի դրանց լուծը տանելուց հետո ժողովրդի մասին մտածողների մի խումբ ապստամբեց իր երկրի ժողովրդատյաց իշխանության դեմ։ Եվ այր մի՝ Արթուր անուն, նրանց համար ստեղծված ծանր պահին հաց հասցրեց ու մեր ազգի պատմության մեջ մնաց որպես հաց բերողի վեհագույն կերպարի մարմնավորող։ Դեռ շատ սերունդներ նրանով կպարծենան ու  նրա շիրիմին ծաղիկներ կխոնարհեն։ 

Երբ Հայաստանում տնտեսաքաղաքական ծանր վիճակն իր կիզակետին էր հասել, ու «ծուռ» ապստամբները բանտարկված էին, իսկ Հաց բերողը դաժանաբար նահատակված էր, իմքայլականներին խելքի բերեց մեր Նիկոլը։ Հայաստանում հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն կատարվեց։ Դա, բոլոր դեպքերում, մեր պատմության պայծառ էջերից մեկը կմնա, իսկ Նիկոլ Փաշինյանը դարեդար կօրհնվի հայ ժողովրդի կողմից։ 
Սիրելի ընթերցող, պետք է հիշեցնենք, որ սույն հոդվածը հիշատակարան չէ։ Մենք փորձել ենք ծավալվել մեր քաղաքացիական գիտակցությամբ՝ մեզանում հարուցված խնդիրների շուրջ։

Ապստամբության օրերին «Սասնա ծռերին» ժողովուրդը չսատարեց, քանզի դա առանց քաղաքական ծրագրի տարերային ու արյունահեղության վտանգներ պարունակող շարժում էր։ Հետո մեզ խելք բերող եղավ ու ոսկե սարեր խոստացավ։ Հետո իշխանափոխություն կատարվեց մեր երկրում։ Ինչ էլ որ լինի, այսուհետ մենք զղջալու բան չունենք, ամեն ինչ ճիշտ ու տրամաբանական է եղել։ Սակայն այն բոլոր խնդիրները, որոնց համար գնացինք ապստամբության ու հեղափոխության, այդպես էլ մեր կառավարության օրակարգում տեղ չգտան։ Մեր հիվանդ պետությունն իր վիրաբույժին էր սպասում, սակայն պարզվեց, որ բժիշկը լոկ դիմահարդար է։ Մեր խնդիրների մասին բոլորս լավ գիտենք՝ ժողովուրդը՝ անգործ, բոլորս յոթ պորտով վարկային ճորտության մեջ։ Իշխանություններն անհաղորդ են ժողովրդի ցավերին, նրանք նախկին իշխանություններին քննադատելով են միայն ժողովրդին կերակրում։ Սա երկար չի տեւի, վատ հետեւանքներն անխուսափելի են լինելու։ Ունենք չլուծված Արցախի հարց, շրջափակման մեջ ենք, եւ ամենա-ամենացավալին ու վտանգավորն այն է, որ մենք խելքը գլխին ու ազնիվ քաղաքական ուժեր չունենք, որոնք կկարողանան մեր երկիրն առաջ տանել։ Հնաբնակ քաղաքական խմբավորումներն էլ ուզում են ռեւանշի գնալ, ու չգիտենք, թե վաղն  ինչ իշխանություն ենք ունենալու։ Հեղափոխությունն էլ պրծավ, Նիկոլի գրած ճաշացանկն էլ սպառեցինք։ Վաղվա մասին մտածել է պետք։ 


Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գրավիտոն» գիտական կենտրոն