Բոլոր կոնտակտավոր անձինք ինքամեկուսացված են իրենց բնակարաններում. Հրազդանում հաստատված կորոնավիրուսի  դեպքի մասին

Բոլոր կոնտակտավոր անձինք ինքամեկուսացված են իրենց բնակարաններում. Հրազդանում հաստատված կորոնավիրուսի  դեպքի մասին

Կոտայքի մարզը կորոնավիրուսով վարակվածների թվով Հանրապետությունում երրորդն է: Թեև  թիրախավորվել է Չարենցավան քաղաքը, հրազդանցիները ևս մտահոգություն են հայտնում, քանի որ օրեր առաջ Հրազդանի  քաղաքապետն անձամբ  հայտնեց, որ  քաղաքում կորոնավիրուսով վարակված լինելու  մեկ դեպք է հաստատվել: 
Քաղաքի բնակիչները սոցցանցերում  իրենց մտահոգությունն են  հայտնում  հնարավոր կոնտակտավոր անձանց  մեկուսացման հետ կապված: Արդյո՞ք բոլորն են հայտնաբերվել եւ  ժամանակին մեկուսացվել: 

«Տեղեկացնեմ, որ մեր համաքաղաքացին,  ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, իրեն շատ լավ է զգում։ Բոլոր կոնտակտավոր անձինք ինքամեկուսացված են իրենց բնակարաններում։ Հրազդան համայնքում ներկա պահին ամեն բան կարգին է, համայնքի ղեկավարի հանձնարարականով պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, ախտահանվում են բոլոր հանրային վայրերը։ Եվս մեկ անգամ խնդրում ենք խուճապի չմատնվել, մնալ տանը, և պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը... Այո ախտահանվում են, և ճանապարհները, և բազմաբնակարան շենքերի մուտքերը, և կանգառները: Ներհամայնքային երթուղին էլ առաջին իսկ օրվանից ախտահանվում է ամենօրյա ռեժիմով՝ 1 ժամ պարբերականությամբ»,-քաղաքի բնակիչներին հանգստացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը: