«Հրապարակ». Աննա Հակոբյանը նաեւ ընտրություններին է աջակցում

«Հրապարակ». Աննա Հակոբյանը նաեւ ընտրություններին է աջակցում

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ այցելել է Սյունիքի մարզ։ Այցի թվացյալ նպատակն այն է, որ այսօր Մեղրիի մանկապարտեզներից մեկի վերաբացմանը մասնակցի, ասում են՝ մանկապարտեզի վերանորոգման համար նաեւ նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն է որոշակի աջակցություն ցուցաբերել, եւ մանկապարտեզի տնօրինությունը, ի նշան երախտագիտության, որոշել է կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահել Աննա Հակոբյանին։ Սակայն տիկին Հակոբյանը որոշել է բարեգործական միսիան համատեղել քաղաքական հարցեր լուծելու հետ ու այդ նպատակով էլ մեկ օր շուտ է մեկնել Սյունիքի մարզ, հանգրվանել Սիսիան քաղաքում, որպեսզի տեղում ծանոթանա քաղաքի նախընտրական անցուդարձին եւ օգնի, որ մարտի 26-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում հաղթի ՔՊ-ն՝ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ Հակոբջանյանը մի անգամ ձախողվել է՝ չի կարողացել 50+1 հավաքել, ուստի նոր ընտրություններ նշանակվեցին։ Ինչեւէ, վարչապետի կինն այնքան է ներգրավված քաղաքական գործընթացներին, որ իշխող կուսակցության մարզային ակտիվը հատուկ պատրաստվել է այս այցին։

Մեր աղբյուրներն ասում են, որ Հակոբջանյանի հովանավոր՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն Աննա Հակոբյանի այցից առաջ խնդրել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ այցն այնպիսի գրաֆիկով կազմակերպել, որպեսզի տիկինը ճաշի իր տանը։ Ասում են՝ պատգամավորը ճոխ հյուրասիրություն է պատրաստել վարչապետի կնոջ համար՝ հույս ունենալով, որ Աննա Հակոբյանին հաճոյանալով, կկարողանա վերականգնել իր եւ վարչապետ Փաշինյանի լարված հարաբերությունները։ Մենք քանիցս գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Համբարձումյանին ներառել է իր սեւ ցուցակում՝ Սիսիանի նախկին ընտրությունները տապալելու համար։ Բացի այդ, մինչ օրս Սիսիանում չի ձեւավորվել ՔՊ տարածքային խորհուրդ, քանի որ ՔՊ-ականներն այստեղ թեւերի են բաժանված, իսկ Փաշինյանը հրահանգել է, որ խորհրդում ներգրավված լինեն բոլոր թեւերի ներկայացուցիչները։ Օրերս էլ գրեցինք, որ ոստիկանությունը նյութեր է հավաքել Սիսիանի կոմունալ բաժնի ղեկավարի վերաբերյալ՝ ուղարկելով դրանք Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ կոմունալի ղեկավարը Կարեն Համբարձումյանի մտերիմն է, այսինքն՝ Փաշինյանն անթաքույց ցույց է տալիս, որ Կարեն Համբարձումյանը չի արդարացրել իր հույսերը եւ արժանի է պատժի։ Իսկ քանի որ ՔՊ-ում լավ գիտեն, որ ստվերային վարչապետն Աննա Հակոբյանն է, որոշել են նրա միջոցով հարցերը լուծել։