ՍԴ-ն կատարում է Փաշինյանի հերթական պատվերը

ՍԴ-ն կատարում է Փաշինյանի հերթական պատվերը

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 14-ին գրավոր ընթացակարգով պետք է քններ ՀՀ մի շարք համայնքների նախկին եւ գործող ղեկավարների դիմումների միասնական գործը, որի շրջանակներում վիճարկվում է գործադիր իշխանության կողմից տեղական ինքնակառավարմանը միջամտող օրենքների դրույթների սահմանադրականությունը։ 

Խոսքը Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանի, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանի, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանի, Տաշիր համայնքի գործող ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Արթիկի ղեկավար Մխիթար Վարագյանի դիմումի մասին է: Նրանք ՍԴ-ում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների` 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։

Եթե ավելի պարզ ասենք, ապա Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթեւ ձեռքով փոփոխություններ կատարվեցին ԸՕ-ում՝ ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Նաեւ օրենքում, օրենքի անցումային դրույթներում կատարված փոփոխությամբ, ամրագրեցին համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը: Այսինքն` իշխանությունն իրեն իրավունք վերապահեց ոչ թե ժամկետը լրանալուն պես ընտրություններ նշանակել, այլ իր ուզած անձին ԺՊ նշանակել եւ նրա միջոցով կազմակերպել ընտրությունը, որի դեպքում իշխանական ԺՊ-ի հաղթանակը գրեթե երաշխավորված է: Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին էլ նշանակում է վարչապետը կամ մարզպետը։
ՍԴ դիմած համայնքապետերի կարծիքով՝ այսպիսով գործադիր իշխանությունը միջամտում է տեղական ինքնակառավարմանը, ինչը հակասում է Սահմանադրությանը։

Նրանց պահանջն այն է, որ լիազորությունների ավարտից հետո հենց իրենք էլ մնան ԺՊ-ի կարգավիճակում, մինչեւ կլինեն նոր ընտրություններ։ Իսկ սեփական ԺՊ-ն վարչական լծակներ է եւ ընտրություններում իրավիճակը տիրապետելու միջոց։ Հենց այդպես վարվեցին, դիցուք, Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանի հետ։ Փետրվարի 22-ին լրացավ նրա պաշտոնավարման ժամկետը, եւ իշխանությունը ԺՊ նշանակեց բենզալցակայանի նախկին աշխատակից ոմն Դավիթ Սարգսյանի, ով աշխատանքի ընդունման թերթիկում «սեռ»-ի դիմաց գրել էր «արու»։ Այդպես վարվեցին Սպիտակի եւ մյուս դիմումատու համայնքապետերի համայնքներում:

Իրավաբանների պնդմամբ՝ անկասկած է, որ ՍԴ-ն այլ վճիռ, քան հօգուտ քաղաքապետերի, չի կարող կայացնել, քանզի Սահմանադրությունն է երաշխավորում գործադիր իշխանության եւ ՏԻՄ մարմինների անկախությունը, եւ ՏԻՄ-երն ընտրված մարմիններ են, որոնց գործադիրն իրավունք չունի միջամտել։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ՍԴ-ն արդեն երրորդ անգամ հետաձգում է հայցի քննությունը։ Հիշեցնենք, որ դիմումը ներկայացվել է մարտին, առաջին նիստը նշանակված էր ապրիլի 1-ին, այն տեղափոխվեց հունիսի 22, ապա՝ սեպտեմբերի 14, հիմա էլ, արդեն որերորդ անգամ, հետաձգում են նիստը․ այն տեղափոխվել է հոկտեմբերի 19։ Ուշագրավ է, որ հոկտեմբերի 17-ին մի շարք  համայնքներում, այդ թվում՝ Դիլիջանում, ՏԻՄ ընտրություններ են նշանակված, ուստի ՍԴ-ում քննությունն իմաստազրկվում է։ Հենց սրա համար էր, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմում էր ՍԴ-ի դեմ, որպեսզի ձեւավորեր իրեն կամակատար դատարան, որը ցանկացած պահի կկատարեր իր քաղաքական հրահանգները։

Երեկ փորձեցինք ՍԴ-ից մեկնաբանություն լսել, մասնավորապես, թե ովքեր են մասնակցել նիստին, քանի դատավոր է դեմ եղել, քանիսը՝ կողմ, եւ վերջապես՝ չե՞ն կարծում, որ հետաձգելը մերժելուն համազոր է, ու այլեւս իմաստազրկվել է այս հայցի քննությունը։

Դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը մեզ փոխանցեց հետեւյալը․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Ձեր մատնանշած գործին միավորել նաեւ 22․07․2021թ․ քննության ընդունված՝ Զոլաքար համայնքի ղեկավարի դիմումը, ինչը ենթադրում է միավորված գործի նոր դիմումի մասով լրացուցիչ ուսումնասիրում անցկացնելու անհրաժեշտություն, որոշում է կայացվել հետաձգել  գործի դատաքննությունը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Միեւնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ տվյալ գործը քննվում է ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետների շրջանակներում»։