Իմ սեր, իմ կարոտ․․․

Իմ սեր, իմ կարոտ․․․

Մի քանի օր առաջ բարեկամուհիս հարցրեց՝ էլ չե՞ս գրում։ Հարցն ինձ խոցեց։ Հանկարծ հասկացա, որ Նիկոլի գալուց հետո ոչ մի տող Սյունյաց իմ գեղեցկուհուն՝ Գորիսին, չեմ նվիրել։ Իմ չորսուկես տարին անցել է ամուլ, անպտուղ, անսեր, անգույն։ Բարեկամուհիս զգաց տրամադրությանս կտրուկ անկումն ու հարցրեց՝ ինչ որ բան այն չասացի՞․․․ Ես մտովի արդեն անպտուղ իմ տարիների, ամայած հոգու մասին էի մտածում․ «Իմ օրրանը » թուրքի կոխան սարքեց» հերիք չէ, մեզ էլ ամայացրեց, երաշտով չորացրեց մեր հոգու բոլոր ծաղիկները։ Չորսուկես տարի, Նիկոլի գալուց հետո՝ ես գրում եմ միայն այն մասին, թե ինչ արհավիրք պատեց հայոց աշխարհին, մենք բոլորս որբացանք, ամայացանք։ Ողբում ենք բոլորս՝ մեր կորցրած եդեմի համար, ողբում ու չենք կարողանում ազատվել այն ,,արհավիքից,,, որ ծանր քարի պես ընկավ մեր երկրի ու մեր գլխին, մամլեց մեզ։ Հայտնվել ենք ծայրահեղ ծանր հիվանդության ճիրաններում ու չենք կարողանում ազատվել ցավից։ Ու պարզից էլ պարզ է, որ մեր փրկության միակ ելքը ցավից ազատվելն է, որը խեղդում է մեզ։ Մեր միակ փրկությունը ոչ թե հիվանդության հետևանքները բուժելն է, այլ բուն հիվանդության դեմ պայքարելը։ Քրքրեցի իմ ստեղծագործությունները, թրջեցի արցունքներով ու հասկացա, որ մեր հայրենիքի հետ մեկտեղ մենք մեր անդորրը, խաղաղությունը, իղձերը սերը, կարոտն ենք կորցրել։ Մեր անցյալի, ներկայի ու ապագայի տեսիլքն ենք կորցրել։ Հանրապետության գլխավոր հրապարակում լուսային «էլեկտրաստանցիա են տեղադրել» , որպեսզի հոսանքից շանթահարվեն մեր ուղեղները ու չհասկանանք, որ դա դժոխք ուղղորդող լույս է։ Փորձեցի սփոփել ինձ ու թերթել իմ այս փոքրիկ ստեղծագործությունը, որը գրել էի, երբ նիկոլ չկար, ու ես գրում էի մեր հրաշք Սյունիքի մասին։ Նոր էի տեղափոխվել Երևան ու անսահման կարոտ էի զգում․ «Իմ պատուհանն ուղիղ այս տեսարանին էր նայում: Ապակիների ետևում իմ աչքերն էին, ու ես տասնյակ տարիներ ապակու միջից սքանչանում էի այս հրաշքով: Հետո պատուհանս մնաց, իսկ աչքերս հեռացան այս գեղեցկությունից, իրենց հետ տանելով այս մեծ-մեծ քարերն ու դարերը: Պատուհանս փոխվեց ու երբ ապակու ետևից նայեցի, բազմահարկ շենքեր տեսա, որոնք անծանոթ էին ինձ ու խորթ: Նրանց մեջ ծվարած մարդիկ մի տեսակ վանդակի մեջ ամփոփված թռչուններ ինձ թվացին, ու ես սկսեցի խղճալ ինձ ու նրանց: Տեսնես յուրաքանչյուր թռչուն ո՞ր եդեմից է եկել ու պատսպարվել այս անշունչ քարերի մեջ,-մտածում էի: Ու ծնվեց կարոտը: Երբեմն սաստում էի կարոտիս, որը ոչ թե սովորական զգացում էր, այլ մարդկային ամբողջություն դարձած կերպ՝ իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, որ Հայաստանում չեն, իրենց հողի վրա կանգնած չեն: Դու Երևանում ես՝ քո հայրենիքի մայրաքաղաքում: Բայց սրտին համոզել կլինի՞… Մի անգամ մտերմուհիս, ով բանաստեղծուհի էր, սաստեց ինձ՝ լրիվ տեղն էլ նույնն է, ի՞նչ ես այդքան քո Գորիսը գովում: Ես նրան մի բանաստեղծություն նվիրեցի, ու նա հաջորդ օրը եկավ ու ասաց՝ զինաթափ եմ լինում: Հիմա էլ հաճախակի մի քառատոն է անգիր արել ու արտասանում.

Այնտեղ ուրիշ արև ունենք, Ուրիշ լուսին, ուրիշ երկինք,

Տարբերվում են բույրերն անգամ, Բույրն ուրի՜շ է, ուրի՜շ է համ…

Կարոտել հայրենի հողը, տունը, հայի համար նոր երևույթ չէ ու եթե կարդանք մեր Մեծերի գործերը, կհամոզվենք, որ այնտեղ սիրուց, կարոտից զատ ուրիշ ոչինչ չկա: Սերն է պահում հողը»,- միշտ այդ կարծիքին եմ եղել: Ոչ մի զենք, բանակ սիրուց ուժեղ լինել չի կարող: Երբ ասում են Սյունիքն անպարտելի է եղել, ես հասկանում եմ, որ մարդիկ իրենց հողը անձնազոհաբար են սիրել: Ես մի փոքրիկ բանաստեղծություն էի գրել մեր տան դիմաց դրված քարի մասին, ուր նախկինում միշտ նստում էինք հարևանուհիներով ու երկրի անցուդարձից խոսում. Տեսնես մեր տան քարին Ո՞վ է նստել իմ տեղ, Ո՞վ է առնում քարից Անուշ օրհնանք երկնի: Տեսնես քարը գիտե՞, Որ սիրում եմ իրեն, Ամեն մի նստողին Երանի եմ տալիս: Տեսնես մեր տան քարը Մահացե՞լ է արդեն, Կուլ կարոտից ճաքել, Երկու կե՞ս է եղել… Այդ քարի վրա ինձ հետ նստող հարևանուհիս կարդացել բանաստեղծությունս, հետո երբ մի անգամ Գորիս գնացի, իմացա, որ տեղը, որտեղ ես սիրում էի նստել, ոչ մեկը չի նստում: Հարևանուհիս չէր թողնում: Երբ փորձեցի խոսք բացել, կատակեց՝ նհենց պյանես կիրալ, վեր հու ռիսկ կանի… Ես էլ կատակեցի՝ արձանըս ա պկասում… Մտա տունս ու անմիջապես Լաստ սարին նայող այս տեսարանին նայեցի: Ամեն ինչ նույնն էր, նույն սիրագորով բլուրներն ու սարը, ինձ թվում էր նույնիսկ ոտնահետքերս եմ տեսնում: Դրսում շտապեցնում էին, տաքսին սպասում էր՝ Երևան տանելու համար, իսկ ես հասցրի իմ հույզերը թղթին հանձնել.

Մեր Լաստ սարի լանջի վրա

Դոշին կպած մամուռ դառնամ,

Ինչքան քամին գնա ու գա,

Կառչած մնամ ու զորանամ:

Կրծքի լալկան մանկան նման

Ես մայրական սուրբ կաթ ուտեմ,

Իմ Լաստ սարի անմահական

Վեհությունը վերից չափեմ:

Ինչքան վայրագ հողմեր էլ գան,

Ես թել դառնամ, սարը՝ ասեղ,

Իրար ձուլվենք ու մեկ դառնանք,

Դարի շորը կարենք մեկտեղ:

․․․Դու մեր սերը, կարոտը մորթեցիր Փաշինյան Նիկոլ անուն ազգանունով հայտնված մարդ։ Դու երկիրը մորթելուց առաջ մեզ մորթեցիր։ Մենք պետք է ազգովի վերագտնենք մեզ, լիզենք մեր վերքերն ու կարողանանք ոտքի կանգնել։ Պետք է կարողանանք ազատվել «հայի ցավից»։