Ժամանակի պահանջով

Ժամանակի պահանջով

Որքան արագ ու աննկատ է թռչում ժամանակը, նույնքան հաճախ էլ, օրվա պահանջով փոխվում են ոչ միայն նորաձեւ հագուստները, այլեւ մարդկանց վարվելաձեւերը, նրբաճաշակության դրսեւորումները, որ այնքան կարեւոր, երբեմն անգամ բախտորոշ դեր են խաղում մեր առօրյա կյանքում։

Այս առումով կյանքի հարուստ փորձ ունեցող մարդիկ խելամիտ խորհուրդներ են տալիս։ Հաշվի առնենք դրանցից մեկը. խոստովանեք` դուք ձեզ, անշուշտ, համարում եք կրթված, դաստիարակված մարդ, բայց կարո՞ղ եք, օրինակ, կարմիր գինու գավաթը տարբերել այն գավաթից, որը նախատեսված է սպիտակ գինու համար, կարո՞ղ եք ճիշտ օգտվել պատառաքաղից, երբ սեղանին դրվում է թառափով լի ափսեն։ Իսկ գիտե՞ք, որ դիվանագիտական ընդունելության ժամանակ չի կարելի խավիարը դանակով քսել հացին, այլ պետք է օգտագործել հատուկ դրա համար նախատեսված փոքրիկ գդալը...

Իսկապես, մի՞թե յուրատեսակ նրբակիրթ վարվելաձեւով երբեմն հպարտանալու առիթներ է ունենում լոկ նա, ով գիտե նարինջը կտրատել դանակով։ Արդ, ո՞վ այսօր կարող է իրեն վստահորեն համարել իսկապես նուրբ ճաշակի տեր, համակողմանի դաստիարակված մարդ։ Երեւի քչերը։ Պատահական չէ, որ վերջին շրջանում Եվրոպայում աննախադեպ հետաքրքրություն է դրսեւորվում հասարակության շրջանում իրեն պատշաճ, հիրավի ջենթլմենի պես պահելու, նիստուկացի, հագուկապի նկատմամբ։ Գերմանիայում, օրինակ, շարունակ աճում է վարվելաձեւերի ուսուցման կրթօջախների ցանցը։ Կամ՝ պատահակա՞ն է արդյոք, որ երբեմնի աշխարհահռչակ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը նույնիսկ 2,5 միլիոն դոլար չի զլացել ծախսել, որպեսզի սովորի ըստ արժանվույն, վայելուչ ձեւով ներկայանալ եւ իրեն բարձր պահել էլիտար հասարակությունում։ 

Մյուս կողմից՝ ճիշտ է, դուք, հնարավոր է, հրաշալի կերպով եք տարբերում, ասենք, փողկապի գույները, ճաշասարքերի, խմիչքների հարմարությունները, սակայն, դրա հետ մեկտեղ, այնքան էլ զուսպ չեք, պնդերես եք, գուցեեւ, ի՞նչ կա որ, նույնիսկ ամբարտավան։ Նշանակում է՝ ակամա ինքներդ ձեզ եք մերկացնում իբրեւ անդաստիարակի, հետեւաբար եւ՝ անվստահելիի մեկը։
Դաստիարակված մարդն անկարող է քողարկված, դիմակավորված լինել` դա անհատի այնպիսի բաղկացուցիչ մասն է, ինչպես բնավորությունը, իսկ բնավորության հիմքերը, ինչպես փորձառու հոգեբաններն են հաստատում, 90 տոկոսով դրվում են մանկական հասակում։ Տարիքն առած մարդուն վերադաստիարակել գործնականում անհնար է, նրան կարելի է սովորեցնել լոկ որոշ հնարքներ ու կանոններ՝ հասկանալով, որ առանձին իրավիճակներում դա նույնպես շատ կարեւոր է։

Խորհրդային տարիներին վարվելաձեւի շատ նրբություններ ոտնակոխ էին արվել։ Նրանց, ովքեր փորձում էին հանդես բերել նրբաճաշակություն, հաճախ ծաղրում էին, տարիքի, սեռերի եւ սոցիալական խմբերի միջեւ սահմանազատումները լրիվ աչքաթող էին արվել։ Արդյունքում մի քանի սերունդ աճեց, ովքեր պատկերացում չունեին էթիկայի տարրական կանոնների մասին։ Այն, ինչ մեզ սովորեցնում էին 30-40 տարի առաջ, ինչ խոսք, տարբերվում է այսօրվա վարվելաձեւերի կանոններից։ Դա հատկապես վերաբերում է կանանց։ Նախկինում, դա շատերն են հիշում, նույնիսկ եվրոպական երկրներում կինը բնավ էլ ինքնուրույն դեր չի խաղացել (բացառություն են կազմել Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի թագուհիները)․ ընդունված էր նրան համարել կա՛մ իր հոր դուստր, կա՛մ էլ ամուսնու կին։ Նույնիսկ ռեստորան մուտք գործելիս կինն իրավունք չուներ առաջինը ներս մտնել, դե իսկ պատվերներ տալու, մանավանդ վճարելու մասին, հասկանալի է, խոսք լինել չէր կարող։

Այսօր, սակայն, այդ ամենը սովորական է դարձել, ավելին՝ մեր օրերում կանայք սկսել են մեծ դեր կատարել հասարակական կյանքում, համարձակորեն իրենց թեկնածությունն են առաջադրում՝ ղեկավարելու երկիրը։ Ճիշտ է, աշխատող, լուրջ հարցեր լուծող կանանց համար ամենաբարդ խնդիրը մեկն է` ինչպես իրենց պահել գործընկեր տղամարդկանց հետ ամենօրյա փոխհարաբերություններում։ Կարելի՞ է արդյոք օգտվել սեփական կանացի գրավչությունից։ Անտարակույս՝ համոզված են փորձագետները, սակայն խելամիտ սահմաններում, իսկ առավոտյան, հիմնարկ մտնելիս, կարելի է երբեմն մոռանալ սեռական տարբերության մասին։

Թեթեւ ձեւականությունն աներեւակայելի հեշտացնում է մեր կյանքը։ Համաձայնեք, որ հնարավոր չէ սիրել-հարգել բոլոր մոտիկ մարդկանց, որոնց հետ գործ ես ունենում։ Այդուհանդերձ, հարգանքի կանոններն են օգնում՝ կյանքի բոլոր պարագաներում պահպանել ոսկե միջինը, վայելել ապրելու հաճույքն ու նույնը պարգեւել դիմացինին։

 Միսակ Նազարյան