ԵՄ-ն ինքնիշխանություն չի սիրում
Արեւմուտքը չի հանդուրժում Վրաստանի ինքնիշխանությունը։ Այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով բանաձեւը նախօրեին Եվրախորհրդարանն ընդունեց ձայների ճնշող մեծամասնությամբ։ Բանաձեւում Եվրահանձնաժողովին կոչ է արվում՝ վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, իսկ անդամ երկրներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ։ Բանաձեւը «մտահոգություն է հայտնում, որ «Վրացական երազանքի» բազմաթիվ օրենսդրական առաջարկները դավաճանում են վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ձգտումներին»։ Խոսքը վերաբերում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին, որը Թբիլիսին ընդունեց, չնայած միջազգային գործընկերների կոչերին ու Վրաստանի նախագահի դրած վետոյին, ինչպես նաեւ ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագծերի փաթեթի մասին է։
Եվրոպայի հակազդեցությունը՝ չեզոքության ձգտող ու ինքնիշխան քաղաքականություն վարելու փորձեր անող վրացական իշխանություններին, ամենեւին զարմանալի չէ։ ԵՄ-ն ինքնիշխանություն չի սիրում՝ «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
ԵՄ անդամ երկրները Բրյուսելին են զիջել իրենց արտաքին ու սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, նույնը, անշուշտ, ակնկալվում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող ցանկացած երկրից, իսկ հետխորհրդային տարածքում ինքնիշխանության վերաբերյալ դիսկուրսը, որը, ըստ մեր զրուցակցի, կապվում է միայն Ռուսաստանի հետ, իրականում կեղծ է, որովհետեւ, ի տարբերություն նրա, Արեւմուտքն առավել զգայուն է երկրներում որեւէ փոփոխության նկատմամբ ու ավելի խորն է թափանցում տվյալ երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանք։
Քաղաքագետն ակնհայտ է համարում Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի հաղթանակը, մի հարց է, ըստ Միքայելյանի, բաց մնում՝ կկարողանա՞ «Վրացական երազանքը» հավաքել սահմանադրական մեծամասնություն, որին ձգտում է, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ հետընտրական սցենարների հավանականությունը Վրաստանում գրեթե 100 տոկոսանոց է, չափազանց բարձր է առճակատման ու բախումների սցենարը։
«Թբիլիսիում ժողովրդի մեծ մասը նրանց չի աջակցում, եւ բավականին մեծ արեւմտամետ տրամադրություններ կան, ինչը լուրջ հակազդեցություն է բերելու ոչ միայն ժողովրդի, այլեւ արեւմտյան կառույցների կողմից, որոնք այդ մասին ամենաբարձր մակարդակով են հայտարարել։ Իշխանությունը մոտավորապես քվեների 55 տոկոսը կհավաքի, կստանա կա՛մ սահմանադրական մեծամասնություն, կա՛մ դրան մոտ քանակ՝ կեսից ավելի, որից հետո հետընտրական ակցիաներ կսկսվեն, որոնք հեղափոխական ճանապարհով իշխանությունը փոխելու նպատակ են ունենալու։ Արդյունքը կանխատեսելը դժվար կլինի, բայց հեղափոխությամբ Վրաստանում իշխանություն փոխելը շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով այն, որ ընդդիմությունը միավորված չէ»,- բացատրում է քաղաքագետը՝ շեշտելով, որ արտաքին քաղաքական փոփոխություններն անխուսափելի կլինեն։
Արդյունքում Վրաստանը, միանշանակ, արեւմտամետ քաղաքական վեկտորից անցում է կատարելու դեպի չեզոք քաղաքականություն, ինչը կդրսեւորվի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության կուրսից հրաժարվելու, արտաքին ազդեցության էլեմենտների զսպման, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության խորացման միջոցով։ Իսկ այս սցենարը կնշանակի դեպի Արեւմուտք մանեւրի՝ Հայաստանի իշխանությունների հնարավորության ամբողջական սահմանափակում։
Քաղաքագետ Արման Աբովյանը Վրաստանի օրինակը, Հայաստանի ու հատկապես Երեւանի փողոցներում «եվրակրկես» բեմադրողների համար դաս է դիտարկում, որոնք մարդկանց ուզում են Եվրոպա տանել՝ այն դեպքում, երբ այնտեղ մեզ սպասող չկա։ Նրա խոսքով՝ Վրաստանի օրինակը եւս մեկ անգամ փաստում է, որ Եվրոպայի քաղաքականությունը որեւէ կերպ չի տարբերվում այլ աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնց հիմնական նպատակն իրենց հետաքրքրություններն առաջ տանելն է։ Իսկ այդ նպատակը մեկն է՝ «պայթեցնել» Հարավային Կովկասը եւ Ռուսաստանի ու Իրանի համար սահմանին նոր տաք կետ ստեղծել։ Թե ինչ կլինի հարավկովկասյան երկրների հետ, ըստ մեր զրուցակցի, Արեւմուտքին չի հետաքրքրում, որովհետեւ «բոլորը բոլորի վրա խորապես թքած ունեն»։
«Թքած չունեն միայն այն պետությունների վրա, որոնք կարողանում են իրենց շահերը պաշտպանել։ Հայաստանի իշխանութուններն արտաքին ուժերին՝ Թուրքիային, Ադրբեջանին, Արեւմուտքին ու, մասնակիորեն, Ռուսաստանին են հանձնել որոշումներ կայացնելու լեգիտիմությունը, իսկ վրացիները պաշտպանում են իրենց շահերը։ Ի՞նչ կարող է անել Արեւմուտքը Վրաստանին՝ շուկայից եւ վիզայից է զրկելու։ Վրաստանի սպառման շուրջ 80 տոկոսը Ռուսաստանն է, իսկ Եվրոպա վրացիները գնացին ու տեսան, թե այն ինչ է, այսինքն, ըստ էության, Արեւմուտքը Վրաստանի վրա լծակ չունի»,- բացատրում է Արման Աբովյանը։
Վրաստանի դեմ ԵԽ-ի ընդունած բանաձեւը, նրա խոսքով, ակնհայտ ցույց է տալիս, որ թե՛ Եվրոպան, թե՛ Արեւմուտքը խորապես թքած ունեն իրենց իսկ հռչակված սկզբունքների՝ անկախության ու ինքնիշխանության վրա։ «Հիմա փորձում են կոտրել վրացիներին՝ այն պատճառով, որ վրացիները չեն ցանկանում գտնվել այն ծիրի մեջ, որն իր համար տեսնում է Արեւմուտքը։ Վրաստանից, ըստ էության, պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ եւ բացել երկրորդ ճակատը, ինչը կնշանակի վրացական պետությունը դնել արեւմտյան հետաքրքրությունների զոհասեղանին։ Վրացիները դա չեն ուզում»,- շարունակում է Աբովյանը։
Եթե Վրաստանը չկոտրվի, ու ներքաղաքական հնարավոր սցենարները հօգուտ այդ երկրի ինքնիշխանության հանգուցալուծվեն, ի՞նչ կլինի Հարավային Կովկասի կոնյունկտուրայի հետ՝ այն դեպքում, երբ Թբիլիսին ինքնուրույնություն է դրսեւորում, իսկ Բաքուն՝ Արեւմուտքից ուզածն ստանալուց հետո, հայացքը դեպի Մոսկվա է թեքել։ «Ապամոնտաժման գործընթաց»` ստեղծված իրավիճակում սա է Հայաստանի գլխին կախված սպառնալիքը։ «Երբ Արցախը հայաթափվում էր, ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն գեթ մեկ դոլարի պատժամիջոց չկիրառեց Ադրբեջանի դեմ»,- հիշեցնում է մեր զրուցակիցը՝ արձանագրելով, որ գործող իշխանությունը երկիրն օբյեկտի է վերածել ու կեղծ խաղաղության համար պատրաստ է զոհասեղանին դնել ամեն ինչ։
«Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը շարժվում են որոշակի տրամաբանության ներքո, որը համապատասխանում է իրենց ազգային-պետական շահին, Հայաստանը շարժվում է այլ պետությունների շահերի ներքո, եւ այդ՝ այլ պետությունների շահերի բախումը Հայաստանի տարածքում անխուսափելի է դառնում»,- եզրափակում է նա։
Կարծիքներ