Վարչապետն ինքը պետք է հասկանա, որ պատերազմ և հող կորցնող ղեկավարը չի կարող աթոռի վրա մնալ․ Հարութ Սասունյան

Վարչապետն ինքը պետք է հասկանա, որ պատերազմ և հող կորցնող ղեկավարը չի կարող աթոռի վրա մնալ․ Հարութ Սասունյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրվեց հրադադարի, ԼՂՀ տարածքների մեծ մասի հանձնման եռակողմ հայտարարությունը։ Հայտարարություն, որը Հայաստանը և Արցախը հանգեցրեց կապիտուլյացիայի։ Հայաստանի, Սփյուռքի հայությունը մեծ վշտի մեջ է Լեռնային Ղարաբաղում կրած պատերազմի հետևանքով։ Թե՛ հանրապետությունում, թե՛ Սփյուռքում հայ ժողովուրդը պահանջում է կառավարության հրաժարականը, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում, գործուն և արդյունավետ քայլեր դիվանագիտական դաշտում՝ Հայաստանի և Արցախի համար ինչ-որ բան շահելու համար, պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծում, այնուհետև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Հրապարակը» զրուցել է «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) շաբաթաթերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր, ամերիկահայ գրող Հարութ Սասունյանի հետ։

-Պարո՛ն Սասունյան, ինչո՞ւ պատերազմ սկսվեց, և հայկական կողմը դարձավ զիջող կողմը։ Սփյուռքն ինչպե՞ս ընկալեց պատերազմում հայկական կողմի պարտությունը։

-Ալիևը երկար տարիներ անընդհատ սպառնում էր հարձակվել Արցախի վրա։ Մենք նրան լուրջի չէինք առնում և վստահ էինք, որ եթե հարձակվի, ավելի հող է կորցնելու։ Ալիևը, Մինսկի խումբը և շատ ուրիշ երկրների ղեկավարներ ուզում էին, որ հայերը վերադարձնեն Արցախի շրջապատի տարածքները։ Մենք մերժում էինք` պահանջելով նախ Արցախի անկախությունը։ Վերջապես, Ալիևը համադրեց իր ռազմական ծրագիրները համադրեց Թուրքիո և վարձկաների հետ և արեց այն, ինչը որ սպասում էր։ Միշտ թույլ կողմը զիջում է, անկախ այն բանից, թե որքան արդար է իր իրավունքը։ Սփյուռքն ընկալեց այս ջախջախիչ պարտությունը, ինչպես Հայաստանի ժողովուրդը։ Բոլորս էլ շոկի մեջ ենք, որ ամեն օր մեզ ասում էին՝ «հաղթում ենք», «հաղթելու ենք» և նման ստեր։ Մեր ղեկավարները մեզ խաբեցին։

-Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ի՞նչ գնահատականներ ունեք։ Ի՞նչ է պետք անել դիվանագիտական դաշտում՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռ բանակցություններ կարող են լինել, Հայաստանի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Մինսկի խմբի եռանախագահական ձևաչափը, ըստ Ձեզ, կենսունա՞կ է։

-Հայաստանի և հայության իրավիճակը շատ ցավալի է և աղետալի է։ Հավանաբար, ցեղասպանությունից ի վեր հիմա մեր ժողովուրդի ամենադժբախտ ժամանակաշրջանն է, և որը թարմացրեց մեր չբուժված հարյուրամյա վերքերը։ Մեր դիվանագետներն ամբողջ հայոց պատմության ընթացքում երբեք փայլուն չեն եղել։ Հիմա էլ չեն։ Հետևաբար, մեծ հույսեր չեմ կապում մեր դիվանագետների վրա։ Բայց ամեն ինչ պետք է անենք` նվազեցնելու համար մեր հսկա կորուստները։ Առնվազն պետք է փորձել չեղարկել հայտարարության 9-րդ կետը՝ ջնջելով միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Էս միջանցքը Հայաստանի ինքնիշխանության և հողային ամբողջականության մեծ սպառնալիք է և համաթուրանական երազի իրագործումը։ Մինսկի խումբը մեծ հարված կրեց էս վերջին հայտարարությունից, որտեղ միայն Ռուսիան մասնակցեց՝ դուրս մղելով Ամերիկայի և Ֆրանսայի մասնակցությունը։ Էսի մեծ սխալ էր Հայաստանի կողմից։ Մինսկի խումբը հիմա կենսունակ չէ, բայց կարող է վերակենդանանալ հունվար ամսից հետո, երբ նախագահ Բայդենը գա, և Ամերիկան ավելի աշխույժ դերակատարություն ունենա Թրամփի անհոգությունից հետո։ Սա լինելու է ի շահ Հայաստանի, եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել առիթը։ 

-Պատերազմի հետևանքով ո՞ր ուժերն ավելի շատ օգտվեցին, ո՞ր ուժերը վնասներ կրեցին։

-Հայաստանը` վստահ, կորցրեց։ Իրանը նաև կորցրեց իր ազդեցությունը տարածաշրջանում։ Առնվազն բան չշահեց։ Ռուսաստանը մեծ ազդեցություն շահեց տարածաշրջանում։ Թուրքիան ևս շահեց մեծ ազդեցություն տարածքում և Ադրբեջանում, թեև ոչ ամեն բան, որ ուզում էր, օրինակ համար՝ մասնակցություն Մինսկի խումբին և խաղաղապահ ուժերին։ Իսկ ամենամեծ շահողը եղավ Ադրբեջանը՝ վերագրավելով մեր ազատագրած հողերը։

-ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի ընտրվելն ի՞նչ կտա Հայաստանին։

-Նախագահ Բայդենն ավելի մասնակից կլինի միջազգային հարցերին, ինչ-որ օգուտ կտա մեզ։ Բայդենը նաև միշտ հայասեր է եղել։ Տեսնենք, եթե իր հայասիրությունը և Էրդողանի հակառակությունը կպահպանի նախագահության ժամանակ։ Չափազանց մեծ հույսեր չունենանք, որ չհուսախաբվենք։

-Կարծո՞ւմ եք՝ այսքանով Թուրքիան և Ադրբեջանը կա՞նգ կառնեն՝ հաշվի առնելով Էրդողանի միջամտությունը տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտներին։

-Չեմ կարծում, որ էսքանով կավարտվի կոնֆլիկտը։ Ոչ միայն Էրդողանը շարունակելու է իր ծավալապաշտական նկրտումները, Ալիևը դեռ չի ավարտել Արցախի ամբողջական վերագրավումը։ Դժվար օրեր են սպասում հայերին։

-Հայաստանի ներքաղաքական կյանքի մասով ի՞նչ գնահատականներ ունեք։ Քաղաքական ուժերի, ժողովրդի որոշ մասը պահանջում է կառավարության ղեկավարի հրաժարականը, պահանջում է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ Նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես իր ուղերձում նշեց այս մասին։ Ի՞նչ է պետք անել Հայաստանը, Արցախից մնացած հատվածը ճգնաժամից դուրս բերելու, անվտանգությունն ապահովելու համար։

-Շատ դժվար բան է այս ճգնաժամից դուրս գալը։ Մենք բազում պրոբլեմներ ունենք, բայց մի բան, որ չունենք և երբեք չենք ունեցել, կարող ղեկավարներ։ Վարչապետն ինքը պետք է հասկանա, որ պատերազմ և հող կորցնող ղեկավարը չի կարող աթոռի վրա մնալ։ Դժբախտաբար, ինքը չի ուզում հրաժարվել։ Հուսամ՝ կհրաժարվի։ Պետք է ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն կազմել` ղեկավարությամբ ոչ անցյալի և ոչ էլ ներկայի ղեկավարներից, այսինքն՝ մի մարդ, որ մաքուր է և շահել է ժողովուրդի մեծամասնության վստահությունը։ Երկար ժամանակ է հարկավոր, Հայաստանի և Սփյուռքի միացյալ ուժերով, որ փրկենք, ինչ որ ունենք հիմա։ Միանանք և միասնական աշխատենք հանուն մեր հայրենիքի։