«Էսպես չի մընա»

«Էսպես չի մընա»

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա...
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա: 
Հովհաննես Թումանյան, Էսպես չի մընա (Հին զրույց), 1908:

Մեծն լոռեցին դեռևս 100 տարի առաջ էր խորհել աշխարհի կարգի մասին և հասկացել, որ ամեն ինչ անցողիկ է այս աշխարհում: Թեև դրանից ավելի քան 2-3 հազար տարի առաջ հրեական Դավիթ թագավորի որդի Ժողովողն (կամ նրա անունից հանդես եկող ուրիշ մեկը) էր Հին Կտակարանում ասում, որ այս աշխարհում ունայն է ամեն բան: Թումանյանի լեզվով խոսող ժողովրդի առաջնորդները չընկալեցին լոռեցուն, ուր մնաց ընկալեին օտարին՝ չնայած ավելի քան 1700 տարի առաջ մեր ժողովուրդն իր տիրակալի կամքով ընդունեց օտարի առաջարկած (կամ պարտադրած՝ ում ինչպես հարմար է) կրոնը: 

Ինչևէ, անցնենք առաջ: Թե՛ նախկինների և թե՛ գործող իշխանության պայմաններում այն անձն, ով որևէ ճանապարհով հայտնվում է Բաղրամյան 26-ում կամ Հանրապետության հրապարակում, մտածում է, որ ինքը պետք է երջանկացնի իր հպատակներին: Իր կարծիքով ինքն ունի դրա համար անհրաժեշտ կարողություններ և գործիքակազմ, և որպեսզի դա անի՝ իրեն անհրաժեշտ է ընդամենը ժամանակ, շա՜տ ժամանակ: Նշանակություն չունի, որ ինքը մինչ այդ հաջողություն է գրանցել, թե ոչ: Կարևորն այն է, որ ինքը հայտնվել է վերը հիշատակված հասցեներից մեկում, և հենց այդ փաստով արդեն ինքը բացառիկ անձնավորություն է: Եվ իր բացառիկության շնորհիվ ինքն աշխարհն էլ շուռ կտա՝ միայն ժամանակ ունենա:

Լավ, ժամանակի խնդրից անցնենք բուն գործողություններին: 2021 թ.-ի հուլիսի 9-ը նշանավորվեց Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքները վիճարկող դիմումների քննության սկզբով: Բայց իրադրության ողջ զավեշտն այն է, որ ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա են անում ոչ թե դիմումատուների կողմնակիցները, այլ նորաթուխ կուսակցություններից մեկի ղեկավար, հեղափոխական և նիկոլական Արման Բաբաջանյանն իր ենթականերով: Վերջինիս կարծիքով եթե ՍԴ-ն որոշի չեղարկել ընտրության արդյունքերը կամ որևէ կերպ վերանայի դրանք, ապա դա հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի կողմ քվեարկած դատավորների նկատմամբ սկսվեն քրեական հետապնդումներ՝ ենթադրաբար հեղափոխական արդարադատության իրավունքի ուժով: 

Կրկին ենթադրաբար նույն սպառնալիքն է պարունակում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից մարզահամերգային համալիրում արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումը:

Երևի պրն. Բաբաջանյանը ՍԴ դատավորների նկատմամբ սպառնալիքը հնչեցնելուց հետո պետք է միանար վարչապետի ԺՊ-ի հանդիպմանը: Արձանագրենք, որ մեծ հաշվով նման հանդիպման կարիք չկար, քանի որ ընտրությունից հետո վարչապետի ԺՊ-ն դրանց հետ հանդիպել էր առանձին-առանձին: Մի խոսքով, մի ժամանակ՝ այն, որ կոչվում է նախկինների ժամանակ, ՍԴ-ում նման դիմումների քննության ժամանակ ընդդիմության կողմնակիցներն էին ակտիվանում, իսկ իշխանությունից աչքի էր ընկնում միայն ոստիկանությունը, իսկ «նիկոլական ժողովրդավարության» պայմաններում տեղի է ունենում հակառակը: ՍԴ-ի դիմաց հանգիստ է, սակայն անհանգիստ իշխանությունը ՍԴ դատավորներին «չվնգստալու իշմար» է տալիս բաբաջանյանների և «կլոր սեղանների» միջոցով: 

Մեզ մնում է ընդամենը վերևներին հիշեցնել, որ ժամանակներն անընդհատ փոխվում են, և իրավիճակն էլ «էսպես չի մընա…»՝ որքան էլ իրենք փորձեն ապացուցել հակառակը: