Իշխանությունը․․․ ժողովրդական ասացվածքներում
Իմաստախոսությունները, մասնավորապես՝ ասացվածքները, մենք հակված ենք ընդունելու որպես ժողովրդական կենսափիլիսոփայության եւ հազարամյա փորձառության այլաբանական բանաձեւումներ, որոնք մտնում են լեզվի բանահյուսական շտեմարաններ՝ իբրեւ անձեռնմխելի հարստություն։ Բայց, ըստ իս, այդ իմաստախոսությունների ամենաուշագրավ առանձնահատկությունն այն է, որ դրանք ստեպ-ստեպ ներկայի ինչ-ինչ իրավիճակների վրա պրոյեկտվելով՝ ամեն անգամ արդիականանում են՝ բոլորիս հուշելով կյանքի օրինաչափություններից մեկը․ լուսնի տակ ոչինչ նոր չէ։
Հետայսու կփորձենք ներկայացնել ժողովրդական ասացվածքներ, որոնք իրենց կենսունակությունն ապացուցում են՝ ամենակատարյալ կերպով բնորոշելով ներկա քաղաքական, հասարակական, սոցիալական, մշակութաբանական եւ այլ իրավիճակները։ Վաղնջական ժամանակներից եկած այդ իմաստախոսությունները երբեմն այնպես բնականորեն են «ներկա»-յանում, որ թվում է՝ նոր-նոր են ստեղծվել, իսկ դրանց լեզվաբանական մշակումը չի էլ ավարտվել։
Անծանոթին շորերով ընդունում են, խելքով՝ ճանապարհում
2018-ի «անծանոթը»՝ հեղափոխությունը (այս բառը այն օրերի մեր խանդավառ պատկերացումների վաղաժամ ծնունդն է), մենք նախ «ընդունեցինք շորերով»՝ տարաշխարհիկ, գունագեղ, վառվռուն։ Ճիշտ է, այդ շորերի վրա թատերական, նույնիսկ ծաղրածուական ինչ-որ լաթեր էլ կային, բայց մեր խանդավառ հայացքը հակված էր դրանք ավելի շատ ջահելական աքսեսուարներ համարելու, ուստի մենք ամբողջության մեջ ընդունեցինք հեղափոխության «անթաքույց գեղեցկությունը»։ Ի դեպ, շատերը կհիշեն, որ հեղափոխական այդ օրերին բնությունն էլ էր ողորմածորեն բարեհաճ, ողորմածորեն հեղափոխական․ նրա օգնությամբ մեր «անծանոթի» շորերն առավել գայթակղիչ էին երեւում՝ ապրիլյան ջերմ արեւ, անամպ երկինք, հիանալի եղանակ․․․
Սակայն շուտով եկավ «ճանապարհելու» ժամանակը, երբ բոլորս հանկարծ տեսանք, որ անծանոթի գունագեղ շորերի տակ, ափսոս եւ ավաղ, ի՛նչ ասես կար սքողված՝ է՛լ ինքնահավանություն, է՛լ մեծամտություն, է՛լ իմաստակություն, է՛լ դիլետանտիզմ, է՛լ փառասիրություն, է՛լ սուտ ու կեղծիք։ Իսկ ավելի ուշադիր հայացքը երեւան բերեց նաեւ անհնարին թվացող իրողությունը՝ անծանոթը, ի լրումն այդ բոլորի, նաեւ․․․ անբարո էր։
Այնքա՛ն անբարո, որ առանձնակի հրատապություն ձեռք բերեց ու նորովի իմաստավորվեց ասացվածքի երկրորդ բաղադրիչը՝ «խելքով ճանապարհելու»․․․
Կարծիքներ