Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների սերտացման 4 նախապայման 

Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների սերտացման 4 նախապայման 

Քանի որ Եվրամիությունը ճանապարհ է հարթում ընդլայնման համար, այլեւս չի կարող շրջանցել Թուրքիայի հարցը, որը ԵՄ անդամության թեկնածու է սկսած 1999 թվականից։ Financial Times պարբերականը նշել է չորս նախապայման, որոնց առկայությամբ Թուրքիայի համար կարող են ճանապարհ բացվել դեպի ԵՄ լիարժեք անդամակցություն։ ԵՄ դեկտեմբերին կայանալիք հերթական գագաթնաժողովին, ըստ հրապարակման, եվրոպացի առաջնորդները պատմական որոշում են կայացնելու կառույցին նոր անդամների անդամակցության հարցում։ Դա բարդ որոշում է լինելու, ըստ էության, քանի որ կայացվելու է Չինաստանի հետ երկարատեւ հեռանկարում մրցակցության եւ աշխարհաքաղաքական ցնցումների ընդհանուր իրավիճակում։ Այս համատեքստում ամենաբարդը լինելու է Թուրքիայի հարցը, քանի որ գոնե վերջին տասնամյակին Թուրքիան չափազանց հեռացել է եվրոպական նորմերից, ինչը հակասում է ԵՄ ընդլայնման տրամաբանությանը։ Այն, որ Թուրքիայում բարեփոխումների համար ներքին համաձայնություն չկա,

Բրյուսել-Անկարա հարաբերությունները բավական բարդ վիճակի մեջ է դնում։ Թուրքիայի պարագայում, ըստ պարբերականի չորս նախապայման կա․

1․ Թուրքիան պետք է դեռ մնա որպես թեկնածու, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ երկրում կա բավականին ուժեղ ընտրազանգված, որը հետաքրքրված է Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ քաղաքական ինտեգրացիայով։ 

2․ Հանգամանքների փոփոխությունները պետք է արտացոլվեն ԵՄ-Թուրքիա հարաբերություններում։ Անկարան պնդում է, որ աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում ԵՄ-ն արդյունավետ համագործակցություն չի կարողացել իրականացնել։ Դրա պատճառով թուրքական հասարակության մոտ Արեւմուտքի հանդեպ վերաբերմունքն ավելի սկեպտիկ է դարձել։ Բրյուսելն էլ նշում է, որ նման գործակցության բացակայության պատճառով Թուրքիայի վրա ազդեցության լծակներ այլեւս չկան՝ ներքին կամ արտաքին քաղաքականության ոլորտներում։  

3․ Հատկապես ուշադրություն պետք է դարձվի քաղաքական իրավունքներին։ Կոնկրետ նվաճում կարող է համարվել Թուրքիա-ԵՄ մաքսային միության ամրապնդման բանակցությունների մեկնարկը։ Մյուս քայլը կարող է լինել վիզային ռեժիմի ազատականացումը, որոշ ոլորտներում հարաբերությունների սերտացումը։ 

4 Թուրքիա-ԵՄ հարաբերություններում պետք է հաշվի առնվի նաեւ ընթացիկ գլոբալ իրավիճակը։ Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա, թե ոչ՝ մրցակցությունն ու անտագոնիզմը լավ ադյունքների չեն բերի կողմերի համար։