«Հրապարակ». Ընդդիմության հույսը ժողովրդի ճնշումն է
«Մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի կառավարության հեռացումը։ Խորհրդարանական ընդդիմությունն այդ ծրագրի շրջանակներում օգտվելու է նաեւ Ազգային ժողովում իմպիչմենթ սկսելու գործընթացից»,- նախօրեին Հանրապետության հրապարակի հարթակից հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ ձեւավորել են Ազգային կոմիտե, որն իշխանափոխության ճանապարհային քարտեզն ամբողջությամբ կներկայացնի հանրության դատին, որի իրագործման վերջնարդյունքում պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածը, որով սահմանվում է «Վարչապետին անվստահություն հայտնելու» ընթացակարգը, նախատեսում է․ «Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու»:
Գործող խորհրդարանն ունի 107 պատգամավոր, որի մեկ երրորդը 36-ն է, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները միասին 35 պատգամավոր ունեն՝ գումարած Իշխան Զաքարյանը, ում իշխանությունները պոկել են ընդդիմությունից եւ դարձրել «անկախ»։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ՝ անգամ անվստահության նախագիծն օրակարգ մտցնելու համար։ Եթե նույնիսկ հաջողվի Իշխան Զաքարյանին դարձի բերել, ինչը քիչ հավանական է, ապա վարչապետին անվստահություն հայտնելու որոշումն ԱԺ-ում ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ, այսինքն՝ 107 պատգամավորից առնվազն 54 պատգամավոր պիտի կողմ քվեարկի այն նախագծին, որով միաժամանակ առաջադրվում է ինչպես գործող վարչապետի հրաժարականի պահանջը, այնպես էլ նոր վարչապետի թեկնածու:
Այսինքն՝ 54 պատգամավորից առնվազն 19-ը պետք է լինեն ՔՊ-ից: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Ի՞նչ հաշվարկով է ընդդիմությունը հայտարարում իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին, պարզվում է՝ հույսները ժողովուրդն է, հանրային ճնշումը: Երբ լինի մեծ ճնշում, ՔՊ-ականներն այլեւս չեն կարողանա դիմադրել՝ մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ «Ես վստահ եմ՝ եթե ժողովրդական բավարար ճնշում լինի, ոչ միայն 1/3-ը, այլեւ բավարար չափով ձայներ կլինեն այսօրվա վարչապետի իմպիչմենթի համար, ի վերջո, ժողովուրդն է որոշում՝ ով է իր իշխանությունը, եւ ես ուղղակի վստահ եմ՝ այս գործընթացները, որ հիմա կան, անխտիր հանգեցնելու են իրավական ճանապարհով իշխանության փոփոխության։ Ուզեն թե չուզեն, պետք է տեղի տան»։
Այսինքն՝ ձեր հույսն այն է, որ հազարավոր մարդիկ դուրս գան փողոց, որ կյանքի կոչեք այդ գործընթացը։ «Հազարավոր մարդիկ արդեն փողոցում են․․․ Գործընթացը պետք է զուգահեռ լինի, երբեք չի կարող լինել, որ առանց ժողովրդի մասնակցության իշխանություն ձեւավորվի կամ փոխվի, ժողովրդի կամքն անկասելի է, ժողովրդական լայն ճնշումներն այլընտրանք չունեն, հանգեցնելու են այդ խնդրին»։ Իսկ որքա՞ն մարդ պետք է փողոց դուրս գա, որ հնարավոր լինի իմպիչմենթի գործընթաց սկսել։ «Ես չեմ կարող նման հաշվարկներ անել, բայց տեսնում եմ, որ այս գործընթացը բերելու է դրան։ Այն ինտենսիվությունը, շարժման բովանդակությունը, որը կա, հաստատ բերելու է դրան, դանակը հասել է ոսկորին։ Այն էներգետիկան, որ կա` ավտոմեքենաների վարորդներն իրենց ազդանշաններով, ուսանողությունը, երիտասարդությունը, ոչ միայն ողջունում, համաձայնություն են հայտնում պայքարին, այլեւ գալիս-միանում են»։
Հիշեցրինք, որ երեք տարի շարունակ բազմահազարանոց ցույցեր են եղել, բայց ՔՊ-ն չի ճնշվում։ «Գիտեք՝ երեք տարվա պայքարի ցանկացած օրն իր ազդեցությունը տվել է, եւ, այո, վստահ եղեք, որ դանակը հասել է ոսկորին։ Եթե երեք տարի առաջ ավելի քիչ թվով մարդկանց համար էր պարզ, որ հայրենիք է հանձնվում, այսօր ծանրակշիռ մեծամասնությունը տեսնում է, եւ ինքնաբուխությունը՝ հավաքներին մասնակցելու, իրապես աննախադեպ է»: Իսկ ո՞վ է վարչապետի ընդդիմության թեկնածուն, կհայտարարվի՞ նրա անունը, ի վերջո, մարդկանց ստվար զանգված` առաջնորդի բացակայության պատճառով, փողոց դուրս չի գալիս։ «Եկեք չշտապենք, կարծում եմ՝ այսօրվա հանրահավաքում Ձեր հարցադրումների պատասխանները կլինեն»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից փորձում էինք իմանալ, թե որքանով է հնարավոր, որ Իշխան Զաքարյանը միանա, եւ ով է իրենց վարչապետի թեկնածուն, սակայն նա ասաց, որ ցանկություն չունի հարցազրույց տալու։
Կարծիքներ