Ադրբեջանի հիմնական պահանջը Ռուբեն Վարդանյանն է. Արցախում կարծիքները բաժանվում են

Ադրբեջանի հիմնական պահանջը Ռուբեն Վարդանյանն է. Արցախում կարծիքները բաժանվում են

Արցախի շրջափակման 46-րդ օրն է: Այսօր Հայաստանի վարչապետը կառավարության նիստում ներկայացրեց իր ադրբեջանցի գործընկերների ծրագիրը` «մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»: 
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանն ավելի տեղեկացված է ադրբեջանցիների պլաններից, մենք դրանում կասկածներ չունենք: Բայց արցախյան մեր աղբյուրները այլ տեղեկատվություն էլ են փոխանցում մեզ:

Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ իր եւ Արցախի միջեւ ոչ մի միջնորդ չլինի, որ Ադրբեջանի իշխանություններն ուղիղ բանակցեն Արցախի իշխանությունների հետ: Ընդ որում, ոչ միայն Հայաստանը հանդես չգա միջնորդի դերում, այլեւ Ռուսաստանը եւ «Ռուսաստանի նշանակած Ռուբեն Վարդանյանը»: Եւ ճանապարհը բացելու գլխավոր պայմանը մեկն է` Ռուբեն Վարդանյանի հեռացումը պետնախարարի պաշտոնից: Մեզ փոխանցեցին, որ Ադրբեջանից շատ կոշտ մեսիջ են փոխանցել` ճանապարհը չի բացվելու, քանի դեռ Արցախում պաշտոնավարում է Ռուբեն Վարդանյանը եւ այդ հարցում որեւէ զիջման չեն գնալու:

Ցավոք սրտի, Արցախում արդեն որոշակի ալիք է բարձրանում` ընդդեմ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման եւ վաղը, մյուս օրը հնարավոր է, որ անգամ բողոքի ակցիաներ կազմակերպվեն` Վարդանյանին հեռացնելու պահանջով, որպեսզի ճանապարհը բացվի: Բայց Արցախում կան մարդիկ, որոնք դեմ են Վարդանյանի հեռացմանը: Դրան խիստ դեմ է նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ: Մենք հետաքրքրվեցինք ռուսական կողմի վերաբերմունքով: Մեզ ասացին, որ ռուսներն այնքան են պասիվացել եւ մի կողմ քաշվել, որ իրենց համար միեւնույնն է` Ռուբեն Վարդանյանը կպաշտոնավարի, թե ոչ: Հակառակը` մի քանի անգամ Աչցախի նախագահին մեսիջներ են փոխանցել, որ ազատ է այդ հարցում` կարող է հենց այսօր էլ ազատել Վարդանյանին:

Իրականում` Արցախում փակուղային վիճակում են հայտնվել. Զիջել ադրբեջանական պահանջներին եւ Ռուբեն Վարդանյանին փոխել, նշանակում է դուռ բացել նոր զիջումների համար, չզիջել եւ շարունակել ապրել փակ ճանապարհներով, բլոկադայի մեջ, նույնպես հղի է վտանգներով եւ Արցախի հայաթափմամբ: Ի վերջո, այս վիճակը երկարելու դեպքում մարդիկ կգտնեն Արցախից հեռանալու ճանապարհը:  

Արեգ Մարգարյան