Երևանում օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ նվազե՞լ է

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ նվազե՞լ է

Մենք տեղեկացանք, որ հայտարարված արտակարգ դրության, մարդկանց տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված՝ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը վերջին օրերին զգալիորեն նվազել է։ Սա, իհարկե, հիմնականում  պայմանավորված է տրանսպորտային միջոցների թվաքանակի կտրուկ նվազմամբ։ Հայտնի է, որ կորոնավիրուսի տարածման համար օդի աղտոտվածության բարձր մակարդակը նպաստավոր պայման է համարվում։

«Հրապարակի» հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը նշեց, որ այս հարցով զբաղվում է Մոնիթորինգի ՊՈԱԿ-ը, սակայն մարտ ամսվա տվյալները դեռևս հայտնի չեն։

«Ցավոք մարտ ամսվա տվյալները կունենանք միայն ամսի մեկին։Այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա թարմացումը տեղի է ունենում մյուս ամսվա ամսի մեկին կամ այդ ամսվա վերջին օրը։ Ես էլ այսօր առավոտյան հատուկ կապվել էի Մոնիթորինգի բաժնի աշխատակիցների հետ, որպեսզի հասկայի՝ տվյալներ կա՞ն, որ փոխանցեմ լրատվականներին, թե ոչ։ Ինձ ասացին, որ դրա համար պետք է մի քիչ սպասել։ Պետք է մարտը վերջանա, որ իրենք բոլոր համեմատություններն անեն»,- ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը վերջերս ահազանգել էր կորոնավիրուսի համաճարակի օրերին մթնոլորտում օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման մասին: Հյուսիսային Իտալիայում գրանցվել է նիթրոգեն դիոքսիդի մակարդակի անկում: Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից առավելագույնը տուժած երկրների շարքում է:

Այս միտումը արդյունք է նրա, որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով երկիրը գտնվում է փակի տակ, չեն գործում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ տրանսպորտային միջոցների թվաքանակը կտրուկ նվազել է: