Կուրսկում 10 հազար հյուսիսկորեացի զինվոր կա. ի՞նչ են պնդում ԱՄՆ-ն և Զելենսկին

Կուրսկում 10 հազար հյուսիսկորեացի զինվոր կա. ի՞նչ են պնդում ԱՄՆ-ն և Զելենսկին

ԱՄՆ-ն Կուրսկի մարզում արձանագրել է շուրջ 10 հազար հյուսիսկորեացի զինվորի ներկայություն։ Նրանք կարող են մարտի մեջ մտնել մոտ օրերս, ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է պետքարտուղարը, մոտ 8 հազար հյուսիսկորեացի զինվորներ ժամանել են Կուրսկի մարզ։ Այժմ մենք գնահատում ենք, որ մոտ 10 հազարը ժամանել է Կուրսկի մարզ և մոտ օրերս կարող է սկսել մարտերին մասնակցել»,- ասել է Միլլերը։

Նա նաև պարզաբանել է, որ չի կարող հաստատել լուրերն այն մասին, որ հյուսիսկորեացի զինվորականներն արդեն մասնակցում են Ուկրաինայի զինված ուժերի դեմ պատերազմին։ 
Բայց եթե Հյուսիսային Կորեայի զինվորները մարտի մեջ մտնեն, նրանք օրինական թիրախներ կլինեն, ընդգծել է Պետդեպի ներկայացուցիչը:

Հատկանշական է, որ Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորների ներկայության մասին ԱՄՆ-ի տվյալները փոքր-ինչ տարբերվում են Ուկրաինայի հնչեցրածներից։ Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վկայակոչելով երկրի հետախուզության տվյալները, նախօրեին հայտարարել է Կուրսկի մարզում ԿԺԴՀ-ի 11 հազար զինվորականների ներկայության մասին: