«Ուզում եք, 50 մլրդ տվեք գիտությանը, չի զարգանա, եթե վիճակը սա է»․ Հարություն Կարապետյան

«Ուզում եք, 50 մլրդ տվեք գիտությանը, չի զարգանա, եթե վիճակը սա է»․ Հարություն Կարապետյան

Oրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող, Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը հայտնի է գիտության ոլորտում իր կոռուպցիոն բացահայտումներով։ Նա «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուներից է, Անդրեաս Ղուկասյանի ընկերն է։ Քանի որ գիտության մասին այս ընտրարշավում ամենաքիչը խոսվեց, Կարապետյանին մի քանի հարց տվեցինք «գիտա-քաղաքական» թեմաներով։

- Պարոն Կարապետյան, դուք ֆիզիկոս եք ու ձեզ ամենաշատը գիտության խնդիրները պետք է հետաքրքրեն։ Ինչո՞ւ եք ընտրել Անդրեաս Ղուկասյանի կուսակցությունը։

- Ես երևի, 91 թվականից գիտության կառավարման բնագավառում եմ, երբ որ ստեղծվեց կառավարական հանձնաժողով թանկարժեք սարքավորումների ինվենտարիզացիայի հարցով, ես անվճար զբաղվել եմ դրանով, փրկել եմ թալանից ահռելի թվով սարքեր, որոնք մեր ակադեմիկոս տնօրենները ուզում էին օտարել։ Հետո աշխատեցի էկոնոմիկայի նախարարությունում։ Անդրեասի հետ ծանոթացել եմ 2012 թվականին, Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման դեպքերի ժամանակ։ Մենք շատ լուրջ էինք դրան վերաբերում։ Այդ գործողությունների ժամանակ ստեղծվեց առաջին բրիգադը՝ 10 հոգուց։ Մարդիկ էինք, որոնք պետք է պայքարեին մինչև վերջ։   2013 թվականին մենք ավելի մտերմացանք, երբ նա առաջադրեց նախագահի իր թեկնածությունը, հացադուլ կազմակերպեց, հիշում եք, երևի։ Այդ նույն ժամանակ ես վերադարձրեցի Սերժ Սարգսյանի՝ ինձ տված պարգևը։ Հոգեհարազատ արարքներ էին։  Այդ դաշինքում կան մարդիկ, որոնց չեմ ճանաչում, նույնիսկ Միքայել Հայրապետյանին ես չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ եթե Անդրեասը լիներ ոչ թե վարչապետ, այլ գոնե պատգամավոր, նա կզբաղվեր գիտության հարցերով։

- Ինչպե՞ս եք պատկերացնում գիտության վիճակը, այսօրվա իշխանությունների մոտեցումը ձեզ բավարարո՞ւմ է։

- Ամբողջ Հայաստանը գիտության մասնագետ է դարձել։ Ջահել տղերք են, ՏՏ ոլորտի մասնագիտություններ ունեցողներ են։ Թվում է, մտածում են գիտության մասին, բայց վատ է, որ կարծում են, թե միայն ֆինանսներով պետք է դա անեն։ Ասում են՝ 2,7 մլրդ ավելացել է ֆինանսավորումը։ Ուզում եք, 50 մլրդ ավելացրեք, եթե այս վիճակն է մնալու, գիտությունը չի զարգանա։ Երեք օրենքներ կան գիտությանը վերաբերող՝ Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին, Ակադեմիայի մասին, Գիտական փորձաքննության մասին։ Պետք է փոխել դրանք։ Ակադեմիայի գոյությունը իր փլիլիսոփայությամբ արդեն դեմ է զարգացմանը։ Ակադեմիայի նախագահությունը այսօր ունի 150 աշխատակից, աղքատ թղթակից անդամներ, նաև ակադեմիկոսներ, որոնք հասկանալի չէ, թե ինչու են դարձել ակադեմիկոս։ Իրենց կայքերում գրած է իրենց ծննդյան ամսաթիվը ու որ թվին է դարձել ակադեմիկոս, բայց ինչի համար է դարձել, չկա գրված։ Կամ՝ դեպքեր կան, որ, ասենք, մի ընտրությունների ժամանակ թղթակից անդամ է դարձել, հաջորդ ընտրությունների ժամանակ ակադեմիկոս է դարձել։ Խոսքը Սուվարյանի մասին է՝ այն տխրահռչակ 014 տնտեսագիտական հանձնաժողովի նախագահն էր, որն ամենաշատ բռակն էր տալիս, նույնիսկ հարցը դրվել էր այդ խորհրդի լուծարմանը, որը կանվեյերի պես թեկնածու ու դոկտոր էր շնորհում։ Նա Ռադիկ Մարտիրոսյանի գյուղից է, նրա մանկության ընկերն է։ Կան թղթակից -անդամներ, որոնք ոչինչ չեն արել գիտության համար։ Կամ՝ նկատեցի, որ շատերը դպրոցից են խոսում։ Հայաստանի ամենամեծ գիտական դպրոցը Ֆիզիկայի ինստիտուտի դպրոցն էր։ Մեր գիտության դեմքը աշխարհին իրականում Երևանի ֆիզիկայի ինստիտուտն է։ Այ շկոլան դա է՝ որ մերժում է ակադեմիան։ Նույն ֆիզիկոսները մի քանի գլուխ բարձր են, քան այն ամենը, ինչ ակադեմիայում կա։

- Ո՞րն է գիտության հիմնական հարցը, որը պետք է դրվի։

- Կոռուպցիան։ Դրա հիմնական աղբյուրը Ակադեմիան է, որտեղ մարդիկ ցմահ փող են ստանում պետությունից։ Օրինակ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը։ Աշխարհում գիտության համար ընդունված է հաշվարկ, թե մեկ գիտաշխատողի համար որքան գումար է տարեկան ծախսվում։ 2000 թվին ընդունվել է օրենք, որում գրված է, որ գիտությունը ստանում է բյուջեից ոչ պակաս, քան 3 տոկոս։ Բայց նման բան երբեք չի եղել։ Եթե մենք էսօր ունենանք 3000 գիտաշխատող ու ամսական 1000 դոլարի մոտ, որը խելամիտ կենսամակարդակ է, մեզ պետք է տարեկան 72 մլն դոլար։ Երկորդը՝ վերջերս մեր ընկեր, ֆիզիկոս Սասուն Գևորգյանը այս թիվը իջեցրեց հոդվածի մակարդակի՝ ներքեւ։ Մեր աշխարհի համար տեսանելի մեկ հոդվածը արժե մոտավորապես 25 մլն դրամ։ Այսքան է ծախսվում ՀՀ բյուջեից։ Եթե ընդունենք, որ հոդվածը գրում է 5 հոգանոց թիմ, ստացվում  է 12 մլն, աշխատավարձով-բանով, բա մնացածը ո՞ւր է։ Սա կոպիտ հաշվարկ է։ Մնացածը կոռուպցիան է։

- Ի՞նչ տպավորություն ունեք քարոզարշավից, ինձ համար զարմանալի էր, որ մեր գլխին եկած էս ամեն ինչից հետո Փաշինյանի միտինգին այդքան մարդ հավաքվեց։

- Ի՞նչն էր զարմանալի։  Նիկոլ Փաշինյանը ամբողջ Հայաստանը ոտքի հանեց, ամբողջ Հայաստանը մեկ մարդու քարոզ էր անում՝ Փաշինյանի, և մարզերում բացահայտ կիրառում է վարչական ռեսուրս։ Նիկոլ Փաշինյանի մասին հոդված եմ գրել, որ ինքը գիտության համար ավելի վատն է, քան Սերժ Սարգսյանը։

- Ինչո՞ւ։ Երկուսն էլ՝ ոչ Սարգսյանը, ոչ Փաշինյանը բան չեն արել գիտության համար։

- Սերժ Սարգսյանը չիմանալով ոչինչ չի արել, իսկ Փաշինյանը իմանալով, որ կոռուպցիա կա գիտության մեջ, ոչինչ չի փոխել։ Ես 2018 թվականի օգոստոսին 3 կետ եմ գրել գիտության կոմիտեում առկա կոռուպցիայի մասին։ Ո՞ր մեկին են պատասխանել։ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Հարությունյանը այսօր էլ իմ տպավորությամբ, կառավարում են գիտության պետական կոմիտեն։ Նախագահին ֆիկտիվ դրել են, բայց իրենք են զբաղվում գիտության ֆինանսավորման հարցերով։

- Փաշինյանը Բյուրեղավանում խոսեց գիտության նոր համակարգի մասին։

- Նոր հեծանիվ ենք հնարելո՞ւ։ Ո՞վ է հնարելու։ Մխիթար Հայրապետյա՞նը, թե՞ գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Մարդկությունն ամեն ինչ հնարել է։ Կա երկու մոտեցում՝ սովետական ու արևմտյան։ Մենք ինչի՞ն ենք աջակցում։ Գիտնականին, թ՞ե գիտությանը, սա է հարցը։

- Եթե այնպես ստացվի, որ որևէ մեկը չհավաքի 50+1 ձայներ, երկրորդ փուլում ուժերը հնարավո՞ր է համախմբվեն։

- Այո։ Կարող է և համախմբվեն։ Այս ամենի մեջ կա մի հարց, որի շուրջ երկու կարծիք կա՝ Ռուսատսանի դերի։ Դրան դեմ են Անդրեասենք ու Սասնա Ծռերը՝ Ազգային բեւեռը։ Այս երկուսն են, որ չեն ընդունում ռուսին, մնացածը ռուսի ճորտն են։ Ես ռուսին դեմ չեմ, 12 տարի այնտեղ եմ աշխատել, բայց մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Էսօր մենք որևէ հարց կարո՞ղ ենք լուծել։ Ոչ։ Երկու ուժ կա, որ դա տեսնում են, մնացածը դրածոների շարան են։

- Ժողովուրդը կարծում է, որ դեպի Եվրոպա մեր ճամփան երկար է, դեպի Ռուսաստան՝ կարճ։

- Պիտի լինի, բայց մենք ի՞նչ եք արել, որ կարճանա։ Խոպան են գնացել, ընտանիքներով են այնտեղ, ունեցվածք ունեն, դա է։