Էդ, ինչ է, զայրանո՞ւմ եք

Էդ, ինչ է, զայրանո՞ւմ եք

Ասել էինք, մինչեւ կկվի ձեն ածելը չենք զայրանում, իրար վրա բոչկա չենք գլորում, հաթաթա չենք տալիս… Բայց այս ի՞նչ է կատարվում՝ իշխանությունն ու իշխանավորներն ինչ-որ անհանգիստ են, անկանոն շարժումներ են անում, վերհիշել են իրենց կեղտոտ բառապաշարը, որ հեղափոխության օրերին գործածում էին «դուխով» երեւալու համար: Հաղթելո՞ւ եք: Հաղթեք, չուզողը ես լինեմ: Պարզապես կուզենայի ճշտել՝ այդ ո՞ւմ եք պատրաստվում հաղթել, այն էլ՝ այս թիմով, որ սեփական ես-ի ինքնապաշտպանությունից բացի այլ ռեֆլեքսներ չունի: Հանկարծ մեկը չասի՝ աչքներիդ վերեւն ունք կա: ԱԱԾ եք կանչում, հարկադրում հերքել տրիվիալ ճշմարտությունները: Էդ «դուխո՞վ» եք հաղթելու: Բայց չէ, չանջատեմ ձեզ մեզնից ու հարցն այլ կերպ տամ՝ էս «դուխո՞վ» ենք հաղթելու:
Նիկոլ ջան (գերագույն գլխավոր հրամանատար ասել չի լինում), ամեն դեպքում, ժամանակ գտիր ու կարդա Հանրային խորհրդի մեծագույն խայտառակություն Սաֆարյան Սծյոպիկի գրառումները մեր մասին: Էդ գյադեն, չնայած իր պաշտոնին, տեղը չի բերում, որ պատերազմ է, կենաց-մահու կռիվ: Այլապես ինչո՞ւ է հենց այս օրերին թուրք անվանում Քոչարյանին ու նրա համակիրներին, ինչ է թե վերջիններս իր հասցեին մի քանի դաստիարակչական հրապարակումներ են արել: Մարտակոչ անող Նիկոլ ջան, չե՞ս կարծում, որ այդքանից հետո մի զորահավաք էլ Սաֆարյան Սծյոպիկի համար պետք է անել, որ այդ սորոսական փալասանքն էս խառը ժամանակներում հանկարծ առանց թիկնազորի չմնա ու փողոցում ծեծ չուտի: Հապա մի էդ միպուճուրի հաթաթան լսիր՝ պատերազմը վերջանա՝ ձեզ հետ ուրիշ կերպ ենք խոսելու: Ուզում ես հարցնել՝ ո՞վ, դո՞ւ: Քո անունից խոսիր, ճըպըլ, եւ զգույշ, որովհետեւ պատերազմ է:

Ամեն անգամ հավարը դնում եմ Նիկոլին, բայց խեղճ Նիկոլն ի՞նչ անի, հրեն՝ առաջնագծում է, ռսի ասած՝ сам дежурный, сам дневальный-рядавой Пашинян… Մարդը քիթ սրբելու ժամանակ չունի: Պուտինը վրա-վրա զանգում է՝ ավտոպատասխանիչն է միանում՝ все ушли на фронт… Պուտինն ի՞նչ իմանա, որ սա հայի ու թուրքի կռիվ է, որտեղ գյալաջի անելու ժամանակ չկա: Բայց գուցե նաեւ գիտի ու զանգում է, որպեսզի հասկանա, թե արդյոք մինչ այս պահը ՀՀ ԿԳՄՍ նախարարն Արայիկ Հարությունյա՞նն է, որ այս պատերազմի նախօրյակին թուրքերի հետ հայոց պատմության դասագիրք էր գրում՝ պատմության մեջ ռուսներին իրենց տեղը ցույց տվող բարեփոխումներով: Չգիտեմ, Նիկոլ ջան, ինչ ուզում ես արա, բայց ժամանակ գտիր տգետ նախարարովդ զբաղվելու, այլապես այս պատերազմական օրերին նա կարող է Սաֆարյան Սծյոպիկին շրջանցել իր հաթաթաներով: Հիշո՞ւմ ես ասացվածքը, Նիկոլ ջան՝ էշի խրտնածը ձիու խրտնածից բեթար է: Արդ, ուրեմն, իմացիր՝ եթե ճըպըլի գործը մեծ հաշվով պողոսների հետ է, ապա ԿԳՄՍ նախարարը ռեկտորների ու դպրոցի տնօրենների հետ գործ ունի: Տգետն էլ երեւի կհասկանար, որ պատերազմի օրերին չի կարելի դպրոցի տնօրեններին, որոնք քննարկում են դասերն անիմաստ ձեւով շարունակել-չշարունակելու հարցը, հաթաթա տալ, թե տեսեք ձեզ ինչ ենք անելու պատերազմից հետո: Ու նորից ուզում ես հարցնել՝ ո՞վ, դո՞ւ… Ու մեկ էլ հասկանում ես, որ սա նույնպես սորոսական է, էն էլ՝ սրսուռ, էն էլ՝ պատանեկությունը հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում անցկացրած:

Բա էն օ՞րն ինչ է տեղի ունեցել, Նիկոլ ջան, լսե՞լ ես: Ուրեմն, հենց ոտդ քաշեցիր, եւ իմացվեց, որ ողջ-առողջ հասել ես Արցախ, իմքայլականների «դուխը» ելավ, սկսեց իրենց ուտել: Մե ԱԺ ամբիոնը գրկել, մե բարձրախոսները ծռմռել, մե հայտարարություններ անել, մե բան… Նույնիսկ Անդրանիկ Քոչարյանն էր հայրենասիրության մաստեր-կլաս ցույց տալիս՝ առանց իր խայտառակ հանձնաժողովի ու քառօրյա պատերազմի մասին որեւէ խոսք ասելու: Այդպիսի միասնություն ու համախմբվածություն «ձեր քայլը» մեկ էլ Գագիկ Ծառուկյանին դատախազի ձեռքը տալու գործում էր ցուցաբերել: Այ, շատ ապրեն քայլոները… Պատերազմի ժամանակ հենց այդպիսին էլ պետք է լինել: Եվ, այնուամենայնիվ, Նիկոլ ջան, այդպես էր միայն նիստերի դահլիճում, իսկ ահա դահլիճից դուրս իմքայլականները կերպարանափոխվում էին, կորցնում ինքնատիրապետումն ու անգամ սեփական սեռի զգացողությունը: Լավ էր, այ մարդ, «ՀԺ»-ի լրագրող չէր կանգնած դեմները, այլապես աշխարհով մեկ խայտառակ կլինեինք: Ոնց էլ ճարե՜լ ես դրանց, Նիկոլ ջան: Երկուսով Հ5-ի կին լրագրողին կոպտում էին, հրաժարվում նրա հարցերին պատասխանել, հաթաթա տալիս, թե դուք, հատ-հատ, ձեր հալը հետո կտեսնեք… Բա կին պատգամավորն ինքնատիրապետումն այնքան կկորցնի, որ տեսախցիկների առաջ բռունցքներով հարվածի լրագրողի միկրոֆոնի՞ն: Էն էլ՝ երկու անգամ:

Չէ, եղբայր Նիկոլ, երեւում է, որ քեզ այդպես էլ չի հաջողվում միասնություն ու համերաշխություն հաստատել երկրում: Ընդդիմությունդ ֆրոնտում է, իսկ դու սեփական ուժերով ու ձեւական ընդդիմության դամքաշությամբ չես կարողանում հաղթահարել այդ պարզ առաջադրանքը: Թիմդ է քեզ խանգարում, հարվածում թիկունքից, քեզ հեռացնում մեզնից: Եվ խնդրում եմ, ինչ որ ասացի վերեւում, հատ-հատ գրանցիր մոտդ, որ երբ քեզ դատեն թավշյա ավանտյուրայի գործով, միայնակ պատասխան չտաս սորոսական սբրոդի համար: Ի դեպ՝ չեն դատում միայն հաղթողին: Այստեղ մեր շահերը համընկնում են, ժողվարչապետ ջան, որովհետեւ մենք էլ ենք որոշել, որ հաղթելու ենք, բայց եւ չենք ուզում թշնամու դեմ հաղթական պատերազմից դուրս գալ այս անհասկանալի էակներից պարտված:
Ուշքի արի:
Հաղթելու ենք: