Տարին լավ չենք սկսել

Երեկ երկու բոթ ստացանք: Մեկը մեկից ողբերգական: ԱԺ դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանն ու մեր գործընկեր Արամ Զաքարյանն են կյանքից հեռացել: Երկուսն էլ երիտասարդ տարիքում: Բառերն անզոր են նկարագրելու հարազատների, ընկերների, նրանց ճանաչողների ցավն ու ափսոսանքը: Առհասարակ տարին վատ է սկսվել` տխուր լուրերով, ցավալի կորուստներով, աղետալի դեպքերի սպասումներով ու սպառնալիքներով լի: Միայն իշխանական զույգն է ուրախ, ժպտադեմ, երջանիկ դեմքով շրջում, ամեն օր տեսանյութեր տարածում` ձևացնելով ու ներշնչելով, թե ամեն ինչ իդեալական է: Նրանք դա անվանում են «եռացող կյանք» և «վախերի հաղթահարում»:
Ոչ երկրի, ոչ հանրության կորուստներն ու տրամադրությունները նրանց չեն անհանգստացնում: Իսկ մարդիկ տագնապած են և հուսահատ, որովհետև ոչ միայն աշխարհն է դարձել ավելի անհանգիստ ու վտանգավոր, այլև նման անմեղսունակ իշխանությունների հետ այդ վտանգները կրկնապատկվել- եռապատկվել են: Նրանք ցավալիորեն չեն գիտակցում իրենց պատասխանատվության չափն ու ադեկվատ չեն մեր շուրջը ծավալվող իրադարձությունների և վտանգների առումով: Վաղը երբ այդ վտանգներն ավելի ռեալ կդառնան, նրանք մեղքը կբարդեն սրա - նրա վրա, կփորձեն արդարացումներ գտնել և հասարակության վրա բարդել կատարվածի ողջ պատասխանատվությունը: Կասեն` դուք մեզ չպաշտպանեցիք, երբ ասում էինք Արևմտյան Հայաստանը Արմավիրն ու Թալինն են, մեզ քննադատում էիք, երբ նման բան էինք հայտարարում, մեղադրում էիք, որ Ալիևի առաջ սողում ենք, դրա համար էլ երկիր կորցրինք: Այ, եթե դուք էլ մեզ նման ուրախ- զվարթ ընդունեիք Ալիևի մեղադրանքները, ընդունեիք, որ մեզանում ֆաշիստներ կան, պայքարեիք նրանց դեմ, հրաժարվեիք Արցախից ու Արցախի մասին հիշողություններից, մեր հարևանները թույլ կտային, որ մի ինքնավար մարզի կարգավիճակում գոյատևենք:
Մի կասկածեք` անգամ կհրապարակեն այն տեսակետներն ու հրապարակումները, որտեղ նորմալ հայ մարդիկ հերքում և ընդվզում էին` բացահայտելով այս իշխանությունների դավաճանական էությունը: Այդ մարդկանց կհռչակեն «թշնամի» ու «մեղավոր», ինչպես մեղավոր ու թշնամի հռչակեցին նախկիններին, Արցախի իշխանություններին, ընդդիմությանը:
Կարծիքներ